Հունվարի 12-ին հայտնի է դարձել, որ Ուկրաինան իր սպառազինությունը կհամալրի թուրքական «Բայրաքթար» (Bayraktar TB2) հարվածային անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ), որոնց պայմանագիրը, ըստ նախկինում տարածված տեղեկությունների, կնքվել էր 2018թ. նոյեմբերի սկզբին՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի Թուրքիա այցի ընթացքում։
Ըստ թուրքական պետական «Անադոլու» գործակալության տեղեկությունների՝ թուրքական ընկերությունը մեկ տարվա ընթացքում Ուկրաինային պետք է մատակարարի 6 միավոր «Բայրաքթար» ԱԹՍ, երեք կառավարման կայան և կից սարքավորումներ։
Հիշեցնենք, որ այս ԱԹՍ-ների գնման հնարավոր պայմանագրի մասին տեղեկություններ տարածվեցին 2018թ․ նոյեմբերին։ Նշվում էր, որ Ուկրաինան 69 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել թուրքական «Բայքար» ընկերության հետ «Բայրաքթար» հարվածային ԱԹՍ-ների գնման համար։ Սակայն Ուկրաինայի պաշտպանության նախարարը այն ժամանակ հերքել էր տեղեկությունները։
Այնուամենայնիվ, որոշ աղբյուրներ պնդում էին, որ պայմանագիրը ամեն դեպքում կնքվել է։ Այդ տեղեկություններով նախատեսվում էր Ուկրաինային վաճառել 6 մարտական ԱԹՍ, 2 կառավարման կայան և 200 կառավարվող հրթիռ։ Ինչպես նաև, ներառված էր պահեստամասերի լրակազմ, տեխնիկական աջակցություն և անձնակազմի վերապատրաստում։
«Բայրաքթար» ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական բնութագիրը․
- Գործողության շառավիղը՝ 150 կմ,
- Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 650 կգ,
- Օգտակար բեռնատարողությունը՝ 150կգ,
- Առավելագույն արագությունը՝ 222 կմ/ժ,
- Թռիչքի տևողությունը՝ առավելագույնը 24ժ,
- Թևերի բացվածքը՝ 12 մ,
- Երկարությունը 6,5 մ,
- Սարքը կարող է ինքնուրույն օդ բարձրանալ և վայրէջք կատարել։