Անսպասելի զարգացումներ Իրաքում. զինյալները գրավել են Մոսուլ քաղաքը և շարժվում են առաջ

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական ծայրահեղ խմբավորմանը հունիսի 10-ին հաջողվել է Իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաքից դուրս մղել կառավարական ուժերը և ոստիկանական զորքերն ու սահմանել հսկողություն մեծությամբ երկրորդ իրաքյան քաղաքի և դրա՝ ռազմավարական կարևորության մի շարք օբյեկտների նկատմամբ։ Այս մասին հաղորդում է Ռոյթերս գործակալությունը։

Մոսուլի արվարձանը մարտերից հետո

Մոսուլի արվարձանը մարտերից հետո

Հունիսի 11-ի դրությամբ իսլամիստները վերահսկում են Մոսուլի օդանավակայանը, հեռուստաաշտարակն ու վարչական բոլոր շենքերը։

Ինչպես հաղորդում է բրիտանական BBC հեռուստաալիքը, արդեն երկրորդ օրն է, ինչ քաղաքի 500 հազարանոց բնակչության զգալի մասի՝ հատկապես շիաների շրջանում, տիրում է խուճապ։ Զինյալների վայրագություններից խուսափելու համար մարդիկ զանգվածաբար դիմում են փախուստի՝ ընդհուպ անցնելով Տիգրիս գետը։ Իրավիճակն ավելի է լարվել, երբ իսլամիստները քաղաքի բանտերից ազատ են արձակել շուրջ 1 000 կալանավոր։

Հունիսի 10-ին Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքը հարկադրված էր հայտարարել համընդհանուր զորահավաք ու խորհրդարանի համաձայնությամբ երկրում սահմանել արտակարգ դրություն։ Կառավարությունը քննարկում է նաև ճգնաժամի մեջ հայտնված շրջանների բնակչությանը հրազեն բաժանելու տարբերակը։

Իրաքյան կառավարական ուժերը դեռ չեն հասցրել սթափվել կրած ձախողումներից ու որևէ խոսք հակահարվածի մասին դեռևս չի գնում։ Ավելին՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) խմբավորումը շարունակում է իր առաջխաղացումը և հունիսի 11-ին հսկողություն է սահմանել նաև Սալահ ադ-Դին գավառի մի մասի նկատմամբ։ Ներխուժումը Քիրքուքի շրջան, որտեղ կենտրոնացած են Իրաքի նավթային խոշորագույն պաշարները, հնարավոր է եղել կանխել շնորհիվ տեղի ոստիկանական զորքերի և քրդական զինված ջոկատների ցույց տված դիմադրության շնորհիվ։

Իրադարձությունների նման զարգացումն անհանգստություն է առաջացրել ինչպես տարածաշրջանի, այնպես էլ դրանից դուրս երկրներում։ Մոսուլի գրավմանն առաջիններից է արձագանքել ԱՄՆ-ն, որի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել է՝ Միացյալ Նահանգներն Իրաքի կառավարությանը կցուցաբերեն անհրաժեշտ ողջ աջակցությունը զինյալներին արժանի հակահարված տալու համար:

Պետք է նշենլ, որ Մոսուլի գրավման արդյունքում իսլամիստների տրամադրութւան տակ է անցել նաև այդ քաղաքում առկա որոշ տեսակի ամերիկյան սպառազինություն, որոնք ԱՄՆ-ն Իրաքին էր փոխանցել զինված ուժերի վերակազմավորման աջակցման ծրագրի շրջանակներում։ Հայտնի է, որ զինյալներին են անցել շուրջ 40 հատ Humvee զրահամեքենա և նույնիսկ 2 միավոր BlackHawk ուղղաթիռ։

Խմբավորման իսլամիստն իրաքյան բանակի Hummer զրահամեքենայի վրա

Խմբավորման անդամն իրաքյան բանակի Humvee զրահամեքենայի վրա

Երկար չի սպասեցրել նաև Մեծ Բրիտանիայի արձագանքը՝ ի դեմս արտգործնախարար Ուիլյամ Հեյգի հայտարարությանը։ Վերջինս հունիսի 11-ին հայտնել է, որ արտակարգ խորհրդակցություն կանցկացվի Իրաքի կառավարության հետ՝ նախանշելու համար ելքի ուղիները ստեղծված իրավիճակից։

Իր հերթին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի-Մունը ևս մեկ անգամ կոչ է արել բոլոր երկրներին խստորեն պահպանել այն բոլոր պատժամիջոցները, որոնք սահմանվել են ԻԼԻՊ-ի նկատմամբ՝ Անվտանգության Խորհրդի ընդունած բանաձևերի տեսքով։ Նշենք, որ դրանք ենթադրում են ֆինանսական ցանկացած գործողությունների, զենքի վաճառքի և նույնիսկ տեղաշարժման սահմանափակում ԻԼԻՊ-ի անդամների նկատմամբ։

Հավելենք, որ Լիբանանյան պարբերականներից մեկի հաղորդած դեռևս չճշտված տվյալներով, որպես արձագանք տարածաշրջանում ծավալվող իրադարձություններին, մարտական պատրաստության վիճակի է բերվել նաև Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը ստեղծվել է 2006-ին՝ ըստ ընդհանուր տարածված վարկածի՝ ալ-Կաիդայի օժանդակությամբ: Սկզբնական շրջանում այն գործում էր Իրաքում, սակայն 2013-ի փետրվարից սկսեց ակտիվություն ցույց տալ նաև Սիրիայի տարածքում։ Խմբավորման գործունեության հիմքում ընկած է զինված պայքարն Իրաքի և Սիրիայի կառավարությունների դեմ, ինչն ի թիվս այլ դրդապատճառների, պայմանավորված է նաև կրոնական հանգամանքով։