ՀՀ ԱԺ վավերացմանն է ուղարկվել ՀՀ-ՌԴ միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծման համաձայնագիրը

Հունիսի 3-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է 2015թ. դեկտեմբերին ստորագրված «ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը, որը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ կայքը:

Հայկական զինուժի «ՕՍԱ» ԶՀՀ-ն հրթիռի արձակման պահին

Հայկական զինուժի «ՕՍԱ» ԶՀՀ-ն հրթիռի արձակման պահին

Հիմնական զեկուցողը նշել է, որ փաստաթղթի նպատակն է տարածաշրջանում հակաօդային պաշտպանության կատարելագործման համար Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ստեղծել հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ:

Արա Նազարյանը տեղեկացրել է, որ համաձայնագիրը կնքվել է 5 տարով, սակայն եթե ժամկետի ավարտից մինչև 6 ամիս առաջ կողմերից մեկը մյուսին չի տեղեկացնում համաձայնագրից դուրս գալու մտադրության մասին, ապա դրա գործողության ժամկետը երկարացվում է ևս 5 տարի ժամկետով:

Համաձայնագիրը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի խորհրդարանի վավերացմանը:

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերին, պարզաբանելով համաձայնագրի ստորագրման նպատակները, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հայաստանյան «Մեդիամաքս» լրատվական գործակալությանը ասել է.

«Փաստաթուղթը իրավական հիմք է դնում հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ համակարգի ստեղծման համար՝ Հայաստանի և Ռուսաստանի պետական սահմանների շրջանակում: Դա թույլ կտա ՀՀ օդային տարածքի և պետության տարածքում գտնվող օբյեկտների պաշտպանության ընթացքում կիրառել ոչ միայն Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ՀՕՊ ուժերը և ավիացիան, այլ նաև ՌԴ Հարավային ռազմական շրջանի ուժերը: Դա ՀՀ և ՌԴ անվտանգության ապահովման հավելյալ երաշխիքներ կտրամադրի»:

Տոնոյանի խոսքով՝ սա երկկողմ համաձայնագիր է, սակայն երկրներից մեկի օդային տարածքի խախտման դեպքում այն կարող է գործել նաև ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակում:

Ավելի ուշ՝ 2015-ի դեկտեմբերի 23-ին, Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարները Մոսկվայում ստորագրել են երկու երկրների միացյալ տարածաշրջանային ՀՕՊ համակարգի ստեղծման համաձայնությունը:

Ս-300ՊՍ ՀՕՊ համակարգ. ՀՀ զինված ուժեր

Ս-300ՊՍ ՀՕՊ համակարգ. ՀՀ զինված ուժեր

Բացի Հայաստանից, Ռուսաստանը տարածաշրջանային ՀՕՊ համակարգերի վերաբերյալ բանակցություններ է վարում նաև ՀԱՊԿ մյուս անդամ պետությունների՝ Տաջիկստանի և Ղրղզստանի հետ: Ղազախստանի հետ նման համակարգի ստեղծման պայմանավորվածություն արդեն կա: Իսկ Բելառուսի հետ տարածաշրջանային ՀՕՊ համակարգն արդեն կազմավորված է, 2016 թվականից նախատեսվում է այն նշանակել մարտական հերթապահության:

Մասնավորապես նաև տարածաշրջանային ՀՕՊ համակարգերի ստեղծման շրջանակներում է, որ Ռուսաստանը Բելառուսին և Ղազախստանին անվճար փոխանցել է Ս-300 զենիթահրթիռային համակարգեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *