ԱՄՆ–ն արդեն երկրորդ պատվիրակությունն է ուղարկում Թուրքիա

Հունվարի 15–ին ԱՄՆ պաշտպանության նախարարության երկրորդ պատվիրակությունը մեկնելու է Անկարա ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգերի 3,5 մլրդ դոլար արժողությամբ գործարքը քննարկելու համար։ 

Այս մասին հայտնում է թուրքական «ՏՌՏ Հաբեր» լրատվակայքը։ 

Նշվում է, որ քննարկումները Թուրքիայի արդյունաբերության պետական վարչությունում կտևեն 2 օր։ Հանդիպում կլինի նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։ Ներկայացուցիչներ կլինեն նաև արտաքին գործերի նախարարությունից։ 

Ամերիկյան արտադրության Patriot զենիթահրթիռային համակարգ
Ամերիկյան արտադրության Patriot զենիթահրթիռային համակարգ

Հիշեցնենք, որ ԱՄՆ–ն փորձում է Թուրքիային վաճառել իր Patriot ՀՕՊ համակարգերը՝ որպես ռուսական Ս–400-ների այլընտրանք, որոնց գնման պայմանագիրը Թուրքիան Ռուսաստանի հետ կնքել է 2017թ. դեկտեմբերին։

Այս նպատակով  ամերիկյան առաջին պատվիրակությունը Թուրքիա մեկնել էր հունվարի 3–ին, սակայն թուրքական կողմը պնդել էր, որ գործարքի արժեքը թանկ է, և որ ռուսական Ս-400–ների գնումը ավելի էժան է իրենց համար (~2,5 մլրդ դոլար)։ Ավելին՝ թուրքերը պնդում են, որ Ս–400–ները չեն խանգարելու ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի հետ իրենց հարաբերություններին։ Նախագահ էրդողանը հայտարարեց, որ Ս–400–ները անհրաժեշտություն են, և դրանց գործարքը չի չեղարկվելու։

Հունվարի 8–ին Թուրքիա էր մեկնել նաև ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, ում հետ ևս պետք է քննարկվեր ամերիկյան համակարգերի վաճառքի հարցը, սակայն այս մասին մանրամասն տեղեկություններ չեղան։

Թուրք–ռուսական այս գործարքի համար ԱՄՆ–ն անգամ արգելափակեց F-35-երի մատակարարումը Թուրքիային` մինչև 90-օրյա ժամկետում Պենտագոնը կներկայացներ F-35-երի ծրագրին Թուրքիայի մասնակցության մասին զեկույցը։ 

Նոյեմբերի 15-ին Պենտագոնի ներկայացրած զեկույցում նշվում էր, որ 
Ս-400–ների գնումից հետո Թուրքիան կկանգնի ԱՄՆ հատուկ օրենքով (CAATSA) նախատեսված պատժամիջոցների առաջ, խնդիրներ կունենա F-35–երի գնման ծրագրում, ՆԱՏՕ–ի հետ համագործակցային աշխատանքները կարող են նվազել: Զեկույցում, հստակեցվել էր այն պնդումը, որ ամերիկյան կողմը պատրաստ է Թուրքիային ներկայացնել Ս-400–ների այլընտրանքային տարբերակ։ 

Հավելենք, որ 2018թ. դեկտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ 3,5 մլրդ դոլար արժողությամբ գործարքով Թուրքիան կարող է գնել Patriot Mim-104 E համալիրի GEM-T տեսակի 80 հրթիռ, և PAC-3 համալիրի 60 այլ տեսակի հրթիռ, նաև՝ տարբեր սարքավորումներ։ Իսկ Ռուսաստանի հետ պայմանագրով Թուրքիան գնել էր Ս–400 4 դիվիզիոն՝ ~2,5 մլրդ դոլարով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *