[Լրացված] ՌԴ դաշնային խորհուրդը վավերացրել է ՀՀ-ՌԴ միացյալ ՀՕՊ համակարգի մասին համաձայնագիրը

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Ռուսաստանի դաշնային խորհուրդը (ՌԴ խորհրդարանի վերին պալատը) վավերացրել է հայ-ռուսական միացյալ տարածաշրջանային ՀՕՊ համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Լրացում․ Դեկտեմբերի 29-ին Ռուսաստանի նախագահը ստորագրել է համաձայնագրի վավերացման մասին օրենք։

Հայկական զինուժի «ՕՍԱ» ԶՀՀ-ն հրթիռի արձակման պահին

Հայկական զինուժի «ՕՍԱ» ԶՀՀ-ն հրթիռի արձակման պահին

Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարները համաձայնագիրը Մոսկվայում ստորագրել են 2015թ. դեկտեմբերի 23-ին: Այնուհետ՝ 2016թ. հունիսի 30-ին, համաձայնագիրը վավերացրել է ՀՀ Ազգային ժողովը: Ռուսաստանի պետական դուման համաձայնագիրը վավերացրել է նախորդ շաբաթ՝ դեկտեմբերի 14-ին:

Հայաստանի և Ռուսաստանի միացյալ տարածաշրջանային ՀՕՊ համակարգի ստեղծման նպատակը պահպանության տեղամասում՝ Կովկասում, համատեղ հակաօդային պաշտպանություն ապահովելն է:

Համաձայնագրի 6-րդ հոդվածով սահմանվում է, որ.

  • Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի և հակաօդային պաշտպանության այլ տարածաշրջանային համակարգերի կազմի մեջ մտնող զորքերի համատեղ գործողությունների համակարգումը իրականացնում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարը:
  • Ընդհանուր ղեկավարումը կովկասյան տարածաշրջանում իրականացնում է ՌԴ Հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատարը:
  • Հավաքական անվտանգության առանձին շրջանի (ՀՀ սամաններում) հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի համատեղ գործողությունների կառավարումն իրականացնում է Հայաստանի Զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետը:
  • Համաձայնագիրը կնքվում է 5 տարի ժամկետով: Այն ավտոմատ կերպով կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը համաձայնագրի գործողության ավարտի ժամկետից առնվազն 6 ամիս առաջ գրավոր ձևով մյուս կողմին չտեղեկացնի համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Հունիսի 28-ին՝ համաձայնագիրը ՀՀ ԱԺ վավերացմանը ներկայացնելիս, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը հայտնել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև միավորված հակաօդային պաշտպանության համակարգի ձևավորումը Հայաստանին չի զրկում հակաօդային պաշտպանության սեփական միջոցները կառավարելու ինքնուրույնությունից:

Արա Նազարյանը պարզաբանել էր նաև, որ միավորված ՀՕՊ համակարգի գործունեությունը Արցախին չի վերաբերում, և որ Արցախի մասով Հայաստանն ունի հակաօդային պաշտպանության իր միջոցները:

Մինչ այդ՝ հունիսի 9-ին, համաձայնագրի և ստեղծվող համակարգի մասին առանձին պարզաբանում էր ներկայացրել նաև ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Պարզաբանման մեջ մասնավորապես նշված էր.

«Համաձայնագիրը հնարավորություն է տալիս օգտագործել ՌԴ ԶՈՒ օդատիեզերական զորքերի հնարավորությունները` ընդհուպ մինչև միջուկային զենքի կիրառում: ՌԴ ԶՈՒ օդատիեզերական ուժերն ունեն արբանյակային համակարգ, որը ՀՀ տարածքում կարող է օգտագործվել ի շահ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի: Ռուսական կողմն ունի նաև հսկման համակարգեր, որոնք նույնպես կարող են կիրառվել ի շահ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի»:

Նշենք նաև, որ Հայաստանից բացի Ռուսաստանը նման համակարգեր է ստեղծել նաև Բելառուսի և Ղազախստանի հետ: Եվ մասնավորապես հենց այդ համակարգերի ստեղծման շրջանակներում է, որ Ռուսաստանը Բելառուսին և Ղազախստանին անվճար փոխանցել է Ս-300 զենիթահրթիռային համակարգեր:

Սակայն հայաստանյան «Պանարմենիան» լրատվակայքի հարցմանն ի պատասխան ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը տեղեկացրել է, որ համաձայնագրով չի նախատեսվում Հայաստանի Հանրապետությանը Ս-300 զենիթային հրթիռային համալիրների անվճար տրամադրում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *