Ռուսաստանն առաջիկայում կավարտի 32 միավոր Մի-171Ե բեռնատար ուղղաթիռների մատակարարման պայմանագրի կատարումը, որը կնքվել էր 2012-ին։ Այս մասին ռուսաստանյան «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հայտնել են «Ռուսաստանի ուղղաթիռներ» ավիաշինական հոլդինգում։
Ընդհանուր առմամբ, պայմանագրով նախատեսված 32 ուղղաթիռից մատակարարվել է 12-ը։ Մնացած 20-ը պատվիրատուն կստանա ընթացիկ տարում։
Ուլան-Ուդենսկի ավիացիոն գործարանում արտադրվող Մի-171Ե ուղղաթիռների գլխավոր առավելություններից մեկը բարձրադիր գոտիներում կայուն թռիչքի ունակությունն է, ինչը չափազանց գրավիչ հատկանիշ է բազմաբնույթ ռելիեֆ ունեցող Չինաստանի համար։
Նորարարական մոտեցումներից է վառելիքի տարրաների տեղակայման դիրքը, որոնք ապահովության բարձրացման նպատակով տարվել են ներս։ Ուղղաթիռում առկա է նաև որոնողական հզոր լուսարձակ ու նստատեղեր՝ դեսանտայինների համար։
Հարկ է նշել, որ ուղղաթիռների մատակարարման պայմանագիրը ներառել է նաև չինացի օդաչուների վերապատրաստումը, որն արդեն ավարտված է։
Հավելենք՝ տարբեր հաշվարկների միջինացված տվյալների համաձայն, ներկայումս Չինաստանի ուղղաթիռային ավիապարկում առկա է շուրջ 150 միավոր Մի-171 ուղղաթիռ։