Սեյրան Օհանյանը ներկայացրել է «Միասնություն-2014» զորավարժության նպատակներն ու արդյունքը

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, Արցախի «Տիգրանակարտ» զորավարժարանում մարտական կրակով ավարտվել է հայկական զինված ուժերի անցկացրած «Միասնություն-2014» զորավարժության ակտիվ փուլը, ինչից հետո ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողներին է ներկայացրել զորավարժության մանրամասներն ու նպատակները, ինչի մասին Արցախից հայտնում է Ռազմինֆոյի թղթակիցը:

ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսում. 2013թ

ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսում. 2013թ

Նախարարի խոսքով՝ զորավարժությունն ընթացել է դասական սցենարով՝ հակառակորդի հարձակումից հետո հայկական զինված ուժերի ստորաբաժանումներն անցել են պաշտպանության, ապա դիմել են հակահարձակման ու հակառակորդին հետ մղել ելման դիրքեր: Հակահարձակման ժամանակ հայկական զինված ուժերը կիրառել են գրոհային ավիացիան, Մի-24 ուղղաթռներ, հակաօդային պաշտպանության «Շիլկա» ինքնագնաց զենիթային կայաններ, «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, տանկեր և «Ստրելա-10» զենիթահրթիռային համալիրներ: «Ստրելա-10» համալիրներն, ընդ որում, պաշտպանության բանակի շարքերը համալրել են այս տարի։

Սեյրան Օհանյանը նշել է, որ ընդհանուր առմամբ օպերատիվ-մարտավարական զորավարժությունները, ինչպիսին էր նաև «Միասնություն-2014»-ը, համապատասխան գնահատական են տալիս զորամիավորումների պատրաստության մակարդակի մասին: Այս զորավարժության նպատակներից էին զորամիավորումների հրամանատարների, նրանց շտաբների ունակությունների կատարելագործումն ու բոլոր ստորաբաժանումների ներդաշնակ աշխատանքի կազմակերպումը:

Այս նպատակներին, ըստ նախարարի, հայկական զինուժը կարողացավ հասնել: Բացի այդ, զորավարժության ընթացքում ստորաբաժանումները ցույց տվեցին նաև կրակային խոցման բավական բարձր մակարդակ:

Ավելացնենք, որ դեռևս նոյեմբերի 6-ին Արցախում մեկնարկել է հայկական զինված ուժերի «Միասնություն 2014» զորավարժությունը: Հայտնի է, որ զորավարժությունում ներգրավված է հայկական զինված ուժերի շուրջ 47000 զինծառայող:

ՀՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, «Միասնություն 2014» զորավարժությանը ներգրավված է ՀՀ զինված ուժերի ավելի քան 17 000 զինծառայող, 550 միավոր հրետանային միջոց, 250 միավոր զրահատեխնիկա, 150 միավոր ՀՕՊ միջոց, 300 միավոր հակատանկային միջոց, 100 միավոր հատուկ տեխնիկա և ավելի քան 1 200 ավտոմեքենա։

Իր հերթին, ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել է, որ զորամիավորման կազմից զորավարժությանը մասնակցում է ավելի քան 30000 զինծառայող (այդ թվում նաև զորահավաքային ռեսուրսից), 1550 միավոր հրետանային միջոց, 600 միավոր զրահատեխնիկա, 300 միավոր ՀՕՊ միջոցներ, 1300 միավոր հակատանկային միջոց, 160 միավոր հատուկ տեխնիկա և ավելի քան 3000 ավտոմեքենա:

2 responses to “Սեյրան Օհանյանը ներկայացրել է «Միասնություն-2014» զորավարժության նպատակներն ու արդյունքը

  1. Pingback: Ռուսաստանը և Բելառուսը համատեղ նախագծում են զենիթահրթիռային համալիր | Ռազմ.info

  2. Pingback: Զորահանդեսին ցուցադրվեցին ՀՀ ԶՈւ նոր համալրումները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *