Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այսօր՝ հուլիսի 1-ին, ընդունել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության սպառազինության գլխավոր վարչության՝Եվրոպայի և Հարավային Ամերիկայի գծով ղեկավարի տեղակալ Ժան Քրիստոֆ Նուրոնին։
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրությունը, Ադրբեջանի և Ֆրանսիայի երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները և այլ հարցեր։
Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը ներկա է եղել նաև Ադրբեջանում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Պասկալ Մենյեն։
Հիշեցնենք, որ Զաքիր Հասանովը հունվարի 13-ին պաշտոնական այցով մեկնել էր Ֆրանսիա, որտեղ էլ կնքվել է «Ադրբեջանի և Ֆրանսիայի ՊՆ տեխնիկական համագործակցության» հուշագիր։
Բացի այդ, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Ադրբեջան կատարած այցի շրջանակներում մայիսի 12-ին կայացավ ֆրանս-ադրբեջանական գործարար համաժողով՝ Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ։ Դրա ընթացքում կնքվեցին երկկողմ մի քանի պայմանագրեր։
Դրանց շարքում է Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովի և ֆրանսիական Alstom ընկերության՝ Alstom Transport երկաթգծեր, վագոններ, ենթակառուցվածքային տեխնիկա արտադրող դուստր ձեռնարկության տնօրեն Անրի Պուպո Լաֆարգի միջև բեռնատար գնացքաքարշեր գնելու առնչությամբ կնքված պայմանագիրը։