Ռուսաստանից գնած Տ-90 տանկերը Հնդկաստանում ստիպված են արդիականացնել

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը Ռուսաստանից գնած 600 Տ-90 տանկերի արդիականացման մրցույթ է հայտարարել, որի վրա նախատեսում է ծախսել մոտ 250 միլիոն ամերիկյան դոլար։

Մրցույթ հայտարարելու պատճառը, ըստ պաշտպանության նախարարության պաշտոնյաների, տանկի զգալի թերություններն են, նշում է defensenews.com կայքը։ Արդիականացաման արդյունքում Տ-90 տանկերի վրա անհրաժեշտ է տեղադրել օդափոխիչներ, որոնք տանկերի գործարանային տարբերակում չեն եղել, դրանից բացի փոխարինվելու են տանկերի վրա եղած կրակի կառավարման ու նավիգացիոն համակարգերը, պաշտպանական հանգույցներն ու ջերմացուցիչ սարքավորումները։

Հնդկաստանի ԶՈւ Տ-90 «Բհիշմա» տանկը

Հնդկաստանի ԶՈւ Տ-90 «Բհիշմա» տանկը

Մրցույթին կկարողանան մասնակցել միայն Հնդկաստանի արդյունաբերական ընկերությունները, իսկ հաղթող ընկերությունը պիտի 600 տանկերի արդիականացումն իրականացնի 3 տարիների ընթացքում։

Հիշեցնենք, որ փետրվարին հայտնի դարձավ, որ Հնդկաստանում դժգոհ են ռուսաստանյան Տ-90 տանկերից։ Հնդկաստանի վերահսկող ծառայությունն իր վերջին զեկույցում նշել էր, որ Տ-90 տանկերը, որոնք հնդկական զինված ուժերը ձեռք է բերել Ռուսաստանից, չունեն օդափոխիչներ, ինչից տուժում են ոչ միայն տանկերի անձնակազմերը, այլև փչանում են սարքավորումները։

Տանկերի հետ կապված առաջին բարդություններից հետո Հնդկաստանը ցանկանում էր նրանց վրա օդափոխիչներ տեղադրել, սակայն ռուսական կողմը, որի «ինտելեկտուալ սեփականությունն» է տանկի նախագիծը, թույլ չէր տվել փոփոխություններ կատարել տանկի կառուցվածքում։ Բանակցություններից հետո հնդկական կողմը ստացել է համաձայնություն ու կարող է կատարել արդիականացում։

Չնայած դրան՝ Հնդկաստանի զինված ուժերում հնդկական ազգային Արջուն տանկը ավելի բարձր է գնահատվում, քան ռուսաստանյան Տ-90-ը, քանի որ 2013-ի ամռանը Ռաջաստան նահանգի անապատում երկու տանկերի համատեղ փորձարկումների ժամանակ Արջունը ցույց է տվել ավելի բարձր արդյունքներ, մասնավորապես այն ավելի դիպուկ է կրակել, քան Տ-90-ը։ Այս մասին defensenews.com կայքին հայտնել է Հնդկաստանի զինված ուժերի պաշտոնաթող գեներալ, ռազմական վերլուծաբան Րահուլ Բոնսլը (Rahul Bhonsle)։

Հնդկաստանը առաջին երեք Տ-90 տանկերը փորձարկումների համար Ռուսաստանից գնել է դեռևս 1999-ին։ 2001-ին երկու կողմերը կնքել են  310 միավոր Տ-90 տանկերի գնման պայմանագիր, որի գինը կազմել է շուրջ 1 մլրդ ԱՄՆ դոլար։ 2006-ին Հնդկաստանը գնել է ևս 330 տանկ, որոնց համար վճարել է շուրջ 800 մլն ամերիկյան դոլար։ 2007-ին Հնդկաստանը գնել է ևս 347 Տ-90 տանկ, որի համար վճարել է 1,2 մլրդ ամերիկյան դոլար։

Իսկ դեռևս 2001-ին Հնդկաստանը Ռուսաստանի հետ կնքել է 1 մլրդ ԱՄՆ դոլարի պայմանագիր, որով հնդկական գործարաններում արտոնագրով 1000 Տ-90 տանկեր արտադրելու իրավունք է ստացել։ Հնդկաստանում արտադրված առաջին տանկերը զինված ուժերին են տրամադրվել 2009-ին, իսկ տանկերի արտադրության ավարտը նախատեսված է 2020-ին։ Հնդկաստանում արտադրված տանկերը ստացել են «Բհիշմա» անվանումը։

Նշենք, որ բացի Հնդկաստանից, Տ-90 տանկեր Ռուսաստանից գնել են նաև Ալժիրը, Թուրքմենստանը, Ուգանդան, ինչպես նաևԱդրբեջանը, իսկ Ռուսաստանն աստիճանաբար դուրս է մղում դրանք իր զինված ուժերի սպառազինությունից։

One response to “Ռուսաստանից գնած Տ-90 տանկերը Հնդկաստանում ստիպված են արդիականացնել

  1. Pingback: ՌԴ-ն Ադրբեջանին տրամադրել է 100 միավոր Տ-90Ս տանկեր. հնարավոր է ևս 100-ի փոխանցումը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *