Ռուսաստանից ձեռք բերած Ս-300 ԶՀՀ-ների 4 դիվիզիոնից երկուսը (մեկ գունդ) Իրանը տեղակայել է մայրաքաղաք Թեհրանում և դրան հարակից շրջանում։ Դիվիզիոններից մեկը տեղակայվել է «Մեհրաբադ» օդանավակայանում, իսկ մյուսը՝ Թեհրանի հարավ-արևելքում գտնվող Խավար Շահր շրջանի ՀՕՊ բազայում։ Այս մասին տեղեկացնում է Janes ռազմական հանդեսը։
Ավելի վաղ հանդեսը տեղեկացրել էր, որ Ս-300-ի դիվիզիոններից մեկը տեղակայվել է Պարսից ծոցի շրջանում՝ Բուշեհր քաղաքում։ Առայժմ անհայտ է մնում մյուս դիվիզիոնի տեղակայման վայրը։
Ավելի վաղ Իրանի բանակի «Խաթեմ ալ-Անբիա» ՀՕՊ ստորաբաժանման հրամանատար Ֆարզադ Էսմայիլին հայտարարել էր, որ Ս-300 ԶՀՀ-ները արդեն մարտական հերթապահություն են անցնում Իրանում, սակայն նա չէր բացահայտել համակարգերի տեղակայման վայրերը։
Հիշեցնենք, որ 2016-ի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Ռուսաստանն ավարտել է Ս-300 ԶՀՀ-ների մատակարարումն Իրանին։ Գործարքը արժեցել է շուրջ 1 մլրդ դոլար։ Համակարգերի մի մասը Իրանը ցուցադրել է Իրան-իրաքյան պատերազմի հիշատակին նվիրված զորահանդեսի ժամանակ՝ 2016-ի սեպտեմբերին։ Համակարգն Իրանը փորձարկել է 2017-ի մարտին։