Ռուսաստանը վավերացրեց ՀՀ-ՌԴ միավորված ՀՕՊ համակարգի ստեղծման համաձայնագիրը

Դեկտեմբերի 14-ին ՌԴ Պետդուման վավերացրել է «ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության  կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ Պետդումայի պաշտոնական կայքը:

Համաձայնագրի 6-րդ հոդվածով սահմանվում է, որ.

  • Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի և հակաօդային պաշտպանության այլ տարածաշրջանային համակարգերի կազմի մեջ մտնող զորքերի համատեղ գործողությունների համակարգումը իրականացնում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարը:
  • Ընդհանուր ղեկավարումը կովկասյան տարածաշրջանում իրականացնում է ՌԴ Հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատարը:
  • Հավաքական անվտանգության առանձին շրջանի (ՀՀ սամաններում) հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի համատեղ գործողությունների կառավարումն իրականացնում է Հայաստանի Զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետը:

Համաձայնագիրը կնքվում է 5 տարի ժամկետով: Այն ավտոմատ կերպով կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը համաձայնագրի գործողության ավարտի ժամկետից առնվազն 6 ամիս առաջ գրավոր ձևով մյուս կողմին չտեղեկացնի համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին, համաձայնագիրը վավերացրել էր ՀՀ Ազգային ժողովը: Նշվում է, որ Տարածաշրջանային ՀՕՊ համակարգերի ստեղծման նպատակը պահպանության տեղամասում համատեղ հակաօդային պաշտպանություն ապահովելն է:

Նույն ժամանակահատվածում՝ հունիսի 28-ին, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը հայտնել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև միավորված հակաօդային պաշտպանության համակարգի ձևավորումը Հայաստանին չի զրկում հակաօդային պաշտպանության սեփական միջոցները կառավարելու ինքնուրույնությունից:

Արա Նազարյանը պարզաբանել էր նաև, որ միավորված ՀՕՊ համակարգի գործունեությունը Արցախին չի վերաբերում, և որ Արցախի մասով Հայաստանն ունի հակաօդային պաշտպանության իր միջոցները:

Սեպտեմբերին  ՌԴ կառավարությունը հավանության արժանացրեց համաձայնագիրը և հանձնեց նախագահ Պուտինին: Հոկտեմբերի 7-ին էլ Պուտինը համաձայնագիրը հանձնել էր Պետդումայի վավերացմանը:

Հայաստանից բացի Ռուսաստանը նման միավորված ՀՕՊ համակարգեր ստեղծել է նաև Բելառուսի և Ղազախստանի և համաձայնագրի շրջանակներում այդ երկրներին անվճար փոխանցել է Ս-300 զենիթահրթիռային համակարգեր: Սակայն Հայաստանի դեպքում համաձայնագիրը նման կետ չի նախատեսում:

Կովկասում, Բելառուսում և Կենտրոնական Ասիայում տարածաշրջանային ՀՕՊ համակարգեր ստեղծելուց հետո նախատեսվում է դրանց միջև կատարել ինֆորմացիա փոխանակում և մարտական հերթապահություն կազմակերպել ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգում, որը գործում է դեռևս 1995 թվականից, և հենց այս համակարգի կազմում է Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ավիացիոն խումբը (Երևանի «Էրեբունի» օդանավակայան):

One response to “Ռուսաստանը վավերացրեց ՀՀ-ՌԴ միավորված ՀՕՊ համակարգի ստեղծման համաձայնագիրը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 11 – 17 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *