Իրաքի բանակը սկսել է ազատագրել Մոսուլի արևմտյան հատվածը

Փետրվարի 19-ին Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին հայտարարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Մոսուլի արևմտյան մասի ազատագրման գործողության մեկնարկի մասին: Միաժամանակ գործողության շրջանակներում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան ավիահարվածներ է հասցնում քաղաքի ԻՊ դիրքերին։

Կառավարական ուժերը գործողության մեկնարկից ժամեր անց Մոսուլից հարավ ազատագրել են ԻՊ զինյաների ձեռքում գտնվող մի քանի գյուղ, փոխանցում է BBC լրատվակայքը։

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնում է, որ գործողությանը մասնակցում են Իրաքի բանակը, ՆԳՆ արագ արձագանքման ստորաբաժանումները և շիա աշխարհազորայիններ:

«Իսլամական պետությունը» Իրաքի կառավարական բանակի դեմ օգտագործում է ականանետներ, հրթիռահրետանային զինտեխնիկա, ինչպես նաև մեծ քանակությամբ ինքնաշեն պայթուցիկ սարքավորումներով բեռնված մեքենաներ։

Հունվարի 18-ին Մոսուլի արևելյան հատվածի ազատագրումից հետո Իրաքի բանակի հակաահաբեկչական ստորաբաժանման ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Աբդուլղանի ալ-Ասադին հայտարարել էր, որ Իրաքի կառավարական բանակը ձեռնամուխ կլինի արևմտյան Մոսուլի ազատագրմանը:

2016-ի վերջին Իրաքի բանակն անցել էր Մոսուլի ազատագրման գործողության երկրորդ փուլին՝ խոշոր հարձակում իրականացնելով ԻՊ ձեռքում գտնվող քաղաքի հարավարևելյան մասում գտնվող 5 արվարձանի ուղղությամբ։ 2017-ի հունվարի 8-ին Իրաքի բանակը հասավ Տիգրիս գետին: Հունվարի 15-ին երկու օր տևած մարտերից հետո Իրաքի բանակը ամբողջովին ազատագրեց  Մոսուլ քաղաքի համալսարանի տարածքը:

Մոսուլ քաղաքի և հարակից տարածքների ազատագրման գործողության մեկնարկի մասին հայտնել է Իրաքի վարչապետը 2016 թվականի հոկտեմբերի 17-ին։ Գործողությանը մասնակցում են Իրաքի կառավարական բանակի, քրդական Փեշմերգե զորաջոկատների մարտիկներ, ինչպես նաև շիաներ:

Մոսուլի ազատագրմանը աջակցում են նաև ԱՄՆ գլխավորած կոալիցիան, որը ավիահարվածներ է հասցնում Մոսուլում տեղակայված ԻՊ դիրքերին:

Հիշեցնենք նաև, որ 2014 թվականի հունիսին ԻՊ զինյլաներին հաջողվել էր Մոսուլից դուրս մղել կառավարական բանակը և սահմանել հսկողություն մեծությամբ երկրորդ իրաքյան քաղաքի վրա։

Նշենք նաև, որ 2016 թվականին ԻՊ-ն կորցրել է Սիրիայում և Իրաքում իր վերահսկած տարածքների 23 տոկոսը:

One response to “Իրաքի բանակը սկսել է ազատագրել Մոսուլի արևմտյան հատվածը

  1. Pingback: Մոսուլի օդանավակայանը ազատագրվել է | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *