Իլհամ Ալիևը մասնակցել է բանակային 3-րդ կորպուսի շտաբի նորակառույց շենքի բացմանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 15-ին աշխատանքային այցով եղել է Շամքորի շրջանում, որտեղ մասնակցել է բանակային 3-րդ կորպուսի շտաբի նորակառույց շենքի բացման արարողությանը։ Այս մասին տեղեկանում ենք Ադրբեջանի նախագահի կայքից։

Ադրբեջանական զինուժի 3-րդ բանակային կորպուսի շտաբի նորակառույց շենքը

Ադրբեջանական զինուժի 3-րդ բանակային կորպուսի շտաբի նորակառույց շենքը

Համաձայն հաղորդագրությանը, շտաբի եռահարկ շենքը տեղակայված է զորամիավորման զորամասերից մեկի տարածքում։ Այն ունի ծառայողական 76 սենյակ՝ նախատեսված ինչպես սպայական, այնպես էլ բարձրագույն հրամանատարական կազմի օպերատիվ աշխատանքի ապահովման համար։

Նշվում է, որ շտաբում կան նաև համակարգչային և քարտեզագրության սենյակներ, ժամանակակից պահանջներին համապատասխանող կապի հանգույց, ստեղծված են տեխնիկական բոլոր հարմարությունները զորքերի կառավարումն ավելի օպերատիվ դարձնելու համար։

Շտաբում կատարած շրջայցից հետո նախագահ Ալիևը անցկացրել է օպերատիվ խորհրդակցոթյուն ԶՈւ բարձրաստիճան հրամկազմի հետ, որի ժամանակ անդրադարձել է նաև նոյեմբերի 12-ին հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում խոցված ուղղաթիռի միջադեպին՝ նշելով. «Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն այսուհետ ևս արժանի հակահարված են տալու հակառակորդի սադրանքներին»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնաբանելով հայկական օդուժի ուղղաթիռի խոցումը նշել էր. «Հարևան ադրբեջանցիների լկտի պահվածքին համարժեք կամ մի քիչ էլ անհամաչափ պատասխան անկասկած տրվելու է»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *