Վրաստանում ստեղծվում է պետական անվտանգության ծառայություն

Հուլիսի 8-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ՝ վերջնական ընթերցմամբ, ընդունել է «Պետական անվտանգության ծառայության մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է օգոստոսի 1-ից ներքին գործերի նախարարությունից առանձին ստեղծել պետական անվտանգության ծառայություն։ Այս մասին հայտնում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։

Վրաստանի ներքին գործերի նախարարության շենքը

Վրաստանի ներքին գործերի նախարարության շենքը

Ստեղծվելիք նոր ծառայությունը, ըստ վրաստանյան կողմի տվյալների, հատուկ նշանակություն է ունենալու և ենթարկվելու է կառավարությանը։ Նշենք, որ այս կառույցը ստեղծվում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ անելու հաշվին։ Այդ իսկ պատճառով, կառույցի մեջ են մտնելու հակահետախուզության դեպարտամենտը, հակաահաբեկչության կենտրոնը, պետական անվտանգության ծառայությունը, հակակոռուպցիոն գործակալությունը և հատուկ գործողությունների դեպարտամենտը, որը կոչվում է նաև «Շավնաբադի ստորաբաժանում» (Շավնաբադը հատուկ գործողությունների դեպարտամենտի բազայի տեղակայման վայրն է):

ՆԳՆ-ի կազմում են մնալու ոստիկանական ստորաբաժանումները՝ քրեական և պարեկային ոստիկանությունը, ինչպես նաև պահպանության ոստիկանությունը (Department Of Security Police), արտակարգ իրավիճակների գործակալությունը։
Պետական անվտանգության ծառայությունը 2 գործառույթ է ունենալու՝ իր իրավասության շրջանակներում հանցագործությունների հայտնաբերում, կանխում, ինչպես նաև ակնկալվող սպառնալիքների, ռիսկերի, մարտահրավերների վերլուծություն։

Այս կառույցի աշխատանքը հիմնականում ուղղված է լինելու պետական անվտանգության, սահմանադրական կարգի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, գիտատնտեսական և ռազմական պոտենցիալի պաշտպանությանը։

Տեղեկացնենք նաև, որ դեռևս հստակ չէ, թե ով է ղեկավարելու նոր կառույցը, թեև հավանական թեկնածուների թվում են ՆԳՆ ներկայիս նախարար Վախթանգ Գոմելաուրին, ինչպես նաև վարչապետին առընթեր պետական անվտանգության և ճգնաժամային կառավարման խորհրդի քարտուղար, «կադրային հետախույզ», նախկինում պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն։ Պետական անվտանգության ծառայության ղեկավարը կնշանակվի 6 տարով։

Նշենք, որ այս կառույցի ստեղծումից հետո Վրաստանում անվտանգության 3 համանման կառույց կլինի՝ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհուրդը, կառավարությանն առընթեր պետական անվտանգության ու ճգնաժամային կառավարման խորհուրդը և արդեն պետական անվտանգության ծառայությունը։

Հատկանշական է, որ Վրաստանի նոր սահմանադրությամբ ԱԱԽ-ի իրավասությունները զգալիորեն կրճատվել են։ Խորհուրդը կարող է  զբաղվել միայն պետական պաշտպանության հարցերով, քարտուղարն այլևս իրավունք չունի խառնվել երկրում ճգնաժամային իրավիճակներին։

One response to “Վրաստանում ստեղծվում է պետական անվտանգության ծառայություն

  1. Pingback: Վրաստանն ունի ներքին գործերի նոր նախարար | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *