Մարտի երկուսին ՌԴ փոխվարչապետն անսպասելիորեն այցելել է Բաքու: Ինչպես հայտնել ենք, խնդիրն այն է, որ Ադրբեջանը չի վճարել Ռուսաստանից պատվիրած սպառազինության մի մասի համար, վերջինս էլ Ադրբեջանին չի հանձնում Բաքվի նավահանգիստ հասած ու դեռ չբեռնաթափված տեխնիկան: Ստորև ներկայացնում ենք, թե կոնկրետ որ զինատեսակներն են, որ դեռ չեն փոխանցվել Ադրբեջանին:

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը. Բաքու, 3 մարտի 2016թ.
ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինի այս այցի մասին հայտնած ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականը նշում է՝ որպես արդեն ավարտված գործարք, Ադրբեջանին Մի-17Վ-1 ուղղաթիռների մատակարարումը: Հայտնի է, որ 2008–10 թթ. կնքված պայմանագրերով Ռուսաստանն այդ ուղղաթիռներից ընդհանուր առմամբ 66 միավոր պիտի փոխանցեր Ադրբեջանի զինված ուժերին, ՆԳ, ԱԻ նախարարություններին և սահմանապահ պետական ծառայությանը:
Ինչ վերաբերում է չմատակարարված սպառազինությանը, ապա ըստ «Կոմերսանտի»՝ Ադրբեջանին մնացել է մատակարարել «որոշ քանակի տանկեր, հետևակի զրահամեքենաներ և մի քանի տեսակի հրետանային միջոցներ»:
Մատակարարումների ուշացումը հավանաբար վերաբերում է 2011 թ. ռուս-ադրբեջանական խոշոր գործարքով նախատեսված սպառազինության մի մասին: Հենց այդ ժամանակ է Ադրբեջանը մոտ 1,3 մլրդ դոլարի տանկեր, հետևակի մարտական մեքենաներ ու հրետանային միջոցներ պատվիրել Ռուսաստանից:
Գործարքի առանձին կետերն են.
Տ-90 տանկ (պատվիրել են 94 միավոր). 2014-ի սեպտեմբերին Ռուսաստանյան զենքի պաշտոնական արտահանող «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության ներկայացուցիչը հայտարարել էր, որ իրենք 2015-ի սկզբին ավարտելու են Ադրբեջանին Տ-90 տանկերի մատակարարումը: 2015-ի հոկտեմբերին էլ հայտնի դարձան ՄԱԿ սովորական սպառազինությունների ռեգիստրի տվյալները, ըստ որոնց՝ 2014թ. ընթացքում Ռուսաստանը Ադրբեջանին փոխանցել է 65 միավոր տանկ: Այս տանկերի որոշակի քանակ էլ Ադրբեջանին տրամադրվել է 2013-ին. ստանալուց օրեր անց դրանք ցուցադրվել են Բաքվի զորահանդեսում: Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» (ЦАМТО) տվյալներով՝ 2015-ին նախատեսվում էր մատակարարել մնացած 19 միավորը: Եթե հավատանք «Կոմերսանտի» հրապարակմանը, ապա այս տանկերի մի մասն այնուամենայնիվ դեռ չի հանձնվել Ադրբեջանին:
ԲՄՊ-3 ՀՄՄ (պատվիրել են 91 միավոր). ՄԱԿ ռեգիստրի նույն տվյալներով՝ 2014-ին Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է նաև 78 միավոր հետևակի մարտական մեքենա: Բացի այդ, այս մեքենաների որոշ խմբաքանակ Բաքուն ստացել է նաև 2013-ին: Մնացած խմբաքանակի վերաբերյալ ՀՄՄ-ներն արտադրող ընկերության ներկայացուցիչը 2015-ի դեկտեմբերին հայտարարել է, որ դրանք Ադրբեջանին են մատակարարվելու 2016-ին: Կարելի է ենթադրել, որ այս պահի դրությամբ ոչ բոլոր ԲՄՊ-3 մեքենաներն են փոխանցվել Ադրբեջանին:
Հրետանի. 2011 թ. Ադրբեջանի պատվիրած հրետանային, այդ թվում՝ ռեակտիվ հրետանային, զինատեսակներից են.
- «Մստա-Ս» ինքնագնաց հաուբից (պատվիրված էր 18 միավոր, նախատեսված էր մատակարարել 2013 թ.)
- «Վենա» ինքնագնաց հրանոթ / ականանետ (18 միավոր, 2013 թ.)
- «Սմերչ» ՀԿՌՀ (18 միավոր, 2012 թ.)
- «Սոլնցեպյոկ» ծանր հրանետ (12 միավոր, 2013–14 թթ.)
- 2Բ24/2Բ11 ականանետներ (400 միավոր, 2013 թ.)
Հրետանային զինատեսակների որոշ խմբաքանակ նույնպես մատակարարվել է 2013 թ., սակայն դրանց ամբողջական ստացումը հավաստող որևէ տեղեկություն բաց աղբյուրներից չենք գտել:

Ռուսաստանից Ադրբեջանի ստացած ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետները և «ԲՄՊ-3» հետևակի մարտական մեքենաները. հունիս 2013թ.
Այսպիսով, ավելի վաղ հայտնի դարձած տվյալները «Կոմերսանտի» տեղեկությունների հետ համադրելով՝ կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանի պատվիրած տանկերի, հետևակի մարտական մեքենաների և հրետանային միջոցների մի մասն իրոք դեռ չի մատակարարվել Ադրբեջանին, ինչի շուրջ էլ երեկ Բաքվում բանակցել են Ռուսաստանի փոխվարչապետը և Ադրբեջանի ղեկավարությունը:
Pingback: Զենքի դիմաց վճարումների ուշացման վերաբերյալ ռուս-ադրբեջանական բանակցությունների արդյունքը | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 28 փետրվարի – 5 մարտի, 2016 | Ռազմ.info
Pingback: Ֆինանս չլինելու պատճառով Բաքուն ԲՄՊ-3 մեքենաները 2016-ի փոխարեն կստանա 2018-ին | Ռազմ.info
Pingback: Ադրբեջանի ռազմական ոլորտում 2016-ի կարևոր իրադարձությունները | Ռազմ.info