Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների տեղեկությունների վրա հիմնված մշտադիտարկման համաձայն՝ 2014-ի հունվարին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում հայտարարվել է 7 զոհի և 13 վիրավորի մասին։ Ինքնասպանությունների թվով 2014-ի հունվարն ադրբեջանական բանակի համար արդեն իսկ առաջատար է։
2014-ի հունվարին Ադրբեջանի զինուժի հայտարարած զոհերը
2014-ի հունվար ամսվա ընթացքում Ադրբեջանի զինուժը հայտարարել է 7 զոհի մասին: Ընդ որում, եթե համեմատենք այս թիվը 2013-ի նույն ժամանակահատվածի հետ, ապա զոհերի թիվը չի փոխվել։
Այնուհանդերձ, եթե 2013-ի հունվարին մարտական կորուստ չի հայտարարվել, ապա 2014-ի հունվարին արձանագրվել է 2-ը, երկու սպաներն էլ առաջնագծում «հայկական գնդակից»։ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նրանցից մեկը՝ լեյտենանտ Սաբուհի Ռուսթամ օղլու Ազիզովը, զոհվել է հունվարի 27-ին, մյուսը՝ կապիտան Էլնուր Ջաֆար օղլու Ջաֆարովը, հունվարի 23-ին։ Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երկուսին էլ հետմահու պարգևատրել է «Գերազանց ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալով։
Կարող ենք եզրակացնել, որ մարտական կորուստները, ինչպես նաև միջադեպերը սահմանին վկայում են առաջնագծում 2013-ի սկզբի համեմատ ավելի լարված իրավիճակի մասին։ Լարվածությունն ավելի սրվեց հունվարի 19-ին Արցախում հայ”ադրբեջանական զորքերի շփման գծում ադրբեջանական դիվերսիայից հետո։
Վերադառնալով ադրբեջանական կորուստներին՝ նշենք, որ հայտարարված 7 զոհերից 6-ը հաստատվել են, իսկ մեկը հաստատել է ոչ թե Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, այլ այն զինկոմիսարիատը, որտեղից զորակոչվել էր մահացածը:
7 կորուստից 2-ը, ինչպես արդեն նշվեց, մարտական են՝ «հայկական գնդակից», 5-ը՝ ոչ մարտական. 4-ի նախնական պատճառն ինքնասպանությունն է, 1-ինը՝ սրտի անբավարարությունը: Զոհերից մեկը գրանցվել է Բաքվի զորամասերից մեկում, մեկը՝ Նախիջևանում, 4-ը՝ առաջնագծում, մեկի մահվան վայրն էլ չի հաղորդվում: 7 մահացածներից 6-ը զինված ուժերի, մեկը՝ արդարադատության նախարարության պատիժների իրականացման ծառայության պահպանման գնդի զինծառայող էին:
Կարևոր է հիշատակելը, որ տարին դեռ նոր է սկսվել, բայց 2014-ի հունվար ամիսն ադրբեջանական պաշտպանական և անվտանգության համակարգերում արդեն դարձել է վերջին 11 տարվա կտրվածքով առաջատարն ինքնասպանությունների թվով:
2014-ին Ադրբեջանի զինուժի հայտարարած վիրավորները
2014-ի հունվար ամսվա ընթացքում Ադրբեջանի զինուժը հայտարարել է 13 վիրավորի մասին։ 2013-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատությունը ցույց է տալիս, որ վիրավորների թիվն աճել է 76.9 տոկոսով, թեպետ փորձը ցույց է տալիս, որ առավել ևս վիրավորների մասին ոչ միշտ է հաղորդվում։
13 տուժածներից 10-ը պաշտոնապես հաստատվել են, 3-ի դեպքում պաշտոնական մեկնաբանություն չի եղել։
6-ը վնասվել են ավտովթարից (3-ը Սաբիրաբադում գրանցված ՃՏՊ-ից, իսկ մյուս 3-ն առաջնագծում կասկածելի պայմաններում արձանագրված վթարից), մեկը «հայկական գնդակից», 2-ն ինքնասպանության փորձից, 4-ը զենքի հետ անզգույշ վարմունքի հետևանքով: Վիրավորներից մեկն Արդարադատության նախարարության պետական պատիժների իրականացման ծառայության պահպանման գնդի զինծառայող է, մյուսները՝ ԶՈւ զորամասերի։
Նկատենք, որ Ադրբեջանի «Դոկտրինա» լրագրողների ռազմական ուսումնասիրությունների կենտրոնն ամեն ամիս ներկայացնում է Ադրբեջանի զինուժի կորուստների վերաբերյալ ամփոփիչ զեկույց՝ առանց զինծառայողների անուններն ու տվյալները հիշատակելու։ Այս անգամ էլ փետրվարի սկզբին ամփոփելով հունվարի կորուստները՝ «Դոկտրինան» հաղորդել է 7 զոհի, 11 վիրավորի մասին։
Այս զեկույցից հետաքրքիր փաստ է պարզվել։ Այսպես, ըստ «Դոկտրինայի»՝ 2014-ի հունվարին Ադրբեջանում գրանցված վիրավոր զինծառայողներից միայն 3-ն են տուժել ավտովթարից։ Ստացվում է՝ «Դոկտրինան» չի ընդգրկել հունվարի 2-ին Ադրբեջանի հարավային Սաբիրաբադի շրջանում ՃՏՊ-ի պատճառով վնասվածքներ ստացած 3 զինծառայողներին, որոնց մասին տեղեկությունը միակն էր, որ Ադրբեջանի ՊՆ-ն չէր հաստատել։
Բացի այդ, ուշագրավ է, որ ի տարբերություն Ռազմինֆոյի ամփոփման՝ «Դոկտրինան» նշում է «հայկական գնդակից» ոչ թե մեկ, այլ 2 վիրավորների մասին։ Փաստորեն, «հայկական գնդակից» երկրորդ վիրավորը կամ մեր ցուցակում ընդգրկվածներից մեկն է, որի վիրավորվելու պատճառը ՊՆ”ն կոծկում է, կամ էլ ավելի հավանական է՝ միջադեպ է, որի մասին մամուլը չի գրել:
Շեշտենք, որ հունվարի 19-ի ադրբեջանական ձախողված դիվերսիայից հետո հայկական կողմի տվյալներով Ադրբեջանն ունի վիրավորներ, նվազագույնը 2 զոհ, մինչդեռ Ադրբեջանի ՊՆ-ն կտրականապես հերքում էր՝ հետագա օրերին տեղեկացնելով կասկածելի պայմաններում առաջնագծում գրանցված «ոչ մարտական» վիրավորների մասին։
Նկատենք նաև, որ Արցախի Պաշտպանության բանակի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ միայն հունվարի 19-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը կորցրել է 8 զինծառայողի և ունեցել 2 տասնյակից ավել վիրավոր։ Իսկ ըստ ադրբեջանական բաց աղբյուրների՝ նույն ընթացքում եղել է 3 կորուստ, 7 վիրավոր, այն էլ՝ զոհերից 2-ը մարտական, բոլոր տուժածներն էլ՝ «ոչ մարտական պայմաններում»։
Հայաստանի ռազմական կորուստները՝ այստեղ։