2014-ի սկզբից մինչ օրս Ադրբեջանի զինված ուժերում հայտարարված 6 վիրավոր և 4 զոհ կա, 4-ն էլ՝ ոչ մարտական, չնայած որ Ադրբեջանում փորձագետների մեծ մասը պաշտպանության նոր նախարարի նշանակմամբ ոչ մարտական զոհերի նվազում էր կանխատեսում։
Ադրբեջանում լրագրողների ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնն այս տարի առաջին անգամ մամուլի ասուլիս է հրավիրել: Ըստ «Դոկտրինայի» ՝ 2014-ին Ադրբեջանի ԶՈւ 4 կորուստներն էլ ինքնասպանություն են, և պաշտպանության նոր նախարարի նշանակումը բարեփոխումների չհանգեցրեց:
«Դոկտրինայի» ղեկավար Ջասուր Սումերինլին հայտարարել է՝ չնայած 2013-ի կտրվածքով Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում կորուստների ընդհանուր թիվը 2012-ի համեմատ նվազել է, սակայն դա բնավ չի նշանակում, որ մեծ քանակի ոչ մարտական կորուստների խնդիրը շտկվել է:
Նկատենք, որ «Դոկտրինայի» տարեկան զեկույցի համաձայն 2013-ին Ադրբեջանը նշված համակարգերում ունեցել է 81 կորուստ, 70-ը՝ ոչ մարտական: Ըստ Ռազմինֆոյի ներկայացրած զեկույցի՝ Ադրբեջանի 2013-ի կորուստների թիվն 86 է, որից ոչ մարտականը՝ 75:
Նշենք, որ Սումերինլին 2014-ի սկզբից մինչ օրս Ադրբեջանի հայտարարված 4 կորուստները բնորոշել է որպես «ինքնասպանություն»: Ճիշտ է՝ ՊՆ մամուլի ծառայությունը դրանք բոլորն էլ հաստատել է, սակայն Ադրբեջանի արդարադատության նախարարության պատիժների իրականացման ծառայությունը հունվարի 13-ին մահացած Ռզաև Ջոշգուն Էլշադ օղլուի մահվան նախնական պատճառ է համարում զենքի հետ անզգույշ վարմունքը:
Այնուանդերձ, Սումերինլիի խոսքերում առանցքային նշանակություն ուներ այն հանգամանքը, որ փորձագետի ուսումնասիրությունների համաձայն՝ 2014-ի սկզբին 4 ինքնասպանություններն արդեն իսկ վկայում են՝ վերջին 11 տարիների ընթացքում բանակում ինքնասպանությունների թվով ամենաբարձր ցուցանիշն է:
Փորձագետն անդրադարձել է Ադրբեջանի ՊՆ համակարգում 2013-ի հոկտեմբերի 24-ից ի վեր իրականացվող կադրային կտրուկ փոփոխություններին՝ ընդգծելով, որ դրանք թվով 100 են, բայց Զաքիր Հասանովը պաշտոններ է բաշխել դեռևս նախկին նախարար Սաֆար Աբիևի և ԶՈւ ԳՇ պետ Նաջմեդին Սադիգովի ներքին հակամարտության հետևանքով հեռացված, կաշառակերության դեպքերի հետ առնչվող նախկին զինվորականների:
Սումերինլին նկատել է, որ բացասական միտում է ՊՆ անձնակազմի հետ աշխատանքի վարչության պետ Վագիֆ Մամեդովի պաշտոնավարման շարունակումը, քանի որ վերջինիս անունը շոշափվում է ռազմական փորձագետների դեմ հետապնդումների և հարձակումների սկանդալներում:
ՊՆ նոր խոսնակի նշանակումը ևս չի արժանացել «Դոկտրինայի» դրական գնահատականին՝ ուշադրություն հրավիրելով այն փաստին, որ պաշտոնավարման շուրջ 3 ամիսների ընթացքում նոր նախարարը ոչ մի մամուլի ասուլիս չի հրավիրել:
Եզրափակելով խոսքը՝ Ջասուր Սումերինլին առաջարկել է ԶՈւ համակարգում ներգրավել ավելի մեծ թվով ռազմական հոգեբանների, ինչպես նաև Ադրբեջանում պարտադիր զինծառայության ժամկետը դարձնել 6-9 ամիս:
Չնայած որ «Դոկտրինայի» մասին քիչ բան է հայտնի, սակայն ներկայումս այն Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերի կորուստների հարցում քիչ թե շատ հասանելի աղբյուրն է: