Վրաստանի վարչապետը նկատողություն է արել պաշտպանության նախարարին ներկուսակցական կռիվների համար

Մարտի 3-ին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին նկատողություն է արել պաշտպանության նախարար Թինա Խիդաշելիին ներկուսակցական կռիվների համար՝ նշելով, որ նա առաջին հերթին կառավարության անդամ է և հետո միայն իր կուսակցության առաջնորդներից մեկը։ Այս մասին տեղեկացնում է վրաստանյան ընդդիմադիր «Ռուսաթվի-2» հեռուստաընկերության կայքը։

Ձախից աջ. Գոգի Թոփաձե, Թինա Խիդաշելի, Գեորգի Կվիրիկաշվիլի

Ձախից աջ. Գոգի Թոփաձե, Թինա Խիդաշելի, Գեորգի Կվիրիկաշվիլի

Բանն այն է, որ վերջին շրջանում պաշտպանության նախարար, ինչպես նաև «Հանրապետական կուսակցության» ղեկավար Թինա Խիդաշելին և «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» կուսակցության ղեկավար Գոգի Թոփաձեն (երկու կուսակցություններն էլ «Վրացական երազանք» կոալիցիայի մեջ են —Razm.info) հանրայնորեն կռվում են՝ միմյանց հասցեի մեղադրանքներ հնչեցնելով։

Թոփաձեն մեղադրում է Խիդաշելիին, որ վերջինս 2015 թվականին Սագարեջոյում միջանկյալ խորհրդարանական ընտրությունների ժամանակ (այսպիսի ընտրություններ անցկացվում են, երբ խորհրդարանում պատգամավորի թափուր տեղ է լինում —Razm.info) չարաշահել է իր ադմինիստրատիվ ռեսուրսները և կեղծել է ընտրությունների արդյունքները, որում հաղթել է Խիդաշելիի բարեկամուհին։

«Ռուսթավի-2-ի» հետ զրույցում վարաչպետ Կվիրիկաշվիլին հորդորել է նաև կոալիցիայի անդամներին հանրայնորեն մեղադրանքներ չհնչեցնել պաշտպանության նախարարի հասցեին։ «Մենք պիտի ամեն ինչ անենք, որպեսզի բանակը հեռու պահենք քաղաքական գործընթացներից ու բացառենք մեր զինծառայողների ներգրավվածությունը քաղաքականությանը:  Ես կոչ եմ անում քաղաքական բոլոր կուսակցություններին քննարկել հակասական հարցերն իրար ներսում,այլապես որպես վարչապետ, ես փոփոխություններ կանեմ, որոնք կօգնեն պետական և քաղաքական գործընթացների հավասարաչափ գործելուն»,— վստահեցրել է Կվիրիկաշվիլին։

Նույն օրը Թոփաձեն արձագանքել է Կվիրիկաշվիլիին, նշելով, որ վարչապետն օբյեկտիվ է եղել։

Տեղեկացնենք, որ 2016 թ.-ի փետրվարի սկզբին Թոփաձեն հայտարարել էր, որ Խիդաշելին, կիրառելով իր ադմինիստրատիվ ռեսուրսները կեղծել է ռեսուրսներն ու այդպիսով վարկաբեկել «Վրացական երազանք» կոալիցիան։

Խիդաշելին արձանագրություն կազմելիս. «Իմ ձեռքով արձանագրություններն եմ կազմում, ոչ ոքի չեմ վստահում։ Կարոտել էի ընտրությունները։ Թամար Խիդաշելի դու ոսկե աղջիկ ես»։ Հ.Գ- մեջ նշում է, որ ինքը ոչ թե ընտրատեղամասում է, այլ կուսակցության շտաբում, որտեղ վերահաշվում են տարբեր տեղերից բերված արձանագրությունների պատճենները

Խիդաշելին արձանագրություն կազմելիս. «Իմ ձեռքով արձանագրություններն եմ կազմում, ոչ ոքի չեմ վստահում։ Կարոտել էի ընտրությունները։ Թամար Խիդաշելի դու ոսկե աղջիկ ես»։
Հ.Գ- մեջ նշում է, որ ինքը ոչ թե ընտրատեղամասում է, այլ կուսակցության շտաբում, որտեղ վերահաշվում են տարբեր տեղերից բերված արձանագրությունների պատճենները

Սագարեջոյում ընտրություններն անցել է անցյալ տարվա հոկտեմբերին։ Քվեարկության արդյունքում «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածու Թամար Խիդաշելին հավաքել էր ընտրողների 49,5% ձայները, իսկ ընդդիմադիր «Հայրենասերների դաշինք» կուսակցության թեկնածու Իրմա Ինաշվիլին 3,67% -ով զիջել էր Թամար Խիդաշելիին։ Պարտված կուսակցությունը հայտարարել էր, որ քվեարկության արդյունքերի վրա ազդել է Մուխրովանիի ռազմաբազայում ծառայող զինծառայողների քվեարկելը, ինչպես նաև պաշտպանության նախարարի՝ քվեաթերթիկերը հաշվելու գործընթացին մասնակցելը։

Մարտի 2-ին էլ «Ռուսաթվի-2» հեռուստաընկերության «Արչեվանի» (Ընտրություն) հաղորդման ընթացքում հաղորդավարը հայտարարում է, որ 2016 թ.-ին Գոգի Թոփաձեի «Կազբեգի» ընկերությունը պարտվել է պաշտպանության նախարարության հայտարարած տենդերում։ «2 տարի Թոփաձեի ընկերությունը վրաստանյան բանակին մատակարարել է ոչ ալկոհոլային խմիչք (լիմոնադ)։ Պետական գնումների պաշտոնական փաստաթղթերում նշված է, որ 2014 թվականին ընկերությունը տենդերից ստացել է 880 000 լարի (350 հազար ԱՄՆ դոլար մարտի 3-ի արժեքով), 2015թ.-ին՝ 420 000 հազար լարի (163 000 ԱՄՆ դոլար)։ 2016 թվականի տենդերին արդեն «Կազբեգին» պարտվել է և մեկ այլ ընկերություն է մատակարարելու խմիչքը»,— հայտարարում է հաղորդավարը՝ պաշտպանության նախարարից հարցնելով, թե արդյո՞ք հնարավոր է հակասության պատճառը Թոփաձեի ընկերության պարտվելն է։

Ըստ Խիդաշելիի՝ նա դրա մասին միայն նոր է իմանում, քանի որ տենդերի մասին հատուկ տեղեկություն չունի։

«Ես դրա մասին տեղյակ չեմ ու չեմ կարող հաստատել դա։ Նա թերևս գիտի դրա մասին։ Սա այն մասշտաբի գործոն չէ, որ այս ամենի պատճառը լիներ։ Սակայն երբ պահանջները հավաքվում են, կարող են իրենց դերն ունենալ»,— պատասխանել է Խիդաշելին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *