Ռուսաստանյան «Ուրալվագոնզավոդը» սառեցնում է նախագծերն ԱՄՆ-ի հետ

Ռուսաստանյան «Ուրալվագոնզավոդ» փակ բաժնետիրական ընկերությունը, որն Ադրբեջանի համար նախատեսված Տ-90Ս տանկերի արտադրողն է, մտադիր է ԱՄՆ-ի պատժամիջոցներին ի պատասխան սառեցնել ամերիկյան կողմի հետ համատեղ նախագծերը։
Ինչպես տեղեկացնում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը, հղում անելով «Ուրալվագոնզավոդի» ներկայացուցիչ Ալեքսեյ Ժարիչի խոսքերին, այս ՓԲԸ-ն ԱՄՆ-ից ոչինչ չի ստանում, միայն մի քանի համատեղ նախագծեր են ընթացքի մեջ, որոնք, ամենայն հավանականությամբ, առաջիկայում սառեցվելու են։ «Մենք ուսումնասիրում ենք նախագծերի սառեցման հետևանքով հնարավոր ռիսկերը մեր և ամերիկյան կողմի համար։ Հավաստիացնում ենք՝ մենք չունենք որևէ խնդիր, ակնհայտ է՝ տուժելու են հենց այն ամերիկյան ընկերությունները, որոնց հետ «Ուրալվագոնզավոդն» ուներ գնացքաքարշերի համատեղ արտադրության նախագծեր»,-շեշտել է Ժարիչը։

Հիշեցնենք, որ 2014-ի մարտի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրիմի կառավարության ղեկավար Սերգեյ Ակսենովը, Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը և Սևաստոպոլի ղեկավար Ալեքսեյ Չալիյը պայմանագիր էին ստորագրել, որը ենթադրում էր՝ Ղրիմը և Սևաստոպոլն ընդգրկվում են Ռուսաստանի Դաշնության կազմում։

Մարտի 18-ին հայտարարություններին հետևեցին եվրոպական միջազգային կառույցների, ինչպես և ԱՄՆ-ի կոչերն ու սպառնալիքները ՌԴ պաշտոնյաների, նաև ռազմական, տնտեսական ու արդյունաբերական ընկերությունների դեմ ուղղված պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ։

Նկատենք նաև, որ «Ուրալվագոնզավոդը», բացի ադրբեջանական կողմին Տ-90 տանկեր տրամադրելուց, 2014-ի մարտին Ադրբեջանի հետ համատեղ վագոնաշինական գործարան հիմնելու պայմանագիր է կնքել «Ադրբեջանի երկաթգծեր» ՓԲԸ-ի հետ։ Ընդ որում, ծրագրվում է գործարանի բուն աշխատանքը սկսել 2015-ին: Նախատեսվում է, որ այն կարտադրի տարեկան 2 հազար հատ, շուրջ 6 տիպի բեռնատար վագոն:
Հայտնի է նաև, որ «Ուրալվագոնզավոդին» պատկանելու է բաժնետոմսերի 50 տոկոսը, ըստ այդմ էլ կազմակերպությունը պարտավորվում է 20-30 մլն եվրո (11 մլն 380 հազար ԱՄՆ դոլար-17 մլն 70 հազար ԱՄՆ դոլար) ներդրում կատարել նախագծում: Արտադրվելիք վագոնները, ադրբեջանական կողմի վկայությամբ, կիրառվելու են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղում, ինչպես և արտահանվելու են Թուրքիա ու Վրաստան:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *