Տ-90 տանկեր արտադրող «Ուրալվագոնզավոդը» վագոնների գործարան է բացում Ադրբեջանում

Ռուսաստանյան «Ուրալվագոնզավոդ» փակ բաժնետիրական ընկերությունը, որն Ադրբեջանի համար նախատեսված Տ-90Ս տանկերի արտադրողն է, մտադիր է Ադրբեջանի տարածքում ստեղծել վագոնաշինական գործարան:

«Տ-90» տանկերը։

«Տ-90» տանկերը։

Այս մասին 2014-ի մարտի 14-ին հաղորդել է ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականը՝ հղում տալով Բաքվում կայացած բիզնես-քննարկման ժամանակ «Ուրալվագոնզավոդի» ներկայացուցչի խոսքերին:

Մարտի 27-ին արդեն ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ադրբեջանի երկաթգծեր» ՓԲԸ-ի մամուլի քարտուղարը հայտարարել է՝ ներկայումս «Ուրալվագոնզավոդի» հետ բանակցություններ են վարում վագոնաշինական համատեղ գործարանի կառուցման շուրջ: Ընդ որում, ծրագրվում է գործարանի բուն աշխատանքը սկսել 2015-ին: Նախատեսվում է, որ այն կարտադրի տարեկան 2 հազար հատ, շուրջ 6 տիպի բեռնատար վագոն:

Հայտնի է նաև, որ «Ուրալվագոնզավոդին» պատկանելու է բաժնետոմսերի 50 տոկոսը, ըստ այդմ էլ կազմակերպությունը պարտավորվում է 20-30 մլն եվրո (11 մլն 380 հազար ԱՄՆ դոլար-17 մլն 70 հազար ԱՄՆ դոլար) ներդրում կատարել նախագծում: Արտադրվելիք վագոնները, ադրբեջանական կողմի վկայությամբ, կիրառվելու են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղում, ինչպես և արտահանվելու են Թուրքիա ու Վրաստան:

Հիշեցնենք, որ մարտի 12-ին Ադրբեջան էր ժամանել ՌԴ Սվերդլովսկի նահանգի պատվիրակությունը, որը գլխավորում էր Սվերդլովսկի նահանգապետ Եվգենի Կույվաշյովը, և որի կազմում էր «Ուրալվագոնզավոդի» (գործարանները տեղակայված են Սվերդլովսկի շրջանի Նիժնի Տագիլ քաղաքում) գլխավոր տնօրեն Օլեգ Սիենկոն: Պատվիրակությունը մի շարք աշխատանքային հանդիպումներ ունեցավ Ադրբեջանի ռազմական ու քաղաքական վերնախավի ներկայացուցիչների հետ, հյուրընկալվեց նաև նախագահ Իլհամ Ալիևի մոտ:

Կարևոր է նշել, որ Կույվաշյովին այդ ընթացքում ընդունեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ևս: Պաշտոնական աղբյուրները տեղեկություններ չեն հաղորդում, թե նրանց հանդիպմանն ինչ հարցեր են քննարկվել:

Այնուհանդերձ, հավանական է, որ վագոնաշինական գործարան հիմնելու ընթացիկ հարցերը քննարկվել են հենց այս այցի և դրա շրջանակներում կայացած հանդիպումների ընթացքում:

Այս պահի դրությամբ պարզ չէ՝ արդյոք կառուցվելիք վագոնաշինական գործարանը թողարկելու է ռազմական նշանակության արտադրանք կամ պահեստամասեր։

Նկատենք, որ օրեր առաջ «Ուրալվագոնզավոդի» գլխավոր տնօրեն Օլեգ Սիենկոն հարցազրույց է տվել ռուսաստանյան «Վեդոմոստի» պարբերականին՝ նշելով՝ իրենց արտադրած վագոնները ԱՊՀ երկրների շարքում մեծ պահանջարկ ունեն Ադրբեջանում ու Ղազախստանում։

Հարցազրույցի ընթացքում Սիենկոն շեշտել է, որ «Ուրալվագոնզավոդը» որոշակի դժվարությունների է հանդիպում, քանի որ 2013-ին վագոնների ընդհանուր պահանջակը կրճատվել է 30-40 տոկոսով, բացի այդ պետական ներդրումներն իրենց ընկերության արդիականացման համար ևս կրճատվել են՝ կապված պետության ռազմական ծախսերի կրճատման հետ։

Սիենկոն անդրադարձել է նաև Տ-90 տանկերին՝ վկայելով, որ առաջիկայում Տ-90-ը փորձարկումներ է անցնելու արտերկրում, սակայն չի նշել, թե որտեղ, բացի այդ էլ հաստատել է, որ Նիժնի Տագիլի իրենց գործարանը ներկա դրությամբ կատարում է Տ-90 տանկերի արտերկրյա պատվերների շրջանակներում իրականացվող աշխատանքներ։

Շեշտենք, որ դեռևս 2007-ին ՌԴ նախագահի հրամանով հիմնված «Ուրալվագոնզավոդ» ԲԲԸ-ն (ներկայումս բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է պետությանը), որը զբաղվում է հիմնականում ռազմական նշանակության տեխնիկայի, վագոնների և ինժեներական մեքենաների արտադրմամբ, վերանորոգմամբ ու արդիականացմամբ, 2011-ին Ադրբեջանից պատվեր էր ստացել 94 միավոր Տ-90Ս տանկերի: Նախատեսված էր պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարել ու ավարտին հասցնել 2013-ին, սակայն ուշացումների հետևանքով այն ի կատար կածվի թերևս 2014-2015-ին:

Ադրբեջանի ստացած Տ-90Ս տանկերի նկարներն առաջին անգամ ցանցում հայտնվեցին 2013-ի հունիսի 15-ին, իսկ արդեն հունիսի 26-ին դրանք ցուցադրվեցին Ադրբեջանի զինված ուժերի օրվան նվիրված զորահանդեսին։

Տ-90-ը հիմնական մարտական տանկ է, զանգվածը 46.5 տոննա է, տանկի վրա տեղադրված են 125 մմ 2Ա46Մ5 (արդիականացված 2Ա46) հարթափող թնդանոթ, ինչպես նաև թնդանոթին կցված ՊԿՏ 7.62 մմ ու  զենիթային ՆՍՎՏ կամ Կորդ 12,7 գնդացիրներ։

Տանկն ունի 1000 ձիաուժ հզորությամբ Վ-92 շարժիչ, այն անցանելիության չափորոշիչներով ոչնչով չի գերազանցում Տ-72 տանկերին։

Հավելենք, որ Հնդկաստանը 2014-ի մարտի սկզբին մրցույթ էր հայտարարել ՌԴ-ից գնած 600 միավոր Տ-90 տանկերի արդիականացման համար, քանի որ դրանք ունեին թերություններ և չէին բավարարում Հնդկաստանի ԶՈւ պահանջներին:

Ուշագրավ է, որ ՌԴ-ն սեփական զինուժի շահագործումից աստիճանաբար դուրս է մղում Տ-90 տանկերը՝ նախապատվություն տալով Տ-72 տանկերին: