Ռազմաշաբաթ. Հայաստան. նոյեմբերի 9-15

Առաջնագծում ադրբեջանական կողմը հայկական օդուժի Մի-24 ուղղաթիռ է խոցել • Կարմիր Խաչը կմիջնորդի խոցված ուղղաթիռի անձնակազմի դուրսբերման հարցում • ՀՀ նախագահը Արցախ է մեկնել • Ավարտվել է «Միասնություն 2014» խոշոր զորավարժության ակտիվ փուլը, Սեյրան Օհանյանը ներկայացրել է մանրամասները • Սեյրան Օհանյանը հանդիպել է Եվրոպայում ՆԱՏՕ միացյալ ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին • Պաշտպանության նախարարը մասնակցել է ԱՊՀ ՊՆԽ նիստին, ստորագրել է ՀՀ ու ՌԴ ՊՆ միջև համագործակցության 2015թ ծրագիրը:

Սերժ Սարգսյանի ժամանումը Ստեփանակերտի օդանավակայան

Սերժ Սարգսյանի ժամանումը Ստեփանակերտի օդանավակայան

• Նոյեմբերի 12-ին, ժամը 13։45-ի սահմաններում հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի՝ Արցախի արևելյան հատվածում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվել է Պաշտպանության բանակի օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը: Խոցման հետևանքով, ըստ նախնական տեղեկության, զոհվել են անձնակազմի 3 անդամները: Ուղղաթիռն ընկել է հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի չեզոք գոտում, իսկ արդբեջանական կողմը շարունակել է կրակել ընկած ուղղաթիռի ուղղությամբ, ինչի պատճառով հայկական զինված ուժերի զինծառայողներին մինչև այժմ չի հաջողվում մոտենալ անկման վայրին:

• Աղդամի շրջանում հայկական օդուժի խոցված Մի-24 ուղղաթիռի անձնակազմի 3 անդամներին շփման գծի չեզոք գոտուց դուրս բերելու հարցում միջնորդելու համար Արցախի ղեկավարությունը պաշտոնապես դիմել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին: ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին հաստատել է, որ Կարմիր Խաչը ծանուցված է խնդրի մասին, միջնորդությունն այդ հարցում իսկապես կազմակերպության լիազորությունների շրջանակում է և այդ ուղղությամբ կտարվեն աշխատանքներ:

• Հայկական օդուժի ուղղաթիռի խոցման հաջորդ օրը՝ նոյեմբերի 13-ին, ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Արցախ: Ուշագրավ է, որ նախագահն Արցախ է մեկնել ուղղաթիռով՝ ընդամենը ժամեր անց այն բանից հետո, երբ Ադրբեջանի ԱԳՆ-ն «ոչ թռիչքային գոտի» հայտարարեց Լեռնային Ղարաբաղի օդային տարածքը:

Այցի ընթացքում Սերժ Սարգսյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի, ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանի և զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ դիտել է Արցախի կենտրոնական հատվածում պաշտպանության բանակի ստորաբաժանումների անցկացրած զորավարժությունները, խրախուսել ծառայության մեջ առավել աչքի ընկած զինծառայողներին:

Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը մասնակցել են նաև ռազմական մի շարք նոր օբյեկտների բացմանը, ծանոթացել զինծառայողների առօրյային, սոցիալ-կենցաղային պայմաններին, այնուհետև այցելել են պաշտպանության բանակի հրամանատարական կետ:

• Շաբաթվա ընթացքում շարունակվել է դեռևս նոյեմբերի 6-ին մեկնարկած «Միասնություն 2014» զորավարժությունը: Հայտնի է դարձել, որ զորավարժությունում ներգրավված են շուրջ 47000 զինծառայող:

Հայկական զինուժի «ՕՍԱ» ԶՀՀ-ն հրթիռի արձակման պահին

Հայկական զինուժի «ՕՍԱ» ԶՀՀ-ն հրթիռի արձակման պահին

ՀՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, «Միասնություն 2014» զորավարժությանը ներգրավված է ՀՀ զինված ուժերի ավելի քան 17 000 զինծառայող, 550 միավոր հրետանային միջոց, 250 միավոր զրահատեխնիկա, 150 միավոր ՀՕՊ միջոց, 300 միավոր հակատանկային միջոց, 100 միավոր հատուկ տեխնիկա և ավելի քան 1 200 ավտոմեքենա։

Իր հերթին, ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել է, որ զորամիավորման կազմից զորավարժությանը մասնակցում է ավելի քան 30000 զինծառայող (այդ թվում նաև զորահավաքային ռեսուրսից), 1550 միավոր հրետանային միջոց, 600 միավոր զրահատեխնիկա, 300 միավոր ՀՕՊ միջոցներ, 1300 միավոր հակատանկային միջոց, 160 միավոր հատուկ տեխնիկա և ավելի քան 3000 ավտոմեքենա:

Չնայած հայկական ուղղաթիռի խոցմանը՝ զորավարժությունը շարունակվել է, ու նոյեմբերի 14-ին մարտական կրակով ավարտվել է դրա ակտիվ փուլը, ինչից հետո Սեյրան Օհանյանը լրագրողներին ներկայացրել է զորավարժության մանրամասներն ու նպատակները:

Լրագրողների խնդրանքով նախարարն անդրադարձել է նաև նոյեմբերի 12-ին Արցախում հայկական օդուժի Մի-24 ուղղաթիռի խոցմանն ու հայտարարել է, որ «հարևան ադրբեջանցիների լկտի պահվածքին համարժեք կամ մի քիչ էլ անհամաչափ պատասխան անկասկած տրվելու է»:

• Նոյեմբերի 10-ին  Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով մեկնել է Բելգիա, այցելել ՆԱՏՕ-ի Եվրոպայում դաշնակցային ուժերի գլխավոր հրամանատարություն, ինչպես նաև հանդիպել Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գերագույն գլխավոր հրամանատար գեներալ Ֆիլիպ Բրիդլավին: Կողմերը քննարկել են միջազգային կայունության ապահովման և խաղաղապահ գործողություններին մասնակցության նպատակով ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների` ՆԱՏՕ-ի ուժերի հետ փոխգործակցելիության մակարդակի բարձրացմանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

• Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի (ՊՆԽ) հերթական նիստին, որի ընթացքում հաստատվել է ԱՊՀ ՊՆԽ 2015թ աշխատանքային պլանը:

ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստ, 11 նոյեմբերի 2014թ

ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստ, 11 նոյեմբերի 2014թ

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և Ղազախստանի պաշտպանության նախարար Իմանգալի Թասմագամբեթովի հետ:

Օհանյանը և Շոյգուն հաստատել են նաև ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության 2015թ. ծրագիրը, որի մեջ ընդգրկվել են երկու երկրների զինված ուժերի համատեղ զորավարժությունների, կադրերի պատրաստման ու այլ հարցեր:

Ռազմաշաբաթը նաև՝ Ադրբեջանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *