Հունվարի 8–ին Անկարայում ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընի ղեկավարած պատվիրակության հետ։ Բացի Քալընից, այլ պաշտոնյայի, այդ թվում՝ երկրի նախագահ Էրդողանի հետ Բոլթոնը չի հանդիպել և կեսօրից հետո ետ է վերադառնալու։
Բոլթոնի հանդիպման մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը։
Իբրահիմ Քալընի հետ հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության պետի տեղակալը, ԱԳ ու պաշտպանության փոխնախարարները։ Հանդիպումը եղել է փակ ու տևել է մոտ երկու ժամ։ Հանդիպման մասին մանրամասներ չկան, բացի այն, որ Քալընը կրկնել է նախօրեի իր խոսքն այն մասին, որ «Սիրիայում թուրքերի միակ նպատակը քրդերին պաշտպանելն է»։
Այս հանդիպմանը զուգահեռ, Անկարայում Էրդողանի ղեկավարությամբ ընթանում էր նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդի նստի, որի ընթացքում Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ
«Բոլթոնը մեծ սխալ է գործել՝ նախօրեին Իսրայելում «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին»՝ YPG–ին պաշտպանող հայտարարություններ անելով»։
«Նրանք ահաբեկիչներ են, և մենք ամեն ինչ անելու ենք՝ բոլոր ահաբեկիչներին սպանելու համար»,– հայտարարել է Էրդողանը։
Թուրքական ընդդիմադիր «Միլլիյեթ» թերթի կայքը գրում է՝ Էրդողանը Բոլթոնին չի ընդունել, և մեկնաբանել է, որ Բոլթոնը Քալընի զրուցակիցն է, և որ ինքը նրա հետ առայժմ խոսելու ոչինչ չունի։
Ջոն Բոլթոնը հունվարի 6-ին Իսրայելում պաշտպանության նախարար (նաև երկրի վարչապետ) Նեթանյահուի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ «Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրս բերումը կախված է նաև Սիրիայում թուրքերի քրդերի նկատմամբ որևէ գործողություն չիրականացնելու երաշխավորումից»։
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ «Բոլթոնի հայտարարությունը, թե Թուրքիան պետք է այլևս Սիրիայի քրդերի դեմ չգործի, անհիմն է, քանի որ Սիրիայում Թուրքիայի միակ նպատակը քրդերին պաշտպանելն է»։ Նույն բովանդակությամբ էր խոսել նաև պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Նշենք, որ Բոլթոնի հետ պետք է քննարկվեր նաև ամերիկյան «Պատրիոտ» ՀՕՊ համակարգերի վաճառքը Թուրքիային, սակայն այս մասին դեռ որևէ հայտարարություն չկա։
ԱՄՆ–ն երկար ժամանակ է փորձում է բանակցել Թուրքիայի հետ ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի փոխարեն «Պատրիոտ» համակարգեր գնելու համար, որը ըստ ամերիկյան կողմի՝ լիովին համապատասխանում է ՆԱՏՕ–ի ստանդարտներին։
Թուրքիան մի քանի անգամ մերժել է այս առաջարկությունը, նշելով, որ դրանց գործարքը ավելի թանկ է (~3,5 մլրդ դոլար), քան Ս-400–ինը (~2,5 մլրդ դոլար)։