Այսօր՝ հուլիսի 21-ին, ՄԱԿ-ի մարդասիրական օգնությամբ բեռնավորված առաջին նավը հասել է Եմեն և կայանել Ադենի նավահանգստում, որը Եմենի վտարված կառավարությանը հավատարիմ ուժերի ձեռքում է հիմա: Այս մասին տեղեկացնում է բրիտանական Mail Online (Daily Mail) լրատվակայքը՝ հղում անելով ֆրանսիական AFP գործակալությանը:
#BREAKING First UN aid ship in 4 months docks in Yemen’s Aden: governor
— Agence France-Presse (@AFP) July 21, 2015
Սա ՄԱԿ-ի դրոշով առաջին նավն է, որ կայանում է Եմենում՝ մարտի 26-ից սկսված բախումներից հետո: Նախատեսվում էր, որ մարդասիրական օգնությունը պիտի Եմեն հասցվեր ավելի շուտ՝ ՄԱԿ-ի միջնորդությամբ Եմենում հաստատվելիք հրադադարի ժամանակ: Սակայն, ինչպես հայտնի է, հրադադար հաստատելու փորձը տապալվեց, ու բախումները շարունակվեցին:
Այսօր, սակայն, նավը կարողացել է կայանել նավահանգստում, քանի որ հուլիսի 14-ին կառավարության հավատարիմ զորքերն իրենք վերահսկողության տակ են վերցրել Ադենը՝ նավահանգստի և մերձակա բնակավայրերի հետ միասին: Սա կառավարական ուժերի առաջին լուրջ հաղթանակն է երկրի հիմնական մասը վերահսկող ապստամբ հութիների նկատմամբ:
Նշենք, որ հրադադարը նախատեսվում էր հաստատել հուլիսի 10-ից 17-ը՝ երկրի բնակչությանը մարդասիրական օգնություն հասցնելու համար: ՄԱԿ-ի տվյալներով՝ Եմենի տարածքների մոտ 50 տոկոսի բնակչությունը չի կարողանում սնունդ հայթայթել: Երկրի 25 միլիոն բանկչությունից 21 միլիոնն այս կամ այն օգնության կարիք ունի, 13 միլիոն բնակչություն ունի սննդի կարիք, 9 միլիոնից ավելի դժվարանում է ջուր հայթայթել:
Սակայն հրադադար չհաջողվեց հաստատել, իսկ Սաուդյան Արաբիան պարզաբանել էր, թե իրենք Եմենի կառավարությունից հարվածները դադարեցնելու պահանջ չեն ստացել: Արդյունքում մարդասիրական օգնություն բերող նավը ստիպված էր եղել սպասել մինչև Ադենը կանցներ կառավարական ուժերի վերահսկողության տակ:
Ավելացնենք, որ Եմենի ներքին հակամարտության նոր փուլը սկսվել է 2015թ. փետրվար-մարտ ամիսներին, երբ տեղացի հութիական ցեղերը իշխանությունից հեռացրել են երկրի նախագահին, գրավել երկրի մայրաքաղաքը: Հետագայում կռիվները շարունակվել են կառավարական ուժերի և ապստամբական հութիների միջև, ինչին միացել են նաև Ալ Քաիդայի և «Իսլամական պետության» ուժերը՝ որպես հակամարտության երրորդ և չորրորդ անկախ կողմեր:
Մարտի 26-ին Սաուդյան Արաբիան Արաբական թերակղզու մի շարք արաբական պետությունների հետ սկսել է ավիահարվածներ հասցնել հութիներին՝ պատճառաբանելով, որ ցանկանում է վերականգնել Եմենի օրինական կառավարիչների իշխանությունն ու դրանով ապահովել իր հարավային սահմանների անվտանգությունը: Ու թեև մարտի 21-ին հայտարարվել է, թե «Վճռական փոթորիկ» օպերացիան ավարտված է, ավիահարվածները շարունակվում են մինչ օրս, իսկ որոշ դեպքերում կռիվները մղվում են հենց Սաուդյան Արաբիայի տարածքում: