Հայկական զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունների շրջանակներում աշխատանքային այցով Արցախ մեկնած ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արցախի ղեկավար Բակո Սահակյանի, ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի, ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանի և զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ դիտել է Արցախի կենտրոնական հատվածում պաշտպանության բանակի ստորաբաժանումների անցկացրած զորավարժությունները, խրախուսել ծառայության մեջ առավել աչքի ընկած զինծառայողներին:
Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը մասնակցել են նաև ռազմական մի շարք նոր օբյեկտների բացմանը, ծանոթացել զինծառայողների առօրյային, սոցիալ-կենցաղային պայմաններին, այնուհետև այցելել են պաշտպանության բանակի հրամանատարական կետ:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 13-ին, աշխատանքային այցով ժամանել է Արցախ:
Ուշագրավ է, որ նախագահն Արցախ է մեկնել ուղղաթիռով՝ ընդամենը ժամեր անց այն բանից հետո, երբ Ադրբեջանի ԱԳՆ-ն «ոչ թռիչքային գոտի» հայտարարեց Լեռնային Ղարաբաղի օդային տարածքը։