Ռուսաստանի՝ Ադրբեջանին չմատակարարած սպառազինությունը

Մարտի երկուսին ՌԴ փոխվարչապետն անսպասելիորեն այցելել է Բաքու: Ինչպես հայտնել ենք, խնդիրն այն է, որ Ադրբեջանը չի վճարել Ռուսաստանից պատվիրած սպառազինության մի մասի համար, վերջինս էլ Ադրբեջանին չի հանձնում Բաքվի նավահանգիստ հասած ու դեռ չբեռնաթափված տեխնիկան: Ստորև ներկայացնում ենք, թե կոնկրետ որ զինատեսակներն են, որ դեռ չեն փոխանցվել Ադրբեջանին:

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը. Բաքու, 3 մարտի 2016թ.

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը. Բաքու, 3 մարտի 2016թ.

ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինի այս այցի մասին հայտնած ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականը նշում է՝ որպես արդեն ավարտված գործարք, Ադրբեջանին Մի-17Վ-1 ուղղաթիռների մատակարարումը: Հայտնի է, որ 2008–10 թթ. կնքված պայմանագրերով Ռուսաստանն այդ ուղղաթիռներից ընդհանուր առմամբ 66 միավոր պիտի փոխանցեր Ադրբեջանի զինված ուժերին, ՆԳ, ԱԻ նախարարություններին և սահմանապահ պետական ծառայությանը:

Ինչ վերաբերում է չմատակարարված սպառազինությանը, ապա ըստ «Կոմերսանտի»՝ Ադրբեջանին մնացել է մատակարարել «որոշ քանակի տանկեր, հետևակի զրահամեքենաներ և մի քանի տեսակի հրետանային միջոցներ»:

Մատակարարումների ուշացումը հավանաբար վերաբերում է 2011 թ. ռուս-ադրբեջանական խոշոր գործարքով նախատեսված սպառազինության մի մասին: Հենց այդ ժամանակ է Ադրբեջանը մոտ 1,3 մլրդ դոլարի տանկեր, հետևակի մարտական մեքենաներ ու հրետանային միջոցներ պատվիրել Ռուսաստանից:

Գործարքի առանձին կետերն են.

Տ-90 տանկ (պատվիրել են 94 միավոր). 2014-ի սեպտեմբերին Ռուսաստանյան զենքի պաշտոնական արտահանող «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության ներկայացուցիչը հայտարարել էր, որ իրենք 2015-ի սկզբին ավարտելու են Ադրբեջանին Տ-90 տանկերի մատակարարումը: 2015-ի հոկտեմբերին էլ հայտնի դարձան ՄԱԿ սովորական սպառազինությունների ռեգիստրի տվյալները, ըստ որոնց՝ 2014թ. ընթացքում Ռուսաստանը Ադրբեջանին փոխանցել է 65 միավոր տանկ: Այս տանկերի որոշակի քանակ էլ Ադրբեջանին տրամադրվել է 2013-ին. ստանալուց օրեր անց դրանք ցուցադրվել են Բաքվի զորահանդեսում: Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» (ЦАМТО) տվյալներով՝ 2015-ին նախատեսվում էր մատակարարել մնացած 19 միավորը: Եթե հավատանք «Կոմերսանտի» հրապարակմանը, ապա այս տանկերի մի մասն այնուամենայնիվ դեռ չի հանձնվել Ադրբեջանին:

Ադրբեջանի ԶՈւ Տ-90Ս տանկը՝ 2013-ի հունիսի 26-ին Բաքվում անցկացված զորահանդեսի ժամանակ

Ադրբեջանի ԶՈւ Տ-90Ս տանկը՝ 2013-ի հունիսի 26-ին Բաքվում անցկացված զորահանդեսի ժամանակ

ԲՄՊ-3 ՀՄՄ (պատվիրել են 91 միավոր). ՄԱԿ ռեգիստրի նույն տվյալներով՝ 2014-ին Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է նաև 78 միավոր հետևակի մարտական մեքենա: Բացի այդ, այս մեքենաների որոշ խմբաքանակ Բաքուն ստացել է նաև 2013-ին: Մնացած խմբաքանակի վերաբերյալ ՀՄՄ-ներն արտադրող ընկերության ներկայացուցիչը 2015-ի դեկտեմբերին հայտարարել է, որ դրանք Ադրբեջանին են մատակարարվելու 2016-ին: Կարելի է ենթադրել, որ այս պահի դրությամբ ոչ բոլոր ԲՄՊ-3 մեքենաներն են փոխանցվել Ադրբեջանին:

Հրետանի. 2011 թ. Ադրբեջանի պատվիրած հրետանային, այդ թվում՝ ռեակտիվ հրետանային, զինատեսակներից են.

  • «Մստա-Ս» ինքնագնաց հաուբից (պատվիրված էր 18 միավոր, նախատեսված էր մատակարարել 2013 թ.)
  • «Վենա» ինքնագնաց հրանոթ / ականանետ (18 միավոր, 2013 թ.)
  • «Սմերչ» ՀԿՌՀ (18 միավոր, 2012 թ.)
  • «Սոլնցեպյոկ» ծանր հրանետ (12 միավոր, 2013–14 թթ.)
  • 2Բ24/2Բ11 ականանետներ (400 միավոր, 2013 թ.)

Հրետանային զինատեսակների որոշ խմբաքանակ նույնպես մատակարարվել է 2013 թ., սակայն դրանց ամբողջական ստացումը հավաստող որևէ տեղեկություն բաց աղբյուրներից չենք գտել:

Ռուսաստանից Ադրբեջանի ստացած ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետները և «ԲՄՊ-3» հետևակի մարտական մեքենաները. հունիս 2013թ.

Ռուսաստանից Ադրբեջանի ստացած ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետները և «ԲՄՊ-3» հետևակի մարտական մեքենաները. հունիս 2013թ.

Այսպիսով, ավելի վաղ հայտնի դարձած տվյալները «Կոմերսանտի» տեղեկությունների հետ համադրելով՝ կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանի պատվիրած տանկերի, հետևակի մարտական մեքենաների և հրետանային միջոցների մի մասն իրոք դեռ չի մատակարարվել Ադրբեջանին, ինչի շուրջ էլ երեկ Բաքվում բանակցել են Ռուսաստանի փոխվարչապետը և Ադրբեջանի ղեկավարությունը:

6 responses to “Ռուսաստանի՝ Ադրբեջանին չմատակարարած սպառազինությունը

  1. If all the above armament is been agreed in principle to be delivered to Azerbaijan for several billions of dollars , how can 200 million worth of armament frighten the the AZERIES even if those supplies were calculated at manufacturing cost….I see no reason AZERIES to be frightened.

  2. Pingback: Զենքի դիմաց վճարումների ուշացման վերաբերյալ ռուս-ադրբեջանական բանակցությունների արդյունքը | Ռազմ.info

  3. Qani der anvognashar mardik en gekavarum Hayastani, urish ban mi spaseq.

  4. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 28 փետրվարի – 5 մարտի, 2016 | Ռազմ.info

  5. Pingback: Ֆինանս չլինելու պատճառով Բաքուն ԲՄՊ-3 մեքենաները 2016-ի փոխարեն կստանա 2018-ին | Ռազմ.info

  6. Pingback: Ադրբեջանի ռազմական ոլորտում 2016-ի կարևոր իրադարձությունները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *