Հնգօրյա զինադադարից հետո Եմենի մայրաքաղաքը կրկին ավիահարվածների թիրախ է դարձել

Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան հնգօրյա զինադադարից հետո մայիսի 18 լույս 19-ի գիշերն առաջին ավիահարվածներն է հասցրել Եմենի նախկին նախագահ Ալի Աբդուլահ Սալեհի՝ երկրի մայրաքաղաք Սանայի արևելյան և հարավային շրջաններում տեղակայված ուժերի ու վերջինիս դաշնակից հութի ցեղի ապստամբների դիրքերին: Հայտնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը:

Յեմենի մայրաքաղաք Սանայի ռմբակոծումը

Յեմենի մայրաքաղաք Սանայի ռմբակոծումը

Մայրաքաղաքը զինադադարից հետո կոալիցիայի առաջին թիրախը չէ: Մայիսի 11-ին ձեռք բերված համաձայնությամբ և մայիսի 12-ին ուժի մեջ մտած զինադադարի ժամկետը լրանալուց անմիջապես հետո՝ մայիսի 18-ին՝ վաղ առավոտյան, առաջին ավիահարվածները հասցվել են հութիների՝ Սաադա հյուսիասյին նահանգի և հարավային Ադեն քաղաքի դիրքերին:

Նշենք, որ մայրաքաղաք Սանայում նախորդ ավիահարվածները եղել էին հնգօրյա զինադադարի ուժի մեջ մտնելուց ժամեր առաջ:

Հիշեցնենք, որ Եմենի ներքին հակամարտության նոր փուլը սկսվել է 2015թ. փետրվար-մարտ ամիսներին, երբ տեղացի հութիական ցեղերը իշխանությունից հեռացրեցին երկրի նախագահին, գրավեցին երկրի մայրաքաղաքը: Հետագայում կռիվները շարունակվեցին կառավարական ուժերի և ապստամբական հութիների միջև, ինչին միացան նաև Ալ Քաիդայի ուժերը՝ որպես իշխանության ձգտող երրորդ ուժ:

Մարտի 26-ին Սաուդյան Արաբիան Արաբական թերակղզու մի շարք արաբական պետությունների հետ սկսել է ավիահարվածներ հասցնել հութիներին՝ պատճառաբանելով, որ ցանկանում է վերականգնել Եմենի օրինական կառավարիչների իշխանությունն ու դրանով ապահովել իր հարավային սահմանների անվտանգությունը: Ու թեև մարտի 21-ին հայտարարվեց, թե «Վճռական փոթորիկ» օպերացիան ավարտված է, ավիահարվածները շարունակվում են մինչ օրս:

Հատկանշական է, որ զարգացող իրադարձությունների առիթով ապրիլի 14-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդը էմբարգո սահմանց ապստամբներին, մասնավորապես՝ «ալ Հուսի» շարժման ղեկավար Աբուլ Մալիք ալ-Հուսիին և Եմենի նախկին նախագահին ու վերջինիս որդուն զենք մատակարարելու վրա: Հետաքրքական է նաև այն հանգամանքը, որ ներկայումս հութիների դաշնակից և վերջիններս ապստամբությունը ղեկավարող նախկին նախագահն իր կառավարման շրջանում ևս նույն շիադավանների դեմ մղել է պատերազմ, որը սկսվել է 2004-ին և ավարտվել միայն 6 տարի անց՝ 2010-ի զինադադարով:

Նշենք նաև, որ նմանօրինակ զարգացումները բերեցին նաև Սաուդյան Արաբիայի և Իրանի հարաբերությունների լարմանը, քանի որ ենթադրվում է՝ վերջինս ոչ պաշտոնապես օգնում է հութիներին: Փոխադարձ մեղադրանքները թեև ռազմական առճակատման չեն հասցրել, սակայն Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան ապրիլի 28-ին առնվազն 7 ավիահարված է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայի օդանավակայանի երթուղուն՝ չթողնելով, որ Իրանի՝ մարդասիրական օգնություն հասցնող ինքնաթիռ վայրեջք կատարի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *