Իրաքի կառավարությունը Թուրքիայից պահանջում է դուրս բերել զորքերն իր տարածքից

Իրաքի կառավարությունը Թուրքիայից պահանջում է պահպանել բարիդրացիական հարաբերությունները, հարգել Իրաքի ինքնիշխանությունը և դուրս բերել նախօրեին Իրաք ուղարկած շուրջ 150 հատուկջոկատայիններին և զրահատեխնիկան: Այս մասին հայտնում է Իրաքի կառավարության կայքը:

Թուրքիայի ԶՈւ ուղղաթիռները թուրք-իրաքյան սահմանի մոտ. 2015-ի ապրիլ

Թուրքիայի ԶՈւ ուղղաթիռները թուրք-իրաքյան սահմանի մոտ. 2015-ի ապրիլ

Իրաքի կառավորթւյան տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Թուրքիան՝ Իրաքի զորքերին մարզելու պնդումներից ելնելով՝ շուրջ մեկ գումարտակ, ինչպես նաև տանկեր ու հրետանի է տեղակայել Իրաքի տարածքում՝ առանց այդ երկրի իշխանությունների թույլտվության: «Դա Իրաքի ինքնիշխանության կոպիտ խախտում է», —  նշված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Թուրքիայի զինված ուժերը շուրջ 150-հոգանոց հատուկջոկատայինների գումարտակ, ինչպես նաև տանկեր էին տեղակայել Իրաքի Մոսուլ քաղաքի մոտակայքում՝ քրդական ինքնավարության Փեշմերգե զինված ուժերին, ինչպես նաև Իրաքի կառավարական ուժերին մարզելու պատրվակով:

Հավելենք, որ օրերս Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Աբադին հայտարարել էր, որ Իրաքը ոչ մի պետությունից չի խնդրել ցամաքային ուժեր ուղարկել, և նման գործողությունը կդիտվի որպես «թշնամական ակտ»։