Ֆրանսիական ընկերությունն ապահովելու է Ադրբեջանին էլեկտրաքարշերով

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Ադրբեջան կատարած այցի շրջանակներում մայիսի 12-ին կայացավ ֆրանս-ադրբեջանական գործարար համաժողով՝ Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ։ Դրա ընթացքում կնքվեցին երկկողմ մի քանի պայմանագրեր։

KZ8A էլեկտրաքարշ

KZ8A էլեկտրաքարշ

Դրանց շարքում է Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովի և ֆրանսիական Alstom ընկերության՝ Alstom Transport երկաթգծեր, վագոններ, ենթակառուցվածքային տեխնիկա արտադրող դուստր ձեռնարկության տնօրեն Անրի Պուպո Լաֆարգի միջև բեռնատար գնացքաքարշեր գնելու առնչությամբ կնքված պայմանագիրը։

Ինչպես հետևում է այս ֆրանսիական ձեռնարկության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունից, Alstom Transport-ը պարտավորվում է, ըստ պայմանագրի կետերի, Ադրբեջանի երկաթգծային ընկերությանը տրամադրել 50 հատ KZ8A էլեկտրաքարշեր։ Դրանք պետք է արտադրվեն ֆրանս-ադրբեջանական համատեղ EKZ ընկերության կողմից 2016-2018-ն ընկած ժամանակահատվածում։ Պայմանագրի արժեքն է մոտ 412 մլն ԱՄՆ դոլար (300 մլն եվրո)։ Բացի այդ, համաձայն պայմանագրի՝ առաջիկա 6 ամիսների ընթացքում քննարկվելու են Ադրբեջանին էլեկտաքարշերի տեխսպասարկում և անձնակազմի ուսուցման կուրսեր տրամադրելու հնարավորությունները։

Հարկ է շեշտել, որ Ադրբեջանին տրամադրվելիք էլեկտրաքարշերը ստեղծվելու են ոչ թե Ադրբեջանի կամ Ֆրանսիայի, այլ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի տարածքում տեղակայված գործարանում։ Խնդրիրն այն է, որ ֆրանսիական ընկերությունը KZ8A էլեկտրաքարշերը սկսել է արտադրել 2010-ին հենց Ղազախստանի երկաթգծային պետական ընկերության պատվերով։ Ընդ որում, Ղազախստանի (25 տոկոս) և Alstom Transport ընկերության (50 տոկոս) 2010-ի, շուրջ 1.5 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիրն իրականում եռակողմ է եղել, երրորդ կողմը ռուսաստանյան «Տրանսմաշհոլդինգ» ՓԲԸ-ն է (25 տոկոս)։ Էլեկտրաքարշերն արտադրվելու են Ղազախստանի տարածքում մինչև 2020-ը՝ Ղազախստանի ունեցած 520 հատ ՎԼ80 բեռնատար էլեկտրաքարշերը փոխարինելու նպատակով։ Ղազախստանը նոր էլեկտրաքարշի առաջին օրինակը ստացել է 2012-ի վերջին։

KZ8A-ը, ըստ արտադրողների, ունակ է քաշել ավելի քան 9 տոննա կշռող բեռներ՝ բացելով մինչև 120 կմ/ժ արագություն, հզորությունը՝ 8800 կՎտ։

Նկատենք, որ Alstom Transport-ը մայիսի 12-ին առանձին հուշագիր է կնքել «Բաքվի մետրոպոլիտեն» ընկերության հետ համագործակցելու ուղղությամբ։ Հուշագիրը ենթադրում է վագոնների համատեղ արտադրություն։ Հուշագրի հիման վրա համապատասխան պայմանագիրը, ըստ աղբյուրի, կարող է կնքվել առաջիկա 2 ամիսների ընթացքում։

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ Alstom Group-ը վերջին շրջանում հայտարարել է ֆինանսական խնդիրների մասին։ Մասնավորապես, 2012-ի համեմատ՝ 2013-ին ընկերության ընդհանուր եկամուտն ընկել է 28 տոկոսով։ Բացի այդ, արդեն խոսակցություններ են գնում ընկերության բաժնետոմսերի վաճառքի մասին։ Գնորդների շարքում են ամերիկյան General Electric և գերմանական Siemens ընկերությունները։ Օլանդի՝ Ադրբեջան կատարած այցից օրեր առաջ պարզ է դարձել՝ General Electric-ի նախնական առաջարկը մերժվել է, իսկ Siemens-ինը դեռ քննարկման ենթակա է։

Կարևոր է նշել, որ  Alstom Group համագործակցում է նաև SOCAR-ի հետ։ 2014-ի մարտի վերջին Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի թուրքական մասնաճյուղին պատկանող Petkim Petrokimya Holding A.S. քիմիական ընկերությունը մոտ 75 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր է կնքել Alstom-ի հետ, որը ենթադրում է՝ Alstom-ը սույն ընկերության համար 51 կՎտ հողմային էլեկտրակայաններ է կառուցելու։

Alstom Group-ը համարվում է Թուրքիայի շուրջ 60 տարվա գործընկերը, 1950-ականներից համագործակցում է Թուրքիայի պետական երկաթգծային ընկերության հետ։ Այս տարիների ընթացքում Alstom-ը տրամադրել է թուրքական երկաթգծերին շուրջ 105 էլեկտրական գնացքներ, 435 հատ էլեկտրաքարշեր։

Հիշեցնենք, որ «Ադրբեջանի երկաթգծեր» ՓԲԸ-ի մամուլի քարտուղարը 2014-ի մարտին հայտարարել էր՝  Ադրբեջանին տրամադրվելիք Տ-90Ս տանկերի արտադրող «Ուրալվագոնզավոդ» ռուսաստանյան ընկերության հետ ներկայումս բանակցություններ են վարում վագոնաշինական համատեղ գործարանի կառուցման շուրջ: Ընդ որում, ծրագրվում է գործարանի բուն աշխատանքը սկսել 2015-ին: Նախատեսվում է, որ այն կարտադրի տարեկան 2 հազար հատ շուրջ 6 տիպի բեռնատար վագոն:

Հայտնի է նաև, որ «Ուրալվագոնզավոդին» պատկանելու է բաժնետոմսերի 50 տոկոսը, ըստ այդմ էլ կազմակերպությունը պարտավորվում է 20-30 մլն եվրո (11 մլն 380 հազար ԱՄՆ դոլար-17 մլն 70 հազար ԱՄՆ դոլար) ներդրում կատարել նախագծում: Արտադրվելիք վագոնները, ադրբեջանական կողմի վկայությամբ, կիրառվելու են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու համար, ինչպես և արտահանվելու են Թուրքիա ու Վրաստան:

Հավելենք, որ ըստ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանում երկաթուղիների երկարությունը 2932 կմ է, որից 1278 կմ-ն էլեկտրաֆիկացված է (3 կՎտ)։ 2006-ին Ադրբեջանի երկաթգծային ընկերությունը հայտարարել է երկարաժամկետ մի ծրագրի մեկնարկի մասին, որը նպատակ ունի արդիականացնել ենթակառուցվածքային տեխնիկան, վերապատրաստել անձնակազմը։ Ադրբեջանցիներն ակնկալում են, որ սույն քայլերի օգնությամբ երկաթգծային բեռնափոխադրումների ծավալներն արդեն 2017-ին կիսով չափ կաճեն։

One response to “Ֆրանսիական ընկերությունն ապահովելու է Ադրբեջանին էլեկտրաքարշերով

  1. Pingback: Բաքվում կայանալիք ցուցահանդեսին մասնակցելու են ֆրանսիական 15 ընկերություններ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *