Եմենում կհաստատվի մեկշաբաթյա հրադադար

Այսօր՝ հուլիսի 10-ին, Եմենում ՄԱԿ-ի միջնորդությամբ հաստատվելու է հրադադար, որը նախատեսվում է շարունակել մինչև հուլիսի 17-ը՝ մուսուլմանների շրջանում նշվող Ռամադան տոնի ավարտը: Այս մասին տեղեկացնում է բրիտանական Guadian լրատվակայքը:

Եմենի մայրաքաղաք Սանան՝ Սաուդյան Արաբիայի հասցրած ավիահարվածներից հետո

Եմենի մայրաքաղաք Սանան՝ Սաուդյան Արաբիայի հասցրած ավիահարվածներից հետո

Հրադադարը հաստատելու համաձայնության համար ՄԱԿ քարտուղար Բան Կի-Մունը նախապես պայմանավորվածություններ է ձեռք բերել ինչպես ապստամբ հութիներից, այնպես էլ հակամարտության մյուս կողմերից:

Հրադադարը սկսվելու է Եմենի ժամանակով գիշերվա 23:59-ին (Երևանի ժամանակով՝ հուլիսի 11-ին՝ ժամը 00:59): ՄԱԿ-ի միջնորդությունը պայմանավորված է նրանով, որ դեռևս մեկ շաբաթ առաջ միջազգային կազմակերպությունը Եմենում հայտարարել էր ամենաբարձր՝ 3-րդ աստիճանի հումանիտար արտակարգ իրավիճակ:

Խնդիրն այն է, որ ՄԱԿ-ի տվյալներով՝ Եմենի տարածքների մոտ 50 տոկոսի բնակչությունը չի կարողանում սնունդ հայթայթել: ՄԱԿ տվյալներով՝ երկրի 25 միլիոն բանկչությունից 21 միլիոնն այս կամ այն օգնության կարիք ունի, 13 միլիոն բնակչություն ունի սննդի կարիք, 9 միլիոնից ավելի դժվարանում է ջուր հայթայթել:

Հուլիսի 7-ի տվյալներով՝ հակամարտության ընթացքում մահացած շուրջ 3000 հոգուց 1528 հոգին եղել են հակամարտությանը չմասնակցող քաղաքացիական անձինք: Հակամարտության ընթացքում տեղահանվել է ևս մոտ մեկ միլիոն բնակչություն: ՄԱԿ-ի այս տվյալները մեջբերում է բրիտանական BBC լրատվակայքը:

Պետք է նշել, սակայն, որ Եմենում հրադադար հաստատելու ևս մեկ փորձ եղել է 2015թ. մայիսի 12-ին: Սակայն նույն օրը Սաուդյան Արաբիան խախտել է հրադադարը և ավիահարվածներ հասցրել երկրի մայրաքաղաքին, իսկ հրադադարի ժամկետի ավարտից հետո բախումները սկսվել են նոր թափով:

Հիշեցնենք, որ Եմենի ներքին հակամարտության նոր փուլը սկսվել է 2015թ. փետրվար-մարտ ամիսներին, երբ տեղացի հութիական ցեղերը իշխանությունից հեռացրել են երկրի նախագահին, գրավել երկրի մայրաքաղաքը: Հետագայում կռիվները շարունակվել են կառավարական ուժերի և ապստամբական հութիների միջև, ինչին միացել են նաև Ալ Քաիդայի և «Իսլամական պետության» ուժերը՝ որպես հակամարտության երրորդ և չորրորդ անկախ կողմեր:

Մարտի 26-ին Սաուդյան Արաբիան Արաբական թերակղզու մի շարք արաբական պետությունների հետ սկսել է ավիահարվածներ հասցնել հութիներին՝ պատճառաբանելով, որ ցանկանում է վերականգնել Եմենի օրինական կառավարիչների իշխանությունն ու դրանով ապահովել իր հարավային սահմանների անվտանգությունը: Ու թեև մարտի 21-ին հայտարարվել է, թե «Վճռական փոթորիկ» օպերացիան ավարտված է, ավիահարվածները շարունակվում են մինչ օրս, իսկ որոշ դեպքերում կռիվները մղվում են հենց Սաուդյան Արաբիայի տարածքում:

2 responses to “Եմենում կհաստատվի մեկշաբաթյա հրադադար

  1. Pingback: Հրադադարի 2 օրվա ընթացքում Եմենում սպանվել է ավելի քան 60 մարդ | Ռազմ.info

  2. Pingback: ՄԱԿ մարդասիրական օգնությամբ առաջին նավը հասել է Եմեն | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *