[Լրացված] Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի հուլիսին. Ռազմինֆո

Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2015-ի հուլիսին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրվել է մահվան 7 և վիրավորման 8 դեպք։ Մահացածներից 6-ը զինված ուժերի զինծառայողներ էին, 1-ը՝ սահմանապահ պետական ծառայության:

Ըստ մահվան պատճառների, միջադեպերից 2-ը դժբախտ պատահարի հետևանք են, 1-ը հիվանդության, 1-ը սպանության, 1-ը դժբախտ պատահարի, 1-ը եղել է մարտական կորուստ, իսկ վերջինի մահվան ստույգ պատճառը դեռ հայտնի չէ:

Ադրբեջանցի սպանված զինծառայողների լուսանկարներ

Ադրբեջանցի սպանված զինծառայողների լուսանկարներ

Հարկ է նշել նաև, որ արձանագրված 6 կորուստներից Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է միայն 2-ի մասին։

Մահացածներ

Հուլիսի 8-ին հայտնի դարձավ, որ նախորդող օրերին Շամխորի շրջանի Սեյֆելի գյուղում տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող Էմին Մեհդիևը (Emin Mehdiyev) խեղդվել է ջրանցքում։ Հայտնի է նաև, որ մահացած զինծառայողը զորակոչված էր Գանձակից։ Դեպքի մասին ադրբեջանական պաշտոնական լրահոսն այդպես էլ ոչինչ չհայտնեց։

Հուլիսի 15-ին Նախիջևանի առանձին համազորային բանակում  մահացել է երկրի զինված ուժերի ժամկետային զինծառայող Իմանով Իմանը (İmanov İman)։ Ադրբեջանական Musavat.com կայքը հայտնում էր, թե մահվան պատճառը եղել է արևային հարվածը։ Սակայն ավել ուշ՝ հուլիսի 18-ին, Ադրբեջանի ՊՆ-ն արձագանքեց միջադեպին՝ նշելով, թե զինծառայողը մահացել է ոչ թե արևահարումից, այլ գլխուղեղի քաղցկեղից։

Հուլիսի 25-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնեց, որ նախորդող գիշերը հայկական կողմի հետ  ինտենսիվ փոխհրաձգություն է ընթացել ինչպես շփման գծի, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանի մի շարք հատվածներում, ինչի հետևանքով սպանվել է Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող Ֆաթալիև Էլդար Սախավեթ օղլուն (Fətəliyev Eldar Səxavət oğlu)։ Ադրբեջանական «Յենի Մուսավաթ» թերթի կայքը միջադեպի վերաբերյալ հրապարակել էր հավելյալ տեղեկություններ՝ նշելով, որ Ֆաթալիևը դիպուկահար էր։

Հուլիսի 28-ին Հայտնի դարձավ, որ զինված ուժերի՝ Աղստաֆայում տեղակայված զորամասերից մեկում, պայմանագրային զինծառայող Հաջիև Էլդարը գնդակահարելով սպանել է իր ծառայակից՝ լեյտենանտ Ռզաև Ջեյհունին (Rzayev Ceyhun)։ Տեղեկությունը սպանության մասին տեղ չգտավ ադրբեջանական պաշտոնական լրահոսում։

Հուլիսի 29-ին Ադրբեջանի զինված ուժերի՝ Շահբուզում տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, Փարաև Նամիգ Իմրան օղլուն (Pərəyev Namiq İmran oğlu) մահացել է՝ նախնական վարկածով արևահարումից։ Տեղեկության մասին Ադրբեջանի ՊՆ-ն ոչինչ չի հայտնել մինչ օրս։

Օգոստոսի 4-ին հայտնի դարձավ, որ հուլիսի 31-ին իր ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայության ժամկետային զինծառայող Նուրիև Թուրալ Նիզամի օղլուն (Nuriyev Tural Nizami oğlu)։ Այլ մանրամասներ՝ ներառյալ զինծառայողի մահվան ստույգ հանգամանքները, դեռևս հայտնի չեն։

Լրացում. Օգոստոսի 5-ին հայտնի դարձավ, որ դեռևս հուլիսի 30-ին Մինգեչաուր քաղաքի «Ղարաբաղ» ջրատարում խեղդված, 1989-ին ծնված Հասանով Էլվին Էլչին օղլուն (Həsənov Elvin Elçin oğlu) պայմանագրային զինծառայող էր։

Վիրավորներ

Հուլիսի 25-ին, այն բանից հետո, երբ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնեց գիշերային մարտերում սպանված իր զինծառայող Ֆաթալիևի մասին, ադրբեջանական «Յենի Մուսավաթ» թերթի կայքը հրապարակեց հավելյալ տեղեկություններ՝ նշելով, որ հայկական զինուժի ստորաբաժանումները ձեռնարկել են հատուկ գործողություն, ինչի արդյունքում Գեդաբեկի շրջանի Իվանովկա գյուղից շուրջ 12 կմ հեռավորության վրա շրջափակման մեջ է ընկել ադրբեջանցի շուրջ 40 զինծառայող։ Նրանց հաջողվել է դուրս գալ շրջափակումից, սակայն 1 սպանվածի (նկատի ունենալով դիպուկահար Ֆաթալիև Էլդարին-Ռազմինֆո) և 8 վիրավորի գնով։

Նշենք, որ սույն տեղեկությունը և դրանում նշված թվային տվյալները բավական կասկածելի են թվում, ուստի Ռազմինֆոն զերծ կմնա 8 վիրավորի վերաբերյալ որևէ մեկնաբանությունից՝ սահմանափակվելով միայն ադրբեջանական աղբյուրի տեղեկության հաղորդմամբ։

Հայկական զինուժի կորուստները՝ այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *