«Ուրալվագոնզավոդը» փոխանցում է՝ Ադրբեջանը դեռ չի ստացել նախատեսված Տ-90Ս տանկերից 30-ը

Տ-90 տանկերի արտադրող ռուսաստանյան «Ուրալվագոնզավոդ» ընկերության ներկայացուցիչների փոխանցմամբ՝ Ադրբեջանը միայն օգոստոսին է ստանալու Տ-90Ս տանկերի հերթական խմբաքանակը՝ 30 միավոր, մինչդեռ ավելի վաղ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինը հայտարարել էր՝ ՌԴ-ն ավարտել է Ադրբեջանին 100 միավոր Տ-90Ս տանկերի տրամադրման գործընթացը։
Ըստ «Ուրալվագոնզավոդ» ընկերության ներկայացուցիչների՝ տանկերը պետք է փորձարկվեն ընկերության մասնագետների մասնակցությամբ։

«Տ-90» տանկերը։

«Տ-90» տանկերը։

Ներկայացուցիչներն ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությանը մեկնաբանել են, որ օրերս մամուլում շրջանառվող, Ադրբեջանի համար նախատեսված 100 միավոր Տ-90Ս-երը դեռևս 2011-ի պայմանագրի շրջանակներում են տրամադրվում, խոսքը հավելյալ պատվերի մասին չէ։

Ընկերության ներկայացուցիչներն ընդգծել են, որ ներկա դրությամբ Ադրբեջանն «Ուրալվագոնզավոդի» պատվիրատուների շարքում առաջատարն է։

Նկատենք, որ Կոնստանտին Բիրյուլինը մայիսի 23-ին ռուսաստանյան «ԻՏԱՐ ՏԱՍՍ» լրատվական գործակալությանն ասել էր՝ ՌԴ-ն արդեն իսկ ավարտել է Ադրբեջանին 100 միավոր Տ-90Ս տանկերի տրամադրման գործընթացը, հնարավոր է ևս 100-ի փոխանցումը։

Բիրլյուլինի խոսքերով՝ Տ-90Ս-երի խմբաքանակի տրամադրումն ավարտել են մոտ մեկ ամիս առաջ՝ 2014-ի ապրիլի կեսերին։ Բացի բուն պայմանագրից, նրա վկայությամբ, գոյություն ունի նաև օպցիոն, որը ենթադրում է ևս 100 միավոր նման տանկերի փոխանցում, սակայն երկրորդ խմբաքանակի համար պայմանագիր դեռևս չի կնքվել։

Բիրյուլինը հավելել է՝ պայմանագիրը կնքվել էր 2011-ին, ծրագրում էին այն կատարել-ավարտել ավելի վաղ, սակայն ժամկետները ձգձգվեցին Ադրբեջանի՝ ժամանակին վճարումները չկատարելու պատճառով։

Այսպիսով, ադրբեջանական ԱՊԱ-ն և ռուսաստանյան «ԻՏԱՐ ՏԱՍՍ»-ն իրարամերժ տեղեկություններ են ներկայացնում։ Բարդ է ասել՝ դրանցից որն իրականության հետ աղերսներ ունի։ Այնուհանդերձ, համաձայն ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծությունների կենտրոնի» զեկույցի՝ 2011-ին Ադրբեջանը ՌԴ-ին  պատվիրել էր ոչ թե 100, այլ 94 միավոր Տ-90Ս տանկեր: Տանկերի տրամադրումը 2013-ի դրությամբ իրոք ուշանում էր։ Ադրբեջանի ստացած Տ-90Ս տանկերի խմքանակի նկարներն առաջին անգամ ցանցում հայտնվեցին 2013-ի հունիսի 15-ին, իսկ արդեն հունիսի 26-ին դրանք ցուցադրվեցին Ադրբեջանի զինված ուժերի օրվան նվիրված զորահանդեսին։

Նշենք, որ  2014-ի մայիսի սկզբին հայտնի է դարձել՝ Ադրբեջանը նաև սույն տանկերի վարժասարքեր է պատվիրել։

Ադրբեջանը գործարկել է Տ-90Ս տանկերի ստացած առաջին խմբաքանակը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում վերջերս կայացած զորավարժությունների ժամանակ։

Տ-90-ը հիմնական մարտական տանկ է, զանգվածը 46.5 տոննա է, տանկի վրա տեղադրված են 125 մմ 2Ա46Մ5 (արդիականացված 2Ա46) հարթափող թնդանոթ, ինչպես նաև թնդանոթին կցված ՊԿՏ 7.62 մմ ու զենիթային ՆՍՎՏ կամ Կորդ 12,7 գնդացիրներ։

Տանկն ունի 1000 ձիաուժ հզորությամբ Վ-92 շարժիչ, այն անցանելիության չափորոշիչներով ոչնչով չի գերազանցում Տ-72 տանկերին։

Հավելենք, որ Հնդկաստանը 2014-ի մարտի սկզբին մրցույթ էր հայտարարել ՌԴ-ից գնած 600 միավոր Տ-90 տանկերի արդիականացման համար, քանի որ դրանք ունեին թերություններ և չէին բավարարում Հնդկաստանի ԶՈւ պահանջներին:

Ուշագրավ է, որ ՌԴ-ն Տ-90-ների փոխարեն հիմա նախապատվությունը տալիս է Տ-72-ի արդիականացումներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *