Զենքի դիմաց վճարումների ուշացման վերաբերյալ ռուս-ադրբեջանական բանակցությունների արդյունքը

Բաքու այցից և Ադրբեջանի նախագահին հանդիպելուց հետո՝ մարտի 3-ին, Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Թվիթերում գրել է, որ «կողմերը հաստատեցին, որ պատասխանատու և հուսալի գործընկերներ են այնպիսի զգայուն ոլորտում, ինչպիսին ռազմատեխնիկական համագործակցությունն է»:

Այս հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ Բաքվում բանակցությունների ընթացքում Ռուսաստանն ու Ադրբեջանն ամենայն հավանականությամբ համաձայնության են հասել, և Ադրբեջանը վճարելու է պատվիրած սպառազինության համար:

Բանակցությունների թեմայով առավել մանրամասն հայտարարություններ չեն եղել ինչպես ռուսաստանյան, այնպես էլ ադրբեջանական պաշտոնական աղբյուրներում:

Իսկ բուն խնդիրը ծագել էր Ադրբեջանի՝ պատվիրած սպառազինության համար համապատասխան վճարումներն ուշացնելու պատճառով: Հենց այս թեմայով Ադրբեջանի ղեկավարության հետ բանակցելու համար Ռոգոզինը մարտի 3-ին չնախատեսված այցով մեկնել էր Բաքու:

Հատկանշական է, որ նույն օրը՝ մարտի 3-ին, ավելի վաղ հրապարակվել է Ադրբեջանի 2016թ. բյուջեում փոփոխություններ անելու մասին օրենքը, ըստ որի՝ Ադրբեջանը հավելյալ 320 մլն ադրբեջանական մանաթ (մոտ 200 մլն դոլար այսօրվա պաշտոնական փոխարժեքով) ուղղել է «պաշտպանական ոլորտում նյութատեխնիկական ապահովման ամրապնդմանը» (մինչ այդ այս կետով նախատեսված ծախսերին ուղղված էր ընդամենը 20 մլն մանաթ): Հնարավոր է, որ այս գումարը նախատեսված է հենց Ռուսաստանից գնած սպառազինության դիմաց վճարումների համար:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի պատվիրած զենքի վճարումների ուշացմանը, ապա ըստ ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականի՝ Բաքուն ուշացրել է «որոշ քանակի տանկերի, հետևակի զրահամեքենաների և մի քանի տեսակի հրետանային միջոցների» վճարումները: Արդյունքում Ռուսաստանը սպառազինությունը նավերով հասցրել է Ադրբեջան, սակայն չի փոխանցել Ադրբեջանին: Թե ավելի կոնկրետ ինչ սպառազինություն դեռ չի հանձնվել Ադրբեջանին, Ռազմինֆոն վերլուծել է «Ռուսաստանի՝ Ադրբեջանին չմատակարարած սպառազինությունը» հոդվածում:

One response to “Զենքի դիմաց վճարումների ուշացման վերաբերյալ ռուս-ադրբեջանական բանակցությունների արդյունքը

  1. Pingback: Ադրբեջանի ռազմական ոլորտում 2016-ի կարևորագույն իրադարձությունները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *