Հակառակորդը փորձում է սրել իրավիճակն առաջնագծում․ Սենոր Հասրաթյան

Այսօր՝ մարտի 5-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն և տեսանյութ, ըստ որոնց՝ մարտի 4-ին իրենք ականանետերով կրակել են դիվերսիայի պատրաստվող հայկական ուժերի ուղղությամբ, ինչից հայկական կողմը մարդկային կորուստներ ունի։

Ռազմինֆոյի հետ զրույցում Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը հերքեց հայկական կողմի կորուստների մասին տեղեկությունը և ավելացրեց, որ ադրբեջանական կողմը փորձում է սրել իրավիճակն առաջնագծում։

Սենոր Հասրաթյանը մանրամասնեց, որ թշնամին խախտել է առաջնագծում որոշ ժամանակ առաջ եղած հարաբերական հանգիստը՝ ոչ միայն երեկ, այլև արդեն մի քանի օր կրակելով տարբեր տրամաչափի ականանետերով։

Ադրբեջանական կողմը տեսանյութի հետ տարածած հաղորդագրության մեջ նշում է, որ դա իրենց պատասխանն է եղել նախօրեին հայկական կողմի դիվերսիային։ Նշենք, որ մարտի 4-ին ադրբեջանական ՊՆ-ն տարածել էր հաղորդագրություն, թե մարտի լույս 4-ի գիշերը հայկական կողմը դիվերսիա է արել առաջնագծում։ Հաղորդագրությանը կից լուսանկարում իբր հայկական կողմի դիվերսանտների թողած իրերն էին՝ զրահաբաճկոնի զրահի կտոր, դանակներ։

Նույն մարտի 4-ին Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությանն արձագանքելով՝ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքել էր այդ տեղեկությունը՝ նշելով, որ ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունն ուղղված է առաջնագծում իրավիճակը լարելուն։ ՊՆ մամուլի խոսնակն ավելացրել էր, որ հակառակորդն ինքն է ինտենսիվացնում կրակոցները։

Նույնը կարելի է տեսնել նաև Պաշտպանության բանակի վերջին օրերի հաղորդագրություններից։ Եթե փետրվարի վերջին ադրբեջանական կողմը կրակում էր միայն հրազենով, ապա մարտի լույս 1-ի գիշերը ադրբեջանցիները 1 անգամ կրակել են 60 մմ ականանետով, այնուհետ մարտի լույս 4-ի գիշերը կրակել են ԱԳՍ-17 նռնականետով (3 արկ)։ Իսկ արդեն մարտի լույս 5-ի գիշերը ադրբեջանցիները կրակել են 60 և 82 մմ ականանետերով (26 արկ) և ԱԳՍ-17 նռնականետով (2 արկ)։

One response to “Հակառակորդը փորձում է սրել իրավիճակն առաջնագծում․ Սենոր Հասրաթյան

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 28 փետրվարի – 5 մարտի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *