Թուրքիան կարող է գնել ամերիկյան Patriot ՀՕՊ համալիրներ

Դեկտեմբերի 18-ին ԱՄՆ պետդեպարտամենտը թույլատրել է Թուրքիային վաճառել 3,5 մլրդ դոլարի Patriot զենիթահրթիռային համալիր։ Այս մասին հայտնում է ամերիկյան Reuters գործակալությունը։

Նշվում է, որ այս գումարով Թուրքիան կարող է գնել Patriot Mim-104 E համալիրի GEM-T տեսակի 80 հրթիռ, և PAC-3 համալիրի 60 այլ տեսակի հրթիռ, նաև՝ տարբեր սարքավորումներ։ 

Գործակալությունը ընդգծում է, որ այս փաստաթուղթը դեռևս չի ենթադրում, որ գործարքը արդեն կնքվել է։

Ամերիկյան Lochheed Martin ընկերության Patriot PAC-3 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգը հրթիռի արձակման պահին
Ամերիկյան Lochheed Martin ընկերության Patriot PAC-3 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգը հրթիռի արձակման պահին

Հիշեցնենք, որ ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգը Թուրքիային առաջարկվում է որպես ռուսական Ս-400 համակարգերի այլընտրանք։ Թուրքիան Ռուսաստանից Ս–400 ՀՕՊ համակարգերի գնման պայմանագիր է կնքել 2017թ. դեկտեմբերին։

Ս-400-ների գնմանը դեմ են արտահայտվել և՛ ԱՄՆ-ն, և՛ ՆԱՏՕ-ն։ Նրանք առաջարկում են ռուսական ՀՕՊ համակարգի փոխարեն գնել իրենց այլընտրանքային տարբերակները (օր․՝ ամերիկյան Patriot համակարգը), սակայն Թուրքիան ետ չի կանգնում՝ նշելով, որ ՆԱՏՕ-ն ամբողջությամբ չի կարող պաշտպանել իր օդային տարածքը, ինչը բավական նուրբ հարց է իր համար։

Թուրք–ռուսական այս գործարքի համար ԱՄՆ–ն անգամ արգելափակեց F-35-երի մատակարարումը Թուրքիային` մինչև 90-օրյա ժամկետում Պենտագոնը կներկայացներ F-35-երի ծրագրին Թուրքիայի մասնակցության մասին զեկույցը։ 

Նոյեմբերի 15-ին Պենտագոնի ներկայացրած զեկույցում նշվում էր, որ 
Ս-400–ների գնումից հետո Թուրքիան կկանգնի ԱՄՆ հատուկ օրենքով (CAATSA) նախատեսված պատժամիջոցների առաջ, խնդիրներ կունենա F-35–երի գնման ծրագրում, ՆԱՏՕ–ի հետ համագործակցային աշխատանքները կարող են նվազել: Զեկույցում, հստակեցվել էր այն պնդումը, որ ամերիկյան կողմը պատրաստ է Թուրքիային ներկայացնել Ս-400–ների այլընտրանքային տարբերակ։ 

Հավելենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հոկտեմբերի 25-ին հայտարարել էր, որ ռուսական Ս–400-ները Թուրքիայում տեղակայվելու են 2019թ․ հոկտեմբերից։ Նա նշել էր, որ ՆԱՏՕ–ն և ԱՄՆ–ն չունեն մտահոգվելու որևէ առիթ, քանի որ «Թուրքիան թույլ չի տա ՆԱՏՕ համակարգերի նկատմամբ որևէ ոտնձգություն»։

Հուլուսի Աքարը հայտարարել էր նաև, որ որևէ փոփոխություն չի եղել ԱՄՆ–ից F-35 ինքնաթիռների գնման ծրագրում։ Չնայած նրան, որ Պենտագոնի զեկույցը դեռևս հայտնի չէր, Աքարը հայտնեց, որ 2019թ. մարտին նախատեսվում է Թուրքիային մատակարարել ևս երկու միավոր ինքնաթիռ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *