Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է գիշերային մարտերում սպանված իր զինծառայողի մասին

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հուլիսի 25-ին հայտնել է, որ նախորդող գիշերը հայկական կողմի հետ  ինտենսիվ փոխհրաձգություն է ընթացել ինչպես շփման գծի, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանի մի շարք հատվածներում, ինչի հետևանքով սպանվել է Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող Ֆաթալիև Էլդար Սախավեթ օղլուն (Fətəliyev Eldar Səxavət oğlu)։

Հայկական զինուժի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողներ

Հայկական զինուժի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողներ

Նշվում է, որ զինծառայողը սպանվել է Գետաբեկի հատվածում (սահմանակից է ՀՀ Տավուշի և Գեղարքունիքի մարզերին, մտնում է Ադրբեջանի ԶՈւ բանակային երրորդ կորպուսի պատասխանատվության գոտու մեջ-Ռազմինֆո

Հաղորդագրությունում նշվում է նաև, թե զինծառայողը սպանվել է «հայկական կողմի դիվերսիոն հարձակումը հետ մղելիս»։ Նկատենք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ ադրբեջանական կողմը բավական հազվադեպ է հայտնում կրած կորուստների մասին, ինչից կարելի է ենթադրել, որ, իրականում, գիշերվա «մարտերից» հետո գրանցված կորուստներն ավելի շատ են, ինչն էլ ստիպել է հայտնել գոնե մեկ սպանվածի մասին։

Նշենք, որ ադրբեջանական «Յենի Մուսավաթ» թերթի կայքը միջադեպի վերաբեյրյալ հրապարակել է հավելյալ տեղեկություններ՝ հղվելով սեփական աղբյուրներին։ Մասնավորապես նշվում է, որ հայկական զինուժի ստորաբաժանումները երեկ ձեռնարկել են գործողություն, ինչի արդյունքում Գեդաբեկի շրջանի Իվանովկա գյուղից շուրջ 12 կմ հեռավորության վրա շրջափակման մեջ է ընկել ադրբեջանցի շուրջ 40 զինծառայող։ Նրանց հաջողվել է դուրս գալ շրջափակումից, սակայն 1 սպանվածի և 8 վիրավորի գնով։ Նույն աղբյուրը նշում է նաև, որ սպանված պայմանագրային Ֆաթալիև Էլդարը դիպուկահար էր։

Տեղին է հիշեցնել, որ երեկ՝ հուլիսի 24-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, լրագրողների խնդրանքով Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները մեկնաբանելիս նշել էր. «Հորդորում եմ հակառակորդին զերծ մնալ տարբեր տիպի անկապ խոսակցություններից։ Ասում են` էս կանենք, էն կանենք, քարը քարի վրա չենք թողնի։ Քարը քարի վրա չթողնողը երևի թե Արցախյան ազատամարտի ժամանակ ամեն ինչ կթողներ և կգար ու կպաշտպաներ իր հայրենիքը»։

Այս հայտարարությունը բավական ծանր էին ընդունել Ադրբեջանի ՊՆ-ում, որտեղից կարճ ժամանակ անց տարածվեց պատասխան հաղորդագրություն, որում նշվում էր, թե «Սեյրան Օհանյանը, հավանաբար, մոռացել է որոշ բաներ, և Ադրբեջանի բանակն առաջիկայում կհիշեցնի իր ուժի մասին»։

Փաստացի, սակայն, այս հայտարարությանը հետևել է լարված իրավիճակը շփման գծում և  հայ-ադրբեջանական սահմանին, ինչի հետևանքով հակառակորդն ունի առնվազն 1 կորուստ։

Հավելենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով այս միջադեպին իր ֆեյսբուքյան էջում, գրել է. «Հայկական զինուժի ստորաբաժանումները պատասխան կրակ են բացել ըստ անհրաժեշտության և հակառակորդին պատճառել կորուստներ ու վնասներ: Հայկական կողմը կորուստներ չունի»։

2 responses to “Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է գիշերային մարտերում սպանված իր զինծառայողի մասին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. 19-25 հուլիսի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի հուլիսին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *