Հաստատվել է ՀՀ և ՌԴ ՊՆ համագործակցության 2015թ ծրագիրը

Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի (ՊՆԽ) հերթական նիստին, որի ընթացքում, օրակարգի համաձայն, դիտարկվել են 20-ից ավելի հարցեր, հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստ, 11 նոյեմբերի 2014թ

ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստ, 11 նոյեմբերի 2014թ

Մասնակից երկրների պաշտպանության նախարարների հավանությանն են արժանացել խորհրդի աշխատանքային մարմինների ընթացիկ տարվա գործունեության արդյունքները, հաստատվել է ԱՊՀ ՊՆԽ 2015թ աշխատանքային պլանը: Նիստի ընթացքում ընդունվել են հստակ որոշումներ` ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև բազմակողմ համատեղ գործունեության հետագա ակտիվացման ուղղությամբ:

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար Իմանգալի Թասմագամբեթովի հետ:

Երկկողմ հանդիպումների ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-ռուսական և հայ-ղազախական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու հետագա զարգացման ուղիները, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հաստատել են նաև ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության 2015թ ծրագիրը:

Ռուսաստանյան ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալության տեղեկատվության համաձայն՝ Օհանյան-Շոյգու հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային անվտանգության, երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության առաջնահերթություններին վերաբերող հարցեր:

Մասնավորապես, նախարարներն ամփոփել են ընթացիկ տարվա համատեղ միջոցառումների, օպերատիվ մարտավարական պատրաստությանը վերաբերող հարցեր։ Սեյրան Օհանյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում Ղրղզստանում անցկացված «Անխախտ եղբայրություն-2014» և Ղազախստանում իրականացված «Փոխգործակցություն-2014» զորավարժություններին հայկական և ռուսաստանյան ստորաբաժանումների մասնակցությունը:

Հանդիպման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել նաև ՀՀ ԶՈւ կադրերի վերապատրաստմանը ռուսաստանյան ռազմական ուսումնական հաստատություններում (ներկայում ՌԴ-ում սովորում է ՀՀ ԶՈւ 244 զինծառայող)։

Հանդիպման ընթացքում նախարարները հաստատել են նաև 2015թ մայիսի 9-ին Երևանում կայանալիք զորահանդեսին ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումների մասնակցությունը:

Ավելացնենք, որ ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհուրդը ստեղծվել է 1992-ին։ Դրա կազմի մեջ մտնում են Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչները։ Խորհրդի գլխավոր նպատակներից է անդամ երկրների միջև ռազմական համագործակցության կոորդինացումն ու բանակաշինության ոլորտում փորձի փոխանակման կազմակերպումը:

Ավելացնենք, որ Հայաստանը ԱՊՀ շրջանակներում մասնակցում է նաև ԱՊՀ ՀՕՊ միացյալ համակարգի ստեղծմանն ու կայացմանը: Ներկայում Ռուսաստանի հետ երկկողմ պայմանագրերով տարածաշրջանային միասնական ՀՕՊ համակարգեր են ստեղծում ինչպես Հայաստանը (Կովկասի տարածաշրջան), այնպես էլ Բելառուսն ու Ղազախստանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *