Հուլիսի 20-ին Ուկրաինայի Արևմուտքում՝ Լվովի մարզում, անցկացվելու են Saber Guardian/Rapid Trident – 2015 զույգ զորավարժությունները, որոնց մասնակցելու են մի քանի պետությունների ԶՈւ ստորաբաժանումներ՝ ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության ղեկավարությամբ: Այս մասին հուլիսի 9-ին ուկրաինական «Ունիան» գործակալությանը հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի տեղակալը:
Մինչև հուլիսի 31-ը տևող զորավարաժություններին ուկրաինական զինված ուժերից մասնակցելու է մոտ 800 հոգանոց անձնակազմ: Նույնքան անձնակազմ էլ մասնակցելու է մասնակից մյուս երկրներից՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Բուլղարիայից, Լիտվայից և Վրաստանից: Նշված երկրներից ամենամեծ անձնակազմը լինելու է ամերիկյանը:
Ուկրաինայի պաշտպանության նախարարի տեղակալը հայտնել է նաև, որ զորավարժությունների նպատակն է բարձրացնել Ուկրաինայի և զորավարժություններին մասնակցող մյուս պետությունների անձնակազմերի համագործակցության աստիճանը:
Ամերիկայի պաշտպանության նախարարության տեղեկատվական DVIDS պորտալն էլ տեղեկացնում է, որ զույգ զորավարժություններից առաջինը հրամանատարաշտաբային է, երկրորդը՝ դաշտային վարժանք:
Ավելացնենք, որ մինչ այս՝ հունիսի 17-ին, նույն Լվովի մարզում մեկնարկել էր Ուկրաինայի և ԱՄՆ-ի ևս մեկ զորավարժություն: Fearless Guardian-2015 ուկրաինա-ամերիկյան զորավարժությանը մասնակցում էին նաև ուկրաինական տարածքային պաշտպանության արևելյան և հարավային ստորաբաժանումների զինծառայողները:
Նշենք, որ բացի համատեղ զորավարժություններից, ԱՄՆ զինված ուժերը նաև մարզում է Ուկրաինայի ուժային կառույցների ներկայացուցիչներին, տրամադրում է ոչ մահացու սպառազինություն և քննարկում է նաև մահացու սպառազինության տրամադրումը:
Pingback: Ուկրաինայում զորավարժությանը մասնակցում է Վրաստանի՝ ՆԱՏՕ հավաստագրում անցած ստորաբաժանումը | Ռազմ.info