Իրաքի Մոսուլ քաղաքն ազատագրված է «Իսլամական պետությունից»

Շուրջ իննամսյա մարտերից հետո Իրաքի կառավարական ուժերին հաջողվել է ավարտին հասցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Մոսուլ քաղաքի և հարակից շրջանների ազատագրման գործողությունը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին երեկ՝ հուլիսի 9-ին, այցելել է ազատագրված քաղաք և զինված ուժերին շնորհավորել հաղթանակի կապակցությամբ: Քաղաքում բարձրացվել է Իրաքի դրոշը:

Iraqi News լրատվակայքը փոխանցում է, որ քաղաքի արևմուտքում ԻՊ վերահսկողության տակ է շարունակում մնալ «մի քանի մետր»՝ Տիգրիս գետի ափամերձ Քլեյաթ և Շահուան շրջաններում:

Մոսուլը ահաբեկիչների ձեռքում էր 2014 թվականից, երբ ԻՊ զինյալներին հեշտությամբ հաջողվել էր Մոսուլից դուրս մղել կառավարական ուժերը և ոստիկանական զորքերը: 2014 թվականից քաղաքը լքել է շուրջ 900 հազար մարդ:

Հունիսի 29-ին Իրաքի կառավարական բանակը ազատագրել էր Մոսուլի Ան Նուրի Մեծ մզկիթը, որը Մոսուլում «Իսլամական պետության» ամենակարևոր և վերջին հենակետերից մեկն էր։ Մզկիթի գրավումից հետո Իրաքի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել էր, որ Մոսուլն ազատագրված է։ Մզկիթն ավելի վաղ պայթեցրել էին ԻՊ զինյալները: Իրաքի պաշտպանության նախարարը մզկիթի պայթեցումը ԻՊ կողմից պարտության ընդունում էր որակել։

Մզկիթի ազատագրումը խորհրդանշանական էր, քանի որ այստեղից էր 2014-ին ԻՊ պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին հայտարարել «Իսլամական խալիֆայության» ստեղծման մասին:

ԻՊ-ից Մոսուլ քաղաքի և հարակից տարածքների ազատագրման գործողությունը Իրաքի կառավարական ուժերը սկսել են  2016-ի հոկտեմբերի 17-ից։ Ազատագրման գործողության մեկնարկի մասին հայտարարել էր հենց Իրաքի վարչապետը:

Մոսուլի գործողությունների ընթացքում առաջին լուրջ առաջխաղացումը նոյեմբերի 1-ին էր՝ Մոսուլի ազատագրման գործողության 16-րդ օրը, երբ Իրաքի կառավարական զորքերը 2014-ից սկսած առաջին անգամ մուտք են գործել բուն քաղաք։

2017-ի հունվարին Իրաքի ուժերին հաջողվել է վերահսկողություն սահմանել Մոսուլ արևելյան հատվածում, ինչին հաջորդել էին արևմտյան հատվածի ազատագրման համար գործողությունները:

Գործողությանը մասնակցում էին Իրաքի կառավարական բանակի, քրդական Փեշմերգե զորաջոկատների մարտիկներ, ինչպես նաև կառավարամետ շիա զինյալներ: Սակայն բուն քաղաքում ընթացող մարտերը հիմնականում մղել են Իրաքի կառավարական բանակի մարտիկները:

Գործողության շրջանակներում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան ևս ավիահարվածներ է հասցրել քաղաքում ԻՊ դիրքերին։

«Իսլամական պետությունը» Իրաքի կառավարական բանակի դեմ օգտագործում էր ականանետներ, հրթիռահրետանային զինտեխնիկա, ինչպես նաև մեծ քանակությամբ ինքնաշեն պայթուցիկ սարքավորումներով բեռնված մեքենաներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *