Ռուսաստանը տարածաշրջանային ՀՕՊ համակարգեր է ստեղծում ՀԱՊԿ իր գործընկերների հետ, այդ թվում՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, ինչպես նաև Հայաստանի հետ:
Հայաստանի հետ կովկասյան տարածաշրջանը ծածկող ՀՕՊ համակարգի ստեղծման համար երկու երկրներն արդեն համաձայնեցրել են համապատասխան պայմանագիրը, որի ստորագրումը նախատեսվում է այս տարի, ինչպես նշել է ՌԴ ԶՈւ օդատիեզերական ուժերի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոն, փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Տարածաշրջանային ՀՕՊ համակարգերի ստեղծման նպատակը պահպանության տեղամասում համատեղ հակաօդային պաշտպանություն ապահովելն է: Ներկայում, բացի Հայաստանից, Ռուսաստանը տարածաշրջանային ՀՕՊ համակարգերի վերաբերյալ բանակցություններ է վարում նաև Տաջիկստանի և Ղրղզստանի հետ: Ղազախստանի հետ նման համակարգի ստեղծման պայմանավորվածություն արդեն կա, ներկայում նախապատրաստվում է դրա օրենսդրական բազան: Իսկ Բելառուսի հետ տարածաշրջանային ՀՕՊ համակարգն արդեն կազմավորված է, 2016 թվականից նախատեսվում է այն նշանակել մարտական հերթապահության:
Կովկասում, Բելառուսում և Կենտրոնական Ասիայում տարածաշրջանային ՀՕՊ համակարգեր ստեղծելուց հետո նախատեսվում է դրանց միջև կատարել ինֆորմացիայի փոխանակում, և մարտական հերթապահություն կազմակերպել ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգում, որը գործում է դեռևս 1995 թվականից: Հենց այս համակարգի կազմում էլ Հայաստանում տեղակայված է ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ավիացիոն խումբը (Երևանի «Էրեբունի» օդանավակայան):
Մասնավորապես նաև տարածաշրջանային ՀՕՊ համակարգերի ստեղծման շրջանակներում է, որ Ռուսաստանը Բելառուսին և Ղազախստանին անվճար փոխանցել է Ս-300 զենիթահրթիռային համակարգեր:
Pingback: Armenia-Russia, Air defense systems deal with Armenia may be proposed to Putin | Gagrule.net
Pingback: ՌԴ կառավարությունը նախագահին կառաջարկի Հայաստանի հետ տարածաշրջանային ՀՕՊ համակարգ ստեղծել | Ռազմ.info