Հայկական զինուժի կորուստները 2014-ի հունիսին. Ռազմինֆո

Հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2014 թվականի հունիսի 1-ից 30-ն ունեցել է 7 զոհ և 1 վիրավոր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զոհերի թիվն ավելացել է 5-ով։

տարբերանշան

տարբերանշան

Ռազմինֆոն հայկական բանակի կորուստները խմբավորել է ըստ երկու չափանիշների` «մարտական» և «ոչ մարտական»:
Որպես մարտական հաշվել ենք հրադադարի ռեժիմի խախտման կամ առաջնագծում ականների պայթյունների պատճառով կորուստները։
Ոչ մարտական կորուստները պայմանականորեն բաժանվել են մի քանի ենթաբաժինների՝ սպանություններ, ինքնասպանություններ, առողջական խնդիրներ, դժբախտ պատահարներ (ճանապարհատրանսպորտային պատահարներ, զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ, այլ պատահարներ)։

Կորուստներ

2014 թվականի հունիս ամսվա 7 կորուստներից 4-ը մարտական են, 3-ը՝ ոչ մարտական։ Մարտական կորուստներից 2-ը գրանցվել է Պաշտպանության բանակում, մյուս երկուսը պաշտպանության նախարարության զորամասերում։ Ոչ մարտական կորուստներից 2-ը ՀՀ ՊՆ զորամասերում, մյուսը՝ ՊԲ-ում է։

Մարտական կորուստներ

-Հունիսի 5-ին հակառակորդի գնդակից զոհվել են Արարատի զորամասերից մեկի պայմանագրային զինծառայողներ սերժանտ 26-ամյա Անդրանիկ Եղոյանը և 1992 թվականին ծնված Բորիս Բենիկի Գասպարյանը։ Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104- հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով։ Այն է՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով։

-Հունիսի 19-ի լույս 20-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը դիվերսիա են կազմակերպել առաջնագծում՝ Արցախի Մարտունու շրջանի ուղղությամբ։ Հայկական կողմն ադրբեջանական դիվերսիան չեզոքացնելու ժամանակ կորուստ է ունեցել։ Հակառակորդի դեմ մարտում զոհվել է պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Նարեկ Պողոսյանը։

-Հունիսի 24-ին՝ ժամը 22:50-ի սահմանում, հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի գնդակիցզոհվել է զինծառայող, 1995 թվականին ծնված Արմեն Արթուրի Ավետիսյանը: Պաշտպանության բանակի զորամասերից մեկի 3-րդ հրաձգային վաշտի 1-ին հրաձգային դասակի 1-ին հրաձգային ջոկի գնդացրորդ, շարքային Արմեն Ավետիսյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Ոչ մարտական կորուստներ

-Հունիսի 11-ին ՊԲ հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում դեռևս չպարզված հանգամանքներում գլխի շրջանում հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994 թվականին ծնված Դերենիկ Արամի Մանուկյանը: Զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Մանուկի Բաբիկյանը։ Զինծառայողը ձերբակալվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի հիմքով։ Բացի այդ, ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Այն է՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է թեթև կամ միջին ծանրության վնաս։

-Հունիսի 20-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը։ Զինծառայողը ծնվել էր 1994 թվականին, բանակ էր զորակոչվել 2013 թվականի առաջին զորակոչի ժամանակ Սիսիանի զինկոմիսարիատից։ Հարուցվել է գործ 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության կասկածանքով։ Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել պայմանագրային զինծառայող, սերժանտ Վարդան Առաքելի Կիրակոսյանին։

Հունիսի 27-ին Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում զինվորական շտապօգնության «ՈւԱԶ» մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել է, մխրճվել է ճանապարհին գտնվող տներից մեկի մեջ։ Տեղում մահացել է հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի բուժակ, 64-ամյա Արև Բաբասյանը:

Վիրավորներ

2014թվականի մայիս ամսվա ընթացքում հայկական զինուժն ունի հայտարարված 2 վիրավոր, որից միայն մեկի անունն է հայտնի։

-Հունիսի 27-ին Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում զինվորական շտապօգնության «ՈւԱԶ» մեքենայի այրման պատճառով  վիրավորվել է 1988 թվականին ծնված, ավագ-լեյտենանտ Արման Բեջանյանը։

Այսպիսով՝

Հունվար- 4 զոհ և 1 վիրավոր
Փետրվար-1 զոհ
Մարտ- 5 զոհ և 2 վիրավոր
Ապրիլ- 1 զոհ և 1 վիրավոր
Մայիս- 5 զոհ և 5 վիրավոր
Հունիս – 7 զոհ և 1 վիրավոր

2014 թվականի հունվարից հունիս հայկական զինուժը կորցրել է 23 զինծառայող։

Աղբյուրներ

Ռազմինֆոն ցուցակները կազմելիս օգտվել է բացառապես բաց աղբյուրներից: Դրանք են գերատեսչական աղբյուրները՝ ՊՆ կայքը և մամուլի ծառայությունը, ՊԲ պաշտոնական կայքը, ինչպես նաև թեմային անդրադարձող հայկական լրատվամիջոցները, այլ բաց աղբյուրները։ Զեկույցը կազմելիս որոշ ճշտումներ արվել են նաև ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի հետ։

Ադրբեջանի ռազմական կորուստների վերաբերյալ տեղեկությունն այստեղ։

2 responses to “Հայկական զինուժի կորուստները 2014-ի հունիսին. Ռազմինֆո

  1. Pingback: Հայկական զինուժի կորուստները 2014-ի հունիսին. Ռազմինֆո | Nyut.am

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. հունիսի 29-հուլիսի 5 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *