ՀՀ կառավարության՝ կիբեռանվտանգության ոլորտին առնչվող ծրագրով նախատեսվում է առաջիկայում մշակել և հաստատել ոլորտի ռազմավարությունը, ստեղծել կիբեռանվտանգության կենտրոն: Այս մասին դեկտեմբերի 23-ին հայտնել է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը:
Կիբեռանվտանգության հարցերը քննարկվել են ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի շրջանակում կիբեռանվտանգության ոլորտում ստեղծված աշխատանքային խմբի վերջին նիստի ժամանակ:
Կիբեռանվտանգության ոլորտում ստեղծված աշխատանքային խմբի վերջին 2 տարվա ընթացքում կատարած աշխատանքների արդյունքները ամփոփելիս հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշել է, որ խմբի առաջարկների հիման վրա մշակվել է «Ռազմավարական մոտեցումներ կիբեռանվտանգության ոլորտում» փաստաթղթի նախագիծը, որում ներկայացված են հայեցակարգային մոտեցումներ:
Այդ մոտեցումները վերաբերում են հետևյալ խնդիրներին.
- կիբեռանվտանգության ոլորտի հիմնական հասկացությունների, պետության պատասխանատվության շրջանակի, խնդիրների և իրավասությունների, կարևոր ենթակառուցվածքների դասակարգում,
- այդ ենթակառուցվածքներին ուղղված ռիսկերի գնահատման և ենթակառուցվածքների անվտանգության ապահովման նորմերի, պետական մարմիններում տեղեկատվական անվտանգության չափանիշների կիրառում,
- համակարգչային պատահարների արձագանքման թիմերի ստեղծում,
- կիբեռանվտանգության ոլորտում անհրաժեշտ գործողություններ:
Փաստաթղթի նախագծի վերջնական տարբերակը կուղարկվի ՀՀ վարչապետին և կառավարության համապատասխան ստորաբաժանումներին: