Երբ Տ-72-ի արդիականացումը նախընտրելի է Տ-90-ից

Ռուսաստանը Տ-90 տանկերն արտադրում է արտասահմանյան գնորդների համար, որոնցից մեկը նաև Ադրբեջանն է, իսկ սեփական զինված ուժերի կարիքների համար նախընտրում է արդիականացնել փորձված Տ-72-ները, որոնցից առկա են նաև Հայաստանի սպառազինությունում։

Ռուսաստանի ԶՈւ-ն դեկտեմբերի 18-ին ստացել է տանկերի հերթական խմբաքանակը, որի մեջ մտնում են շուրջ 100 միավոր Տ-72Բ3 տանկեր։ Մինչ այդ՝ 2013-ի սեպտեմբերին, ՌԴ ԶՈւ արևմտյան ռազմական օկրուգին մատակարարվել են 150 միավոր Տ-72Բ3 տանկեր։ Դրանից հետո՝ 2013-ի հոկտեմբերին, 150 միավոր Տ-72Բ3 տանկեր մատակարարվել են նաև կենտրոնական ռազմական օկրուգին, իսկ արևելյան ռազմական օկրուգը մինչև 2013-ի ավարտը կստանա 50 միավոր Տ-72Բ1 տանկեր։ Այսպիսով ՌԴ ԶՈւ 4 ռազմական օկրուգներից 3-ին մատակարարվել են կամ մատակարարվելու են շուրջ 450 միավոր Տ-72Բ տանկերի նոր արդիականացումներ։ (Առհասարակ տարվա ընթացքում ռուսական զինված ուժերին մատակարարվել է շուրջ 1100 միավոր Տ-72 տանկ

Տ-72Բ3 տանկը Ռուսաստանի Ալաբինո զորավարժարանում

Տ-72Բ3 տանկը Ռուսաստանի Ալաբինո զորավարժարանում

Համեմատելու համար նշենք, որ բրիտանական հեղինակավոր «Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի» (IISS) տվյալների համաձայն՝ 2012-ի դրությամբ Ռուսաստանի սպառազինության մեջ եղել են շուրջ 1500 միավոր Տ-72Բ/ԲԱ տանկեր, 1000 միավոր Տ-80ԲՎ/Ու տանկեր ու մոտ 300 միավոր Տ-90/Տ-90Ա տանկեր։ Ստացվում է, որ նոր Տ-72Բ3 տանկերը զգալի թիվ են ներկայացնելու ՌԴ զինված ուժերում ու գերազանցելու են Տ-90-ների քանակը։

Հաշվի առնենք նաև, որ ՌԴ ԶՈւ-ն սպառազինությունից հանում է Տ-80-ները ու դրանցից պատրաստում տարբեր մեքենաներ։ Արդյունքում ռուսական տանկային սպառազինության հիմքը դառնալու են Տ-72Բ ընտանիքի արդիականացումները, ոչ թե Տ-90-ները, որոնք ներկայացվում են որպես նորագույն ռուսական տանկ։

Պատճառն այն է, որ ՌԴ զինված ուժերում Տ-90 տանկից հրաժարվել են։ Դեռևս 2011-ին ՌԴ ԶՈւ-ի այն ժամանակվա գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովը հայտարարեց, որ ռուսական զինված ուժերը այլևս չեն գնելու Տ-90 տանկեր, քանի որ դրանք ծախսատար են, իսկ Տ-72 տանկերը դրանց մակարդակին հասցնելը 3-4 անգամ ավելի էժան է, քան հենց Տ-90-ներ արտադրելը։ Փաստորեն Տ-90-ները մնացել են որպես արտահանման տարբերակ ու հետագայում արտահանվել են Ուգանդա (44 միավոր), Թուրքմենստան (30 տանկ), Ալժիր (120 տանկ)։ 94 միավոր Տ-90 տանկեր գնել է նաև Ադրբեջանը։

Այսպիսով՝ ռուսական զինված ուժերի ընտրությունը կանգնեց Տ-72Բ տանկերի նոր արդիականացումների՝ Տ-72Բ1-ի ու Տ-72Բ3-ի վրա։ Տ-72Բ3-ները առաջին անգամ ներկայացվել են 2013-ի օգոստոսին՝ ՌԴ տանկային բիաթլոնի ժամանակ։ Դրանք նախագծվել են Տ-72 տանկերը մինչև Տ-90 տանկերի մակարդակի հասցնելու նպատակով։

Ըստ այդմ՝ Տ-72Բ3-ի վրա խնդիր էր դրված հասնել մի մակարդակի, որին հասել էր Տ-90-ը։ Սակայն միևնույն մակարդակին հասնելու համար Տ-72Բ տանկերի վրա աշխատանքի ծախսը շատ ավելի էժան է, քան Տ-90-ներինը։  Բացառվում են նաև տանկերի գնագոյացման տարբեր ձևերը, քանի որ և´ Տ-72Բ3, և´ Տ-90 տանկերն արտադրում է ռուսաստանյան պետական «Ուրալվագոնզավոդ» ընկերությունը։ Ըստ այդմ՝ զինված ուժերը կարող են գնել երկու տանկերն էլ նույն պայմաններով։ Նախագծողների գործը հեշտանում էր նաև այնքանով, որ վերոնշյալ երկու տանկերն էլ, ըստ էության, խորհրդային Տ-72Բ ընտանիքի տանկերի արդիականացումներ են, ընդ որում, եթե Տ-90-ը (նախկինում՝ Տ-72ԲՈւ) դեռևս նախորդ դարի 90-ականների արդիականացում է, ապա Տ-72Բ3-ը միայն այս տարի է ներկայացվել հանրությանը։

Իսկ այն մասին, որ Տ-72Բ3-ը հասել է Տ-90-ի մակարդակին, հավաստում են նաև վերը նշված փաստերը, հակառակ դեպքում ռուսական կողմը հույսը չէր դնի դրանց վրա։ Ռուսաստանը, բացի այդ, շարունակում է արդիականացնել Տ-72-ը, ու դրա վառ վկայությունն է նաև Ռուսաստանյան RAE-2013 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ ներկայացված նորագույն արդիականացման Տ-72 ՏՈւՍԿ տանկը։ Վերը նշվածից կարելի է եզրակացնել, որ Տ-90 տանկերի գովերգումը ոչ այլ ինչ է, քան գովազդ՝ ուղղված արտասահմանյան գնորդին՝ այդ թվում նաև Ադրբեջանին։

Ամփոփելով կարող ենք ավելացնել, որ Տ-72 տանկեր ունեցող ցանկացած երկրի ու մասնավորապես Հայաստանի համար շատ ավելի արդյունավետ է արդիականացնել սեփական տանկերը, քան գնել Տ-90 տանկեր։

Եթե հավատանք ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» վերջերս հրապարակած տվյալներին, ապա Հայաստանը հենց այդպես էլ վարվել է, քանի որ հայկական ԶՈւ-ն սեփական տանկերի արդիականացման պայմանագիր է կնքել լեհաստանյան «Բումար Լաբեդի» ընկերության հետ։ Նշված պայմանագրով՝ հայկական մեկ միավոր Տ-72 տանկի արդիականացումը մինչև PT-72U մակարդակի, որը համարժեք է համարվում Տ-90 տանկերին, կարժենա շուրջ 1,2 մլն ԱՄՆ դոլար։

Իսկ եթե վերլուծական կենտրոնի տվյալները այնուամենայնիվ սխալ են, ապա տանկերը նման մակարդակի կարելի է արդիականացնել նաև Հայաստանի ռազմատեխնիկական գլխավոր գործընկեր Ռուսաստանում, քանի որ նույն Տ-72Բ3 մակարդակի կարելի է հասցնել նաև արդեն օգտագործված Տ-72-ները։ Ռուսական աղբյուրներից մեկն այս առիթով նշում է, որ բազային Տ-72Բ մոդելի տանկը մինչև Տ-72Բ3-ի մակարդակի հասցնելը կարող է արժենալ ոչ ավելի, քան 1,5 մլն ԱՄՆ դոլար, ընդ որում՝ ծախսի մոտ 50 տոկոսը կազմում է օգտագործված տանկի կապիտալ վերանորոգումը։

4 responses to “Երբ Տ-72-ի արդիականացումը նախընտրելի է Տ-90-ից

  1. Հերիք է ինքնախաբեությամբ զբաղվեք ու ռուսների հետևից վազեք:Այդքան գումար չունեք,որ գնեք Տ-90,դրա համար էլ ցածրացնում եք ազիկների գործելաոճը ու ինքներդ ձեզ հույս տալիս,դրանից բան չի փոխվում:Իրականում Տ-90 տանկերը ավելի հզոր ու սարսափազդու են,քան արդիականացված Տ-72 տանկերը:Մի խաբեք ոչ ձեզ,ոչ էլ հասարակությանը…

    • Հարգելի Խալդ, դուք հիմա ո՞ւմ հետ եք խոսում։ Ռազմ.ինֆոն ոչ միայն Տ-90, այլև նույնիսկ Տ-72 գնելու համար անհրաժեշտ փող չունի և հազիվ թե երբևէ ունենա։

      Ինչ վերաբերում է Տ-90-ի «ավելի հզոր ու սարսափազդու լինելուն», ապա միայն թեմայից անտեղյակ մարդկանց համար։

      Մենք բազմիցս բացատրել ենք, որ այդ երկու տանկերի (իրականում նույն տանկի տարբեր մոդիֆիկացիաների) միակն էական տարբերությունն աշտարակի պատրաստման տեխնոլոգիան է։

      Մնացած բոլոր տարբերությունները մեքենայի առանձին հանգույցների փոխարինումներ են, որը կարող է կատարվել նաև արդիականացման ժամանակ։ Ավելին, արդիականացման ժամանակ կարելի է օգտագործել շատ ավելի առաջադեմ սարքավորումներ ու հանգույցներ, քան տեղադրվում են ստանդարտ Տ-90-ի վրա։

  2. Pingback: ՌԴ-ն Ադրբեջանին տրամադրել է 100 միավոր Տ-90Ս տանկեր. հնարավոր է ևս 100-ի փոխանցումը | Ռազմ.info

  3. Հարգելի Ռազմ ինֆո: Ես կարծում եմ, որ մենք պետք է տանկերի մասով սպառազինվենք ելնելով ոչ թե ազերիները առան ուրեմն մենք ել առնենք սկզբունքից, այլ ելնելով նրանից թե ինչպիսի ռազմական դոկտրինա ունենք: Հիշենք, որ մենք պաշտպանվում ենք և հետո հակագրոհելու ենք: Այս տեսակետից մեր և ադրբեջանի խնդիրները տարբեր են: Մենք ինչու փող վատնենք այդ տ 90 կոչված տանկի վրա հենց այն պատճառով, որ այն ավելի հեռահար նշանառու կրակ ունի: Մեզ մեր տ 72 ել է ձեռ տալիս, եթե մենք արդիականացնենք մեր տանկերի օպտիկան ու դիտարկման տեսադաշտը այն բերելով համադրելի մրցակիցների հետ: Հա, մեկ ել ասեմ, որ մեզ անհրաժեշտ է լավ սպասարկել մեր ունեցած տեկնիկան:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *