Ադրբեջանի նախագահի վավերացմամբ՝ փետրվարի 23-ին փոփոխվել և մարտի 2-ին հրապարակվել է երկրի 2016թ. բյուջեի մասին օրենքը: Վերաբաշխումներ են կատարվել նաև բյուջեի՝ պաշտպանական ծախսերին վերաբերող հատվածներում (աղյուսակը ստորև):
Ռազմական ծախսերը բյուջեի հին ու նոր տարբերակներում
Մասնավորապես՝ 2015թ. դեկտեմբերի 7-ին ընդունված նախագծով երկրի պաշտպանական ծախսերի համար նախատեսվում էր մոտ 1,84 մլրդ ադրբեջանական մանաթ (ընդունման օրվա պաշտոնական փոխարժեքով 1,75 մլրդ ԱՄՆ դոլար): Փոփոխություններից հետո 2016-ի փետրվարի 23-ին ընդունված տարբերակով պաշտպանական բյուջեն հասել է 2,22 մլրդ մանաթի (ընդունման օրվա պաշտոնական փոխարժեքով 1,43 մլրդ դոլար): Փաստորեն դոլարային արտահայտությամբ Ադրբեջանի պաշտպանական բյուջեն կրճատվել է մոտ 18 տոկոսով։
Ինչ վերաբերում է մանաթով հաշվարկին, ապա նոմինալ փոփոխությունը պայմանավորված է պաշտպանական բյուջեի՝ երկու կետերով ծախսերի ավելացմամբ: Այսպես. «Պաշտպանական ոլորտում նյութատեխնիկական ապահովման ամրապնդում» կետով բյուջեն 20 մլն մանաթից հասել է 340,1 մլն մանաթի: Եվս մոտ 71 մլն մանաթ հատկացվել է աշխատավարձերի բարձրացմանը, ինչը բյուջեի՝ 2015թ. դեկտեմբերի տարբերակում ընդհանրապես նախատեսված չէր:
Ու թեև Ադրբեջանի նախագահի՝ հունվարի 19-ի հրամանագրերով զինված ուժերի և այլ ուժային կառույցների ծառայողների աշխատավարձերը բարձրացվել են 10 տոկոսով (վերը նշված 71 մլն մանաթ հատկացնելը), սակայն այդ բարձրացումը կեղծ է, քանի որ բյուջեի երկու տարբերակների միջև ընկած ժամանակահատվածում (07.12.2015-23.02.2016) մանաթի գնողունակությունը դոլարի նկատմամբ նվազել է մոտ 33 տոկոսով:
Ավելին, հունվարի 15-ին ադրբեջանական «Խազար» ընդդիմադիր կենտրոնը հրապարակել էր տվյալներ, ըստ որոնց՝ ադրբեջանցի զինծառայողների աշխատավարձերն 30-50 տոկոսով նվազեցվում են: Դրան հետևեց պաշտոնական հերքումը, ըստ որի՝ փոփոխությունների արդյունքում հաստիքացուցակներում որոշ կրճատումների հաշվին մյուս զինծառայողների աշխատավարձերը բարձրացվելու են:
Սակայն արդեն հունվարի 16-ին հայտնի դարձավ, որ աշխատավարձի նվազում այնուամենայնիվ կար. այսպես, առաջնագծում և պահեստային զորամասերի զինծառայողները ստանում էին կրկնակի դրույքով աշխատավարձեր, իսկ ահա փոփոխություններից հետո պահեստային զորամասերի զինծառայողների աշխատավարձերն իջեցվեցին մինչև 1,5 դրույք: Այն զինծառայողներին, որոնք ուզում էին կրկնակի դրույքով աշխատավարձ, առաջարկվում էր ծառայության անցնել առաջապահ զորամասերում:
2015թ. բյուջեի հետ համեմատությունը
2015թ. պաշտպանական բյուջեի (մոտ 1,78 մլրդ մանաթ) համեմատ 2016թ. պաշտպանական բյուջեն աճել է 450 մլն մանաթով: Սակայն եթե հաշվի առնվի մանաթի արժեզրկումը, ապա դոլարային արտահայտությամբ կստացվի, որ 2015-ի պաշտպանական բյուջեն, դրա ընդունման օրվա պաշտոնական փոխարժեքով, եղել է 2,26 մլրդ դոլար, իսկ 2016-ի բյուջեն ընդունման օրվա պաշտոնական փոխարժեքով 1,43 մլրդ դոլար է: (2014-ի դեկտեմբերի 24-ին՝ 2015-ի բյուջեն հաստատելիս ադրբեջանական 1 մանաթը պաշտոնապես արժեցել է 1,27 դոլար, իսկ 2016 փետրվարի 23-ին՝ 2016-ի բյուջեն փոփոխելիս, 1 մանաթն արժեցել է 0,64 դոլար):
Կստացվի, որ դոլարային արտահայտությամբ Ադրբեջանի պաշտպանական բյուջեն նախորդ տարվա համեմատ 40 տոկոսով նվազել է: Այս նվազումը մասամբ մեղմվում է այն հանգամանքով, որ բյուջեի ոչ բոլորն ծախսերն են դոլարով արվում:
Ադրբեջանի պաշտպանական բյուջեի բաշխումը և 2015-2016 թվականների բյուջեների համեմատությունը ներկայացնում ենք աղյուսակով (թվերը ներկայացված են մանաթով).
Ոլորտը | 2016 (ընդունված 23․02․2016) | 2016 (ընդունված 07.12.2015) | 2015 (ընդունված 24․12․2014) | |||
1. | Պաշտպանություն | 2 228 834 663 | 1 837 821 237 | 1 778 529 044 | ||
1. | 1. | Պաշտպանության ուժեր | 2 114 496 387 | 1 723 482 961 | 1 651 220 836 | |
1. | 1. | 1. | Պաշտպանության նախարարություն | 1 463 003 900 | 1 463 003 900 | 1 255 185 738 |
1. | 1. | 2. | Պետական սահմանապահ ծառայություն | 210 919 132 | 210 919 132 | 157 645 847 |
1. | 1. | 3. | Զորահավաքի և զորակոչի պետական ծառայություն | 20 159 929 | 20 159 929 | 22 473 696 |
1. | 1. | 4. | Պետության պաշտպանական պոտենցիալի ամրապնդում | — | — | 152 014 055 |
1. | 1. | 5. | Պաշտպանական ոլորտում նյութատեխնիկական ապահովման ամրապնդում | 340 100 000 | 20 000 000 | 20 000 000 |
1. | 1. | 6. | Պաշտպանական ոլորտում պետբյուջեից ֆինանսավորվող կառույցների արտաբյուջետային ծախսեր | 9 400 000 | 9 400 000 | 11 280 000 |
1. | 1. | 7. | Պաշտպանական ոլորտում աշխատավարձային համակարգի կատարելագործում և այլ սոցիալական միջոցառումներ | 70 913 426 | — | 32 621 500 |
1. | 2. | Ազգային անվտանգություն | 108 894 688 | 108 894 688 | 121 089 332 | |
1. | 2. | 1. | Պետական անվտանգության ծառայության և Արտաքին հետախուզական ծառայության գործունեության ֆինանսավորում | 108 894 688 | 108 894 688 | 121 089 332 |
1. | 3. | Պաշտականական և անվտանգության ոլորտներում կիրառական հետազոտություներ | 2 422 012 | 2 422 012 | 2 831 126 | |
1. | 3. | 1. | Պաշտպանական արդյունաբերության նախարարություն | 2 422 012 | 2 422 012 | 2 831 126 |
1. | 4. | Այլ կատեգորիաների մեջ չմտնող ծախսեր | 3 021 576 | 3 021 576 | 3 387 750 | |
1. | 4. | 1. | Պաշտպանական արդյունաբերության նախարարություն | 3 021 576 | 3 021 576 | 3 387 750 |
Pingback: Ռուսաստանի պաշտպանական բյուջեն կրճատվելու է 5%-ով | Ռազմ.info
Pingback: Ադրբեջանի ռազմական բյուջեն կարող է շուրջ 27 տոկոսով նվազել | Ռազմ.info