Ռուսաստանը ՀՕՊ տեխնիկայի սպասարկման կենտրոն է ստեղծում Իրանում. Կոժին

Իրանին մատակարարած Ս-300 ԶՀՀ-ների հետվաճառքային սպասարկումները կատարելու համար Ռուսաստանը հատուկ կենտրոն է ստեղծում Իրանում։ Այս մասին ռուսաստանյան «Ռոսսիյա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը։ Մարտի 12-ին փոխանցում է «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

«Իրանում, որտեղ մենք մեր ՀՕՊ տեխնիկան մատակարարեցինք, ստեղծում ենք հատուկ սպասարկման կենտրոն», — ասել է Կոժինը։

Ս-300 ԶՀՀ-ի փորձարկում Իրանում

Ս-300 ԶՀՀ-ի փորձարկում Իրանում

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կոժինը հայտարարել էր, որ 2017 թվականին Ռուսաստանն Իրանին մատակարարել է  ռադիոտեխնիկական հետախուզության համալիրներ և այլ ոչ հարձակողական ռազմական տեխնիկա։

Ըստ Կոժինի՝ 2017-ին Ռուսաստանը իրականացրել է նաև Իրանին մատակարարած Ս-300 ԶՀՀ-ների հետվաճառքային սպասարկումներ։

2016-ի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Ռուսաստանն ավարտել է Ս-300 ԶՀՀ-ների մատակարարումն Իրանին։ Գործարքն արժեցել է շուրջ 1 մլրդ դոլար։ Համակարգն Իրանը փորձարկել է 2017-ի մարտին։ Ս-300-ները արդեն մարտական հերթապահություն են իրականացնում Իրանում։

Ըստ ամերիկյան Janes ռազմական հանդեսի՝ Ս-300 ԶՀՀ-ների 4 դիվիզիոնից երկուսը (մեկ գունդ) Իրանը տեղակայել է մայրաքաղաք Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում, իսկ մյուսը՝ Թեհրանի հարավ-արևելքում գտնվող Խավար Շահր շրջանի ՀՕՊ բազայում։

Ս-300-ի ևս մեկ դիվիզիոն Իրանը տեղակայել է Պարսից ծոցի շրջանում՝ Բուշեհր քաղաքում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *