«Ռոսօբորոնէքսպորտն» Ադրբեջանին Տ-90Ս տանկերի տրամադրումը կավարտի 2015-ի սկզբին

Ադրբեջանում ընթացող ADEX-2014 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին մասնակցող ռուսաստանյան պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության պատվիրակության ղեկավար, ընկերության գլխավոր տնօրենի խորհրդական Էսեն Տոպոևը հայտնել է, որ ՌԴ-ն Ադրբեջանին 100 միավոր Տ-90Ս տանկերի տրամադրման գործընթացը կավարտի 2015-ի սկզբին։

«Տ-90» տանկերը։

Տ-90Ս տանկերը

Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ԻՏԱՐ ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Ըստ աղբյուրի՝ Տոպոևը հավաստիացրել է, որ հավելյալ խմբաքանակների տրամադրման մասին խոսք չի գնում։ «Մենք 2010-ին ստորագրել ենք մեծ փաթեթ, որն ընդգրկում է սպառազինությունների մի շարք տեսակներ։ Դրանց տրամադրման ժամկետները տարբեր են, մի մասը մենք փոխանցել ենք այս տարի, մի մասը՝ անցյալ, իսկ մի մասն էլ կավարտենք 2015-ին։ Ընդհանուր առմամբ տրամադրման գործընթացը տևելու է մինչև 2017-ը ներառյալ»,-ընդգծել է Տոպոևը։

Նկատենք, որ Ղազախստանում 2014-ի մայիսին կայացած KADEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինն «ԻՏԱՐ ՏԱՍՍ»-ին մեկնաբանել էր, որ ՌԴ-ն արդեն իսկ ավարտել է Ադրբեջանին 100 միավոր Տ-90Ս տանկերի տրամադրման գործընթացը, հնարավոր է ևս 100-ի փոխանցումը, սակայն նույն ցուցահանդեսին մասնակցող, Տ-90 տանկերի արտադրող ռուսաստանյան «Ուրալվագոնզավոդ» ընկերության ներկայացուցիչների փոխանցմամբ՝ Ադրբեջանը միայն 2014 օգոստոսին պետք է ստանար Տ-90Ս տանկերի հերթական խմբաքանակը՝ 30 միավոր։ Այժմ էլ, փաստորեն, պարզվում է՝ օգոստոսին ավարտել չի հաջողվել, և ռուսաստանյան ընկերությունը մտադիր է գործընթացն ավարտին հասցնել գալիք տարվա սկզբին։

Հարկ է նշել՝ հստակ չէ նաև Ադրբեջանին փոխանցվելիք Տ-90Ս տանկերի քանակը։ Այսպես, համաձայն ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծությունների կենտրոնի» զեկույցի՝ 2011-ին Ադրբեջանը ՌԴ-ին  պատվիրել էր ոչ թե 100, այլ 94 միավոր Տ-90Ս տանկեր, մինչդեռ վերջին շրջանում ռուսաստանյան աղբյուրները բարձրաձայնում են 100 միավոր տանկերի մասին։

Ադրբեջանի ստացած Տ-90Ս տանկերի խմքանակի նկարներն առաջին անգամ ցանցում հայտնվեցին 2013-ի հունիսի 15-ին, իսկ արդեն հունիսի 26-ին դրանք ցուցադրվեցին Ադրբեջանի զինված ուժերի օրվան նվիրված զորահանդեսին։

Նշենք, որ  2014-ի մայիսի սկզբին հայտնի է դարձել՝ Ադրբեջանը նաև սույն տանկերի վարժասարքեր է պատվիրել։

Ադրբեջանը գործարկել է այս տանկերի ստացած առաջին խմբաքանակը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում կայացած զորավարժությունների ժամանակ։

Տ-90-ը հիմնական մարտական տանկ է, զանգվածը 46.5 տոննա է, տանկի վրա տեղադրված են 125 մմ 2Ա46Մ5 (արդիականացված 2Ա46) հարթափող թնդանոթ, ինչպես նաև թնդանոթին կցված ՊԿՏ 7.62 մմ ու զենիթային ՆՍՎՏ կամ Կորդ 12,7 գնդացիրներ։

Տանկն ունի 1000 ձիաուժ հզորությամբ Վ-92 շարժիչ, այն անցանելիության չափորոշիչներով ոչնչով չի գերազանցում Տ-72 տանկերին։

Հավելենք, որ Հնդկաստանը 2014-ի մարտի սկզբին մրցույթ էր հայտարարել ՌԴ-ից գնած 600 միավոր Տ-90 տանկերի արդիականացման համար, քանի որ դրանք ունեին թերություններ և չէին բավարարում Հնդկաստանի ԶՈւ պահանջներին:

Ուշագրավ է, որ ՌԴ-ն Տ-90-ների փոխարեն հիմա նախապատվությունը տալիս է Տ-72-ի արդիականացումներին։

One response to “«Ռոսօբորոնէքսպորտն» Ադրբեջանին Տ-90Ս տանկերի տրամադրումը կավարտի 2015-ի սկզբին

  1. Pingback: Ռուսաստանի՝ Ադրբեջանին չմատակարարած սպառազինությունը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *