Հրադադարի 2 օրվա ընթացքում Եմենում սպանվել է ավելի քան 60 մարդ

Եմենում նախատեսված մեկշաբաթյա հրադադարի առաջին երկու օրերին շարունակված մարտերի ընթացքում արդեն սպանվել է ավելի քան 60 մարդ, որոնց մի մասը եղել են քաղաքացիական անձինք:

Եմենի մայրաքաղաք Սանայի ավերածությունները արաբական կոալիցիայի՝ հուլիսի 12-ի ավիահարվածներից հետո

Եմենի մայրաքաղաք Սանայի ավերածությունները արաբական կոալիցիայի՝ հուլիսի 12-ի ավիահարվածներից հետո

Հրադադարը, որը ՄԱԿ-ի միջնորդությամբ պիտի հաստատվեր Երևանի ժամանակով հուլիսի 11-ին՝ ժամը 00:59-ին, և տևեր մեկ շաբաթ, չի իրականացել, քանի որ արաբական կոալիցիան շարունակել է մարտերը եմենցի ապստամբների դեմ:

Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալցիայի խոսնակը կռիվները շարունակելը հիմնավորել է նրանով, որ Եմենի ապստամբ հութիները «հավատարիմ չեն հրադադարին, իսկ ՄԱԿ-ը Եմենում հրադադարի վիճակը հսկելու համար դիտորդներ չի ուղարկել»: Այս մասին տեղեկացնում է բրիտանական Reuters գործակալությունը:

Բացի այդ, ըստ խոսնակի՝ իրենք ավիահարվածներն իրականացնում են Եմենից արտաքսված նախագահ Աբդ-Ռաբբա Մանսուրա Հադիի օրինական իշխանությունը վերականգնելու համար, իսկ նրանից հրադադարի հաստատման որևէ խնդրանք իրենք՝ կոալիցիայի անդամները, չեն ստացել, ինչի պատճառով էլ շարունակել են մարտերը ապստամբների դեմ:

Reuters գործակալության տվյալներով՝ մարտերի ընթացքում կիրակի օրը՝ հուլիսի 12-ին սպանվել է 35 հոգի, որոնցից 30-ը ապստամբ հութիներ են եղել, իսկ 5-ը՝ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի մարտիկներ: Եվս մոտ 10 քաղաքացիական անձ սպանվել է հուլիսի լույս 13-ի գիշերը:

Հուլիսի 13-ի առավոտյան շարունակված ավիահարվածների հետևանքով էլ, ըստ Reuters գործակալության, սպանվել է առնվազն 21 քաղաքացիական անձ:

Մինչ այդ ՄԱԿ-ի միջնորդությամբ Եմենում մեկշաբաթյա հրադադարի հաստատման նպատակը եմենցիներին մարդասիրական օգնության հասցնելն էր, քանի որ միջազգային կազմակերպության տվյալներով՝ Եմենի տարածքների մոտ 50 տոկոսի բնակչությունը չի կարողանում սնունդ հայթայթել: Երկրի 25 միլիոն բանկչությունից 21 միլիոնն այս կամ այն օգնության կարիք ունի, 13 միլիոն բնակչություն ունի սննդի կարիք, 9 միլիոնից ավելի դժվարանում է ջուր հայթայթել:

Սակայն հրադադար հաստատելը, փաստորեն, չի հաջողվել, քանի որ արաբական կոալիցիան շարունակել է մարտերը: Սա, թերևս, նման առաջին դեպքը չէ, քանի որ Եմենում հրադադար հաստատելու ևս մեկ փորձ եղել է 2015թ. մայիսի 12-ին: Սակայն նույն օրը Սաուդյան Արաբիան խախտել է հրադադարը և ավիահարվածներ հասցրել երկրի մայրաքաղաքին, իսկ հրադադարի ժամկետի ավարտից հետո բախումները սկսվել են նոր թափով:

«Վճռական փոթորիկ» ռազմական գործողությունից հետո

«Վճռական փոթորիկ» ռազմական գործողությունից հետո

Մի կողմից՝ ապստամբ հութիների, մյուս կողմից՝ նախկին կառավարության հավատարիմ ուժերի և արաբական կոալիցիայի միջև կռիվները Եմենում շարունակվում են 2015թ. մարտից սկսած: Փետրվար-մարտ ամիսներին տեղացի հութիական ցեղերը իշխանությունից հեռացրել են երկրի նախագահին, գրավել երկրի մայրաքաղաքը: Հետագայում կռիվները շարունակվել են կառավարական ուժերի և ապստամբական հութիների միջև, ինչին միացել են նաև Ալ Քաիդայի և «Իսլամական պետության» ուժերը՝ որպես հակամարտության երրորդ և չորրորդ անկախ կողմեր:

Մարտի 26-ին Սաուդյան Արաբիան Արաբական թերակղզու մի շարք արաբական պետությունների հետ սկսել է ավիահարվածներ հասցնել հութիներին՝ պատճառաբանելով, որ ցանկանում է վերականգնել Եմենի օրինական կառավարիչների իշխանությունն ու դրանով ապահովել իր հարավային սահմանների անվտանգությունը: Ու թեև մարտի 21-ին հայտարարվել է, թե «Վճռական փոթորիկ» օպերացիան ավարտված է, ավիահարվածները շարունակվում են մինչ օրս, իսկ որոշ դեպքերում կռիվները մղվում են հենց Սաուդյան Արաբիայի տարածքում:

One response to “Հրադադարի 2 օրվա ընթացքում Եմենում սպանվել է ավելի քան 60 մարդ

  1. Pingback: Հութիները կորցրել են Եմենի՝ ռազմավարական նշականակության Ադեն քաղաքը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *