Հայկական զինուժի կորուստները 2014-ի հունվարին. Ռազմինֆո

Հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2014 թվականի հունվարի 1-ից 31-ն ունեցել է 4 զոհ և 1 վիրավոր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զոհերի թիվը նվազել է 1-ով։

Ռազմինֆոն հայկական բանակի կորուստները խմբավորել է ըստ երկու չափանիշների` «մարտական» և «ոչ մարտական»:

Որպես մարտական հաշվել ենք հրադադարի ռեժիմի խախտման կամ առաջնագծում ականների պայթյունների պատճառով կորուստները։

Ոչ մարտական կորուստները պայմանականորեն բաժանվել են մի քանի ենթաբաժինների՝ սպանություններ, ինքնասպանություններ, առողջական խնդիրներ, դժբախտ պատահարներ (ճանապարհատրանսպորտային պատահարներ, զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ, այլ պատահարներ)։

Աղբյուրներ

Ռազմինֆոն ցուցակները կազմելիս օգտվել է բացառապես բաց աղբյուրներից: Դրանք են գերատեսչական աղբյուրները՝ ՊՆ կայքը և մամուլի ծառայությունը, ՊԲ պաշտոնական կայքը, ինչպես նաև թեմային անդրադարձող հայկական լրատվամիջոցները, այլ բաց աղբյուրները։ Զեկույցը կազմելիս որոշ ճշտումներ արվել են նաև ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի հետ։

Կորուստներ

2014 թվականի առաջին ամսվա 4 կորուստներից 2-ը մարտական են, իսկ մյուս 2-ը՝ առողջական խնդիրների պատճառով մահեր։

3 մահ գրանցվել է Պաշտպանության բանակում, մյուսը՝ ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկում։

Մարտական կորուստներ

” Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Արցախում հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր են եղել։ Միջադեպը գրանցվել է հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում։ Դիվերսիոն գործողության ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը։

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ի հրամանագրով կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին պարգևատրել է «Արիության համար» մեդալով։ Մեդալներով են պարգևատրվել նաև դիվերսիոն գործողությունն արիաբար հետ մղած 11 զինծառայողները։

” Հունվարի 28-ին Արցախի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի գնդակից զոհվել է 1994-ին ծնված զինծառայող Կարեն Գագիկի Գալստյանը: Նա հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Բակո Սահակյանի հունվարի 30-ի հրամանագրում նշվում է, որ շարքային Գալստյանը պարգևատրվել է Արցախի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար։

Առողջական խնդիրներ

” Հունվարի 14-ի լույս 15-ի գիշերը Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հիվանդության պատճառով մահացել է զինծառայող, 1993-ին ծնված Հայկ Հովհաննեսի Մակարյանը:

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 1-ին մասով (ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որը պատճառել է էական վնաս): Սույն հոդվածը պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով:
Գործի առնչությամբ ձերբակալվածներ դեռևս չկան։

” Հունվարի 20-ին Վաղարշապատի հիվանդանոցում մահացել է ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 1995թ. ծնված Էդիկ Լյովայի Շահնազարյանը։

Փաստի առնչությամբ հարուցվել քրեական գործ՝ Քրեական օրենսգքրի 376 հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Այս պահի դրությամբ ձերբակալվածներ չկան։

Վիրավորներ

2014 թվականի առաջին ամսում հայկական զինուժն ունի դեռևս մեկ հայտարարված վիրավոր՝ Մհեր Խլղաթյանը։ Նրան հունվարի 13-ին գրեթե անգիտակից տեղափոխել են Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այժմ Խլղաթյանը հոսպիտալում շարունակում է բուժում ստանալ։

Գործի առնչությամբ կան ձերբակալվածներ՝ նույն զորաասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Արմենի Օհանյանը և նույն զորամասի բուժծառայության պետ, կապիտան Արման Դավիթի Թադևոսյանը, դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հրաչ Սամվելի Մնացականյանը և մայոր Իշխան Կիրակոսյանը: Նրանք ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 358 պրիմ 1 հոդվածի, 3-րդ մասի, 1-ին կետով նախատեսված հանցանքը կատարելու կասկածանքով`«մի խումբ անձանց կողմից զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը»:

Ադրբեջանի ռազմական կորուստներն՝ այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *