2017 թվականին Ռուսաստանն Իրանին մատակարարել է ռադիոտեխնիկական հետախուզության համալիրներ և այլ ոչ հարձակողական ռազմական տեխնիկա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը։ Փետրվարի 7-ին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։
Կոժինի խոսքերով՝ 2017-ին Ռուսաստանը իրականացրել է նաև Իրանին մատակարարած Ս-300 ԶՀՀ-ների հետվաճառքային սպասարկումներ։
Հիշեցնենք, որ 2016-ի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Ռուսաստանն ավարտել է Ս-300 ԶՀՀ-ների մատակարարումն Իրանին։ Գործարքն արժեցել է շուրջ 1 մլրդ դոլար։ Համակարգն Իրանը փորձարկել է 2017-ի մարտին։
Ս-300 ԶՀՀ-ներից բացի Իրանը նաև քննարկում էր Ռուսաստանից Տ-90 տանկեր գնելու հնարավորությունը, սակայն հետագայում հայտարարեց, որ հետաքրքրված չէ ռուսաստանյան Տ-90-ներով և մտադիր է սեփական տանկեր արտադրել Իրանում: 2017-ի մարտին արդեն Իրանը ներկայացրեց Տ-72 տանկերի հիման վրա ստեղծված «Քարրար» տանկը, որը ըստ իրանական կողմի ոչնչով չի զիջում Տ-90-ին։
Իրանը Ռուսաստանի հետ քննարկել է նաև Սու-30 կործանիչներ գնելու հնարավորությունը, սակայն Իրանի վրա դրված զենքի վաճառքի սահմանափակումների պատճառով առայժմ գործարքը հնարավոր չէ։
Նշենք, որ ՄԱԿ-Ի ԱԽ 2231 բանաձևով` 2015թ. հուլիսի 20-ից 2020թ. հոկտեմբերի 18-ը տանկեր, զրահամեքենաներ, ռազմական ուղղաթիռներ և ինքնաթիռներ Իրանը կարող է ձեռք բերել միայն ՄԱԿ-ի ԱԽ-ի համաձայնությամբ:
ՄԱԿ ԱԽ-ի 2231 բանաձևից բացի Իրանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը սահմանափակվում է նաև ՌԴ նախագահի «2010թ. հունիսի 9-ի ՄԱԿ ԱԽ 1929 բանաձևի կատարման միջոցառումների մասին» հրամանով, որն արգելում է Իրանին մատակարարել տանկեր, զրահամեքենաներ, մարտական ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ռազմանավեր, հրթիռներ կամ հրթիռային համակարգեր: