Ս-400-ների գնումը կհանգեցնի Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների․ Պենտանգոնի զեկույց

ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից Կոնգրեսին նոյեմբերի 15-ին ներկայացված զեկույցում նշվել է, որ Թուրքիայի կողմից Ս-400–ների գնումը կարող է սպառնալ F-35-երի ծրագրին։ Զեկույցի մասին մանրամասները նոյեմբերի 29-ին ներկայացրել է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը։

Աղբյուրը հայտնում է, որ ըստ ամերիկյան զեկույցի՝ Ս—400-ների գնումից հետո Թուրքիան կկանգնի ԱՄՆ հատուկ օրենքով (CAATSA) նախատեսված պատժամիջոցների առաջ, խնդիրներ կունենա F-35–երի գնման ծրագրում, ՆԱՏՕ–ի հետ համագործակցային աշխատանքները կարող են նվազել:

Նշվում է, որ Թուրքիան F-35–երի ծրագրին ներգրավվել է 2002թ․–ից և 1,25 մլրդ դոլլար ներդրում ունի դրանում, սակայն ռուսական ՀՕՊ համակարգերի գնումից հետո ԱՄՆ ղեկավարությունը ստիպված կլինի ևս մեկ անգամ հասկանալ Թուրքիայի՝ որպես 8-րդ համագործակցող երկիր, մասնակցությունը այդ ծրագրին։

Զեկույցում, հստակեցվել է այն պնդումը, որ ամերիկյան կողմը պատրաստ է Թուրքիային ներկայացնել Ս-400–ների այլընտրանքային տարբերակ։ Դրա համար կազմվել է մի փաթեթ, ըստ որի՝ հնարավոր է արտադրել Թուրքիայի պաշտպանական բոլոր պահանջներին և ՆԱՏՕ ստանդարտներին համապատասխանող ՀՕՊ համակարգեր՝ նկատի ունենալով, որ Թուրքիան մշտապես ունեցել է օդային պաշտպանության ապահովման խնդիր։ Այդ փաթեթը դեռևս պետք է հավանության արժանանա Կոնգրեսում։

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին ԱՄՆ կոնգրեսի ընդունած 2019թ․ պետբյուջեով արգելափակվեց F-35-երի մատակարարումը Թուրքիային` մինչև 90-օրյա ժամկետում Պենտագոնը կներկայացներ F-35-երի ծրագրին Թուրքիայի մասնակցության մասին զեկույցը։

ԱՄՆ-ի կողմից ինքնաթիռների մատակարարման արգելքի դրդապատճառը Թուրքիայի ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի գնումն է։ Դրանց պայմանագիրը Թուրքիան և Ռուսաստանը կնքել են 2017թ․ դեկտեմբերին։

Ս-400-ների գնմանը դեմ են արտահայտվել և՛ ԱՄՆ-ն, և՛ ՆԱՏՕ-ն։ Վերջիններս ռուսական ՀՕՊ համակարգի փոխարեն առաջարկում են իրենց այլընտրանքային տարբերակները (Օր․՝ ամերիկյան Patriot համակարգը), սակայն Թուրքիան հետ չի կանգնում ռուսական համակարգերից, նշելով, որ ՆԱՏՕ-ն ամբողջությամբ չի կարող պաշտպանել իր օդային տարածքը, ինչը բավական նուրբ հարց է իր համար։

Չնայած վերոնշյալ իրադարձություններին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հոկտեմբերի 25-ին հայտարարել էր, որ ռուսական Ս–400-ները Թուրքիայում տեղակայվելու են 2019թ․ հոկտեմբերից։ Նա նշել էր, որ ՆԱՏՕ–ն և ԱՄՆ–ն չունեն մտահոգվելու որևէ առիթ, քանի որ «Թուրքիան թույլ չի տա ՆԱՏՕ համակարգերի նկատմամբ որևէ ոտնձգություն»։

Հուլուսի Աքարը հայտարարել էր նաև, որ որևէ փոփոխություն չի եղել ԱՄՆ–ից F-35 ինքնաթիռների գնման ծրագրում։ Չնայած նրան, որ Պենտագոնի զեկույցը դեռևս հայտնի չէր, Աքարը հայտնեց, որ 2019թ․ մարտին նախատեսվում է Թուրքիային մատակարարել ևս երկու միավոր ինքնաթիռ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *