Սաուդյան Արաբիայի պատվիրակություններն ու մասնագետները Ռուսաստանի հետ քննարկում, բանակցում են Ռուսաստանից սպառազինություն, այդ թվում՝ «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրներ (ՕՄՀՀ) գնելու վերաբերյալ: Քննարկվող սպառազինության ցուցակը բավական մեծ է: Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը Մոսկվայում Ռուսաստանի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ օգոստոսի 11-ին: Պաշտոնյայի խոսքերը մեջբերում է ռուսաստանյան «Ինտերֆակս» գործակալությունը:
Սաուդյան արտգործնախարարը նշել է, որ արաբական պատվիրակությունները վերջին երկու ամիսների ընթացքում հաճախակի այցելել են Ռուսաստան և քննարկել ապագա պայմանագրով նախատեսված սպառազինության ցուցակը, և վստահություն է հայտնել, որ առաջիկայում կողմերը կստորագրեն սպառազինության մատակարարման պայմանագիրը:
Նշենք, որ եթե Ռուսաստանն այնուամենյանիվ Սաուդյան Արաբիային վաճառի «Իսկանդեր» համալիրներ, ապա դա այս զինատեսակի արտահանման առաջին հայտնի պայմանագիրը կլինի:
Ավելացնենք, որ «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, ինչպես նաև ամրաշինական կառույցների ու տնտեսական ենթակառուցվածքի ոչնչացման համար։ Նախագծված է համալիրի երեք մոդիֆիկացիա. «Իսկանդեր-Մ», «Իսկանդեր-Կ» և «Իսկանդեր-Է»։ Վերջինս նախատեսված է արտահանման համար, այդ իսկ պատճառով դրա մարտավարատեխնիկական տվյալները սահմանափակված են։ «Իսկանդեր-Է»-ն օժտված է 280 կմ հեռահարությամբ, ինչը չի գերազանցում հրթիռային տեխնոլոգիաների վերահսկման ռեժիմով սահմանված 300 կմ սահմանաչափը։
Համեմատության համար նշենք, որ համալիրի՝ ՌԴ զինված ուժերում շահագործվող «Մ» մոդիֆիկացիայի արձակման կայանն օժտված է միաժամանակ երկու հրթիռով և ունի 500 կմ հեռահարություն։